Սեպտեմբերին Երևանի փողոցներ դուրս կգան 161 նոր ավտոբուսներ

Սեպտեմբերին Երևանի փողոցներ դուրս կգան 8,6 մետրանոց 161 նոր ավտոբուսներ, «Ազատությանն» այսօր փոխանցեց Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

Դեկտեմբերին հայտարարված այս ավտոբուսների ձեռք բերման մրցույթն ամփոփվել է, մասնակցել են երեք ընկերություններ, գնահատող հանձնաժողովն երեկ արդեն ընտրել է հաղթողին։

Մինչ այդ անփոփոխ՝ 100 դրամ սակագնով Երևանում արդեն շահագործվում են նոր ձեռք բերված 100 փոքր ավտոբուսներից 10-ը։ Երևան է բերվել դրանցից առայժմ 40-ը, մյուս 60-նը, ըստ պայմանագրի, տեղ կհասնի մինչև մարտ։

Ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասում է՝ այս նոր փոքր ավտոբուսները սովորական «Գազելներ» են, իսկ տրանսպորտային նոր ցանցի ծրագրում «Գազելների» մասին խոսք չի եղել։ Խաժակյանը հարց է բարձրացնում․ ինչու՞ են ավտոբուսների փոխարեն դրանք հայտնվել մայրաքաղաքի փողոցներում։

Պատասխանում է փոխքաղաքապետ Սարգսյանը․ - «Երևան համայնքում կան որոշ վայրեր, օրինակ՝ Սարի թաղը, Նորք-Մարաշը և տարբեր այլ վայրեր, որտեղ այդ 7,5-8,5 մետրանոց ավտոբուսները չեն կարող աշխատել։ Դա էր պատճառը, որ որոշում կայացվեց ձեռք բերել ավելի փոքր երկարության ավտոբուսներ»։

Երևանի նոր տրանսպորտային ցանցի համար պահանջվող գումարը մոտավոր հաշվարկով 150-200 մլն դոլար է։ Փոխքաղաքապետի խոսքով, իրենք ևս մեկ մրցույթի տարբերակ են քննարկում, որով ձեռք կբերվի շուրջ 140 7,5-8,5 մետրանոց ավտոբուս։

Ընդհանուր առմամբ Երևանի նոր տրանսպորտային ցանցում նախատեսված է շահագործել շուրջ 880 ավտոբուս։ Փոխքաղաքապետ Սարգսյանի խոսքով, վերափոխման կարիք ունեցող Երևանի երթուղային ցանցից բացի, կլինի նաև միջանկյալ ցանց, որի շրջանակներում ուղևորները կարիք չեն ունենա քաղաքի մի ծայրից մյուս ծայրը հասնելու համար մեկից ավելի տրանսպորտ փոխել։ «Սա 55 տոկոս և ավելի դեպքերում»,- հավելեց Սարգսյանը։ - «Բայց ընդհանուր առմամբ, վերջնական երբ որ մենք ունենանք երթուղային ցանցը, այսինքն՝ 18 մետրանոց ավտոբուսներով համալրված, 12, 7,5-8․5, տրամաբանությունը այնպես է դրված, որ դեպքեր կլինեն, որ քաղաքացիները մի տեղ տեղափոխվելու համար պետք է տեղփոխ իրականացնեն՝ իհարկե վճարելով մեկ անգամ»։

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով, այս քայլերով քաղաքային իշխանությունը չի կարող համարել, որ լուծում է մայրաքաղաքի տրանսպորտի հարցը, ինչն ի դեպ քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական գլխավոր խոստումներից մեկն էր 2018-ին։ Խաժակյանի պնդմամբ, միայն նախորդ տարի, շուրջ 450 «Գազել» է գծերից հանվել՝ 15 տարվա մաշվածության հիմնավորմամբ։ Խաժակյանը կարծում է, որ ուղևորները կանգառներում ավելի երկար կսպասեն նոր ավտոբուսների ժամանմանը․ - «Նստատեղերի իմաստով գուցե կոմպենսացիան հասնի այդ 450-ին, բայց վստահաբար դրանով տրանսպորտի խնդիրը չի կարգավորվի։ Որովհետև, պատկերացրեք, եթե գալիս է 15 րոպեն մեկ մեկ «Գազել», ապա մեկ մեծ ավտոբուսով եթե փոխարինենք այդ 3-4 «Գազելները», բնականաբար ժամանակահատվածը էապես երկարելու է։ Նոր տրանսպորտային համակարգը եթե ներդրվեր, պատկերը բոլորովին այլ կլիներ, որովհետև այնտեղ ցանցը այլ է, և նոր լուծումներ է ենթադրում։ Այս պարագայում այն, ինչ որ իրենք գնել են այս տարիների համար, կարող է միայն կոմպենսացնել 2018 թվից հետո եղած վնասները։ Բայց 2018-ի համեմատ ընդհանուր տրանսպորտի պրոբլեմը լուծված համարել չի կարելի»։

Ավագանու նիստի ընդմիջանը սովորաբար քաղաքապետը ճեպազրույց է ունենում լրագրողների հետ։ Այսօր նրան հարցեր ուղղելու հնարավորություն չունեցանք, փոխարենը մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ մամուլը գրում է, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նշանակվելու է Չեխիայում ՀՀ դեսպան, առաջարկ եղե՞լ է, քաղաքապետի պաշտոնից հրաժարական տալու՞ է։

«Հայկ Մարությանի պաշտոնավարումից ի վեր դեղին մամուլում տարատեսակ բամբասանքներ են տարածվել քաղաքապետի հրաժարականի, պաշտոնը վաղաժամ լքելու և էդ տեսակի այլ լուրեր են տարածվել։ Երևանի քաղաքապետի իր պաշտոնը, իր մանդատը երևանցիներից ստացել է հինգ տարի ժամկետով և իր մանդատով սահմանված գործունեությունը ծավալում է։ Բազմաթիվ ծրագրեր կան, որոնք իրականացման ընթացքի մեջ են։ Իսկ դեղին մամուլի տարածած բամբասանքները թույլ տվեք չմեկնաբանել»։