Կայացել է Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբի նիստը

Շաբաթ օրը կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի երկաթուղային, ավտոտրանսպորտային և համակցված փոխադրումների հարցերով փորձագիտական ենթախմբի հեռավար նիստը։

Ըստ Հայաստանի տարածքային կառավարման և ենթարակռուցվածքների նախարարության, նիստին մասնակցել են երեք երկրների համապատասխան հանձնաժողովներում ընդգրկված ոլորտային պատասխանատուները։

Դիտարկվել են տարանցիկ փոխադրումներ իրականացնելու համար տարածաշրջանում գոյություն ունեցող երկաթուղային ցանցի վիճակին, ավտոմոբիլային հաղորդակցության ուղիների հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերը փոխանակվել են վերոհիշյալ հարցերի առնչությամբ նախնական տեսակետներով։

Հանդիպման արդյունքներով, ըստ նախարարության, ենթախմբերը կշարունակեն փորձագիտական գնահատման շուրջ հետագա քննարկումները:

Հունվարի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումների հարցերով։ Նախատեսված էր, որ այդ ենթախմբերի առաջին նիստը պետք է կայանար մինչև փետրվարի 5-ը։

Հայաստանի իշխանության ներկայացուցիչները լիահույս են, որ Հայաստան-Ադրբեջան ճանապարհների ապաշրջափակումը դրական ազդեցություն կթողնի տնտեսության վրա։