Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ճանապարհների վերաբացումը Երևանի համար տնտեսական ու քաղաքական նոր հնարավորություններ, բայց նաև ռիսկեր է ստեղծում, կարծում են հայաստանյան փորձագիտական հանրությունում՝ նշելով, որ շատ բան կախված է, թե որքան արդյունավետ կլինեն հայկական կողմի հաշվարկներն ու քայլերը։
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանի խոսքով` ակնհայտ է, որ Հարավային Կովկասի ապաշրջափակումը, Հայաստան-Ադրբեջան ուղիների վերագործարկումը բխում է Կրեմլի շահերից, որը նպատակ ունի հասնել Ռուսաստանից դեպի Թուրքիա տանող ցամաքային անխափան ճանապարների գործարկմանը. «Պարզ է, որ ապաշրջափակումը ինչ-որ չափով նաև մեր շահերից է բխում, մեզ համար ինչ-որ շահեր կան, հետաքրքրություններ կան, բայց շատ կոնկրետ բաներից շատ բան է կախված: Ռիսկեր միշտ էլ կան, օրինակ` անվտանգությունը կապահովվի՞ Ադրբեջանի տարածքով մեր բեռների համար, թե՞ ոչ, բայց գլխավոր ռիսկը նա է, օրինակ, կարգավիճակի հարցը եթե օրակարգ չմտցվի, այդ ծրագիրը զարգանա, հետո Ադրբեջանը կհամաձայնի՞ կարգավիճակի Արցախի հարցով խոսել, թե՞ ոչ: Գերիների հարցը դեռ լուծված չի»:
Մոսկվայում կայացած Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի շաբաթ օրվա հանդիպումից հետո փաստորեն պարզ դարձավ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց կապող ճանապարհների վերաբացման աշխատանքները աստիճանաբար առաջ են շարժվում։
«Եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները որոշում են կայացրել ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով և փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով: Ենթախմբերի ձևավորումը նախատեսված է ավարտել մինչև փետրվարի 2-ը, իսկ առաջին նիստը անցկացնել մինչև փետրվարի 5-ը», - ասված է այդ հանդիպումից հետո տարածված Հայաստանի կառավարության մամլո հաղորդագրությունում:
Ըստ Գրիգորյանի` նման համագործակցության մեկնարկը Երևանի ու Բաքվի միջև կարող է թուլացնել երկու երկրների միջև պատերազմի վերսկսման վտանգը. «Միշտ էլ համագործակցությունը կարծես թե պետք է դրական դեր խաղա, ինչը մենք տեսանք, օրինակ, Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, այդ համագործակցությունը տնտեսական բերեց նաև Եվրամիության ստեղծմանը: Մեր դեպքում, պարզ է, շատ բան է կախված` Ադրբեջանը այդ քաղաքականությունից` հակահայկական կհրաժարվի, թե ոչ, եթե չի հրաժարվի, ուրեմն պատերազմի հավանականությունը միշտ էլ կլինի, նույնիսկ եթե ապաշրջափակումը լինի»:
Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն` 2020թ. հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում Հայաստանից արտահանված, ներկրված և ներհանրապետական նշանակության բեռնափոխադրումների ծավալը կազմել է 13 միլիոն 523 հազար տոննա, որից ավտոմոբիլային եղանակով 8 միլիոն 921 հազար տոննան է, երկաթուղով՝ 2 միլիոն 955 հազարը, խողովակաշարով՝ 1 միլիոն 632 հազարը և օդային եղանակով 68.4 հազար տոննան։ Գերակշիռ մասը՝ 65.9 տոկոսն իրականացվել է ավտոմոբիլային եղանակով, երկաթուղով՝ 21.8 տոկոսը։
Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Վահագն Խաչատրյանի խոսքով` տասնամյակներ է, ինչ հայաստանյան տնտեսությունը կորցնում է՝ շրջափակման, տրանսպորտային հավելյալ ծախսեր կատարելով։ Բաց սահմանները հավելյալ նպաստ են բերում որևէ երկրի անվտանգության ապահովմանը, որքան մեծ է տվյալ երկրի դերը տարածաշրջանային նախագծերում, այնքան այդ երկրի շահերը ձգտում են հաշվի առնել՝ ընդգծեց Խաչատրյանը։
«Բայց վնաս ո՞նց կարող է լինել, երբ որ ինչ որ բնական է, նա պիտի լինի, բնականը նա է, որ պետք է սահմանները բաց լինեն, բնականը նա է, որ պետք է հարևանների հետ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ փորձել հաստատել և օգտագործել հնարավորությունները իրենց հետ և մեր հնարավորությունները: Ընդհանրապես տնտեսագիտության մեջ այսպիսի հասկացողություն կա, որ երբ որ փոխանակություն կամ առևտուր եք անում, երկու կողմն էլ շահում է: Միշտ էլ երկու կողմն էլ ամեն մեկը մտածում է, որ ինքն է շահել, բայց իրականում ընդհանուր գործարքում երկու կողմն էլ շահում է», - ասաց Վահագն Խաչատրյանը: