Մատչելիության հղումներ

Խաժակյանը մեղադրում է իշխանությանը «Գազելների» համալրման համար, փոխքաղաքապետը պարզաբանում է


Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես է գալիս ասուլիսով, 31 օգոստոսի, 2020թ.
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը հանդես է գալիս ասուլիսով, 31 օգոստոսի, 2020թ.

«Ձեզ և մեզ, մեր հասարակությանը 1-2 տարի շարունակ ասում էին, որ նոր ավտոբուսներ, նոր ցանց, մինչդեռ իշխանությունը գնում է «Գազելների» պատվիրման»: Ինչո՞ւ հենց «Գազելներ», այլ ոչ թե եվրոպական արտադրության ավտոբուսներ, Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավարը հիմնավորում է ասածը, թե քաղաքապետարանի կողմից անցկացվող 100 նոր ավտոբուսների ձեռքբերման մրցույթի տեխնիկական բնութագիրը նույնն է, ինչ ռուսական «Գազ» ընկերության GAZelle City մակնիշի միկրոավտոբուսինը։

«Ամոթալի է որևէ քաղաքային իշխանության համար, երբ քո մասնավոր գծատերն անգամ չի համաձայնում «Գազել» գնել, և դու ստիպված ես համայնքային միջոցներով գնել դրանք, որոնք նոր տրանսպորտային ցանցում չեն կարող գործել, այսինքն` մեր նոր տրանսպորտային ցանցը բացառում է «Գազելները», - նշեց Խաժակյանը:

Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունում է՝ մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի նոր ցանցը մշակած բրիտանական WYG խորհրդատվական ընկերության հաշվետվության մեջ ներառված չեն եղել միկրոավտոբուսներ, ասում է՝ մինչդեռ փորձը ցույց է տվել, որ մայրաքաղաքը նաև դրա անհրաժեշտությունն ունի. - «Սարի թաղը լինի, Նորք Մարաշը լինի, հիմնականում մասնավոր սեկտորի տնային տնտեսությունները որտեղ որ կան, նույնիսկ այս Higer տիպի ավտոմեքենաները, որոնցով սպասարկում են Երևան համայնքում որոշ երթուղիներ, դրանք չեն կարողանում տեղաշարժվել, խնդիրներ ունեն կախված ֆիզիկական չափերից»:

Փոխքաղաքապետը նկատում է՝ նույն բնութագրիչները կարող են ունենալ նաև եվրոպական ընկերությունների արտադրած միկրոավտոբուսները. - «Օրինակ` նույն «Մերսեդեսը», նույնը «Ֆորդը», «Իվեկոն», տարբեր կազմակերպություններ իրենց ընթացքային մասի վրա կարողանում են տարբեր մեքենաներ հավաքել»:

Ըստ փոխքաղաքապետի՝ նոր միկրոավտոբուսների ձեռքբերման մրցույթի արդյունքները քաղաքապետարանը կամփոփի շաբաթավերջին։ Մոտ ժամանակներս նախատեսում են նաև 7.5-ից 8 մետր երկարությամբ 250-ից 300 ավտոբուսների ձեռքբերման մրցույթ հայտարարել։ Իսկ ինչո՞ւ չի կայացել ավելի վաղ հայտարարված 12 մետր երկարությամբ 100 ավտոբուսների մրցույթը, այդ մասին այսօր հրավիրված ասուլիսին բարձրաձայնել էր «Լույս» խմբակցության ղեկավարը. - «Ստացա մի այնպիսի տեխբնութագիր, որը խնդիր ստեղծեց ավտոարտադրողների համար: Եթե իրենք հստակ այնպիսի տեխբնութագիր կազմեին, որը բոլորի համար հնարավորություն կտար մասնակցելու, մենք կունենայինք լայն մասնակցություն»:

«Երկու ընկերություններ` գերմանական «Ման» կազմակերպությունն էր և չինական «Ժոնգ-թոնգ» կազմակերպությունը, մեկինը տեխնիկական պայմանները չեն համապատասխանել, դա չինական կազմակերպությանն էր վերաբերում, իսկ «Ման» կազմակերպությունը հիմնական փաստաթղթեր որպես այդպիսին` դիմում, այն ավտոմեքենան, որն իրենք առաջարկում են, պաշտոնական համապատասխան փաստաթուղթ կա, այդ ձևաչափով լրացրած չկար», - ասում է Հրաչյա Սարգսյանը:

Ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչը նաև բարձրաձայնում է ավելի քան 15 տարի շահագործվող միկրոավտոբուսների խնդրի մասին, նկատում՝ դրանք կառավարության որոշմամբ պետք է արդեն դուրս հանվեին ցանցից. - «Կամ պետք է այս 450 «Գազելները» գծերից դուրս գան, և մեր հայրենակիցների կյանքերը չվտանգվեն, կամ պետք է կառավարությունն այս որոշումը փոփոխի կամ լրացում կատարի և վերցնի իր վրա պատասխանատվությունը այն մասով, որ 15-ամյա այս «Գազելները» պետք է շահագործվեն մեր ցանցում»:

Քաղաքապետ Հայկ Մարությանն անցած տարի հայտարարել էր, որ 2020-ից գործող 900 միկրոավտոբուսներից 450-ը պետք է դադարեն գործել Երևանի տրանսպորտային ցանցում։ Փոխքաղաքապետն ասում է, որ այդ թիվն իրենց ուսումնասիրությունից հետո զգալի նվազել է։ Պարզվել է, որ որոշ ընկերություններ սեփական ցանցում շահագործվող միկրոավտոբուսների թիվն ավելի շատ են նշել, քան կա իրականում. - «Շարժակազմի քանակը համապատասխանեցրեցինք իրականությանը, որտեղ մի չափաբաժին իջավ, և ընթացքում տարբեր կազմակերպություններ այն ավտոբուսները, որոնց տարիքը 15 տարին լրանում էր, նրանք հնարավորություն են ունեցել, որպեսզի այդ միկրոավտոբուսների փոփոխություն իրականացնեն»:

Իսկ թե ե՞րբ մայրաքաղաքը կունենա ամբողջությամբ նոր տրանսպորտային ցանց, փոխքաղաքապետը չի շտապում հստակ ժամկետներ նշել: Նախնական 130-ից 150 միլիոն դոլար պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG