Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի գործով վկային տուժող ճանաչելու միջնորդության լուծումը

Երկրորդ նախագահ, սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, նրա նախկին ենթակաների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանն այսօր հետաձգեց վկա Բաբկեն Մկրտչյանին տուժող ճանաչելու վերաբերյալ միջնորդության լուծումը։

Այս հարցի վերաբերյալ Մկրտչյանի պաշտպան Զորայր Հարությունյանի դիմումը դատարանը ստացել էր դեռ 2019-ին։ Միջնորդության քննարկումը, սակայն, տեղի ունեցավ այսօր։ Պաշտպանի խոսքով՝ Բաբկեն Մկրտչյանը, որը 2008-ի մարտին ոստիկանության ներքին զորքերի ծառայող էր, արյունալի հետընտրական իրադարձությունների հետևանքով ստացել է բազմաթիվ մարմնական վնասվածքներ։

Փաստաբանն ասում է՝ Մարտի 1-ի գործից անջատված մասով իր վստահորդն ունի տուժողի կարգավիճակ, ուստի, ըստ փաստաբանի, նա այս գործով էլ այդ կարգավիճակը կարող է ստանալ։ Մեղադրող կողմը Մկրտչյանի պաշտպանի ներկայացրած միջնորդության կապակցությամբ առարկություններ չուներ:

Չնայած առարկողներ չկային, դատարանն, այդուհանդերձ, միջնորդության լուծումն այժմ անհնար համարեց, քանի որ Մկրտչյանն այս գործով դատակոչված է որպես վկա և պետք է ցուցմունք տա։ Ըստ դատավոր Դանիբեկյանի, միջնորդության լուծման համար անհրաժեշտ է անդրադառնալ գործի փաստական հանգամանքներին։

«Դատավորը հնարավոր չի գտնում լուծել Բաբկեն Մկրտչյանի մջնորդությունը նախքան գործի փաստական հանգամանքներին անդրադառնալը՝ հաշվի առելով, որ միայն վերոնշյալ հանգամանքները քննության առարկա դարձնելուց հետո դատարանը կարող է հետևության հանգել Բաբկեն Մկրտչյանին սույն քրեական գործով տուժող ճանաչելու հիմքերի առակյության կամ բացակայության մասին», - հայտարարեց Դանիբեկյանը։

Մարտի 1-ի գործով մի խումբ այլ տուժողներ, որոնց շարքերում են նաև զոհերի իրավահաջորդները, արդեն մի քանի ամիս է չեն մասնակցում դատական նիստերին՝ պատճառաբանելով, որ դատավարությունը վերածվել է «թանկարժեք ժամավաճառության և ֆարսի»։

Մեկ ու կես տարի տևող դատավարությունը դեռ չի հասել Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին ենթակաների գործի բուն քննությանը։ Դատարանը մինչ այս տարատեսակ միջնորդություններ է քննել։ Բաբկեն Մկրտչյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունն այսօր միակը չէր։ Փաստաբան Միհրան Պողոսյանը միջնորդեց վերացնել այս գործով մեղադրվող 2008-ին Երևանի կայազորի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ գրավը։ Դատարանը լսելով կողմերին գնաց խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի երկու օրից։