Մատչելիության հղումներ

Շատ մեծ կլինի տնտեսական հարաբերությունների վերականգնման նշանակությունը, ընդգծում է Թոմ դե Վաալը


Ռուսաստանն այժմ այնպիսի ներկայություն ունի Ղարաբաղում, ինչպիսին չի ունեցել նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, ընդգծում է ղարաբաղյան հարցով առաջատար փորձագետ Թոմաս դե Վաալը։

Դե Վաալը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման հյուրն էր։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցը՝ աննշան կրճատումներով․​

«Ազատություն». – Մեր վերջին հարցազրույցից հետո շատ փոփոխություններ եղան. Պուտինի, Ալիևի և Փաշինյանի միջև նոր եռակողմ հանդիպում տեղի ունեցավ Մոսկվայում հունվարի 11-ին, ստորագրվեց նոր հայտարարություն։ Խոսքը հիմնականում ճանապարհների, կապուղիների ապաշրջափակման, միջանցքների ստեղծման մասին էր: Այն վերաբերում էր Հայաստանից և Ադրբեջանից դեպի Ռուսաստան, ինչպես նաև Ադրբեջանից Հայաստանով դեպի Նախիջևան և Թուրքիա տանող երկաթուղիների և մայրուղիների վերակառուցմանն առնչվող նոր նախագծերին: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած աշխատանքային խումբը շաբաթ օրը հանդիպում է Մոսկվայում: Ինչպե՞ս կգնահատեք Պուտինի, Փաշինյանի և Ալիևի երկրորդ հանդիպումը: Արդյո՞ք դա կառուցողական գագաթնաժողով էր, թե՞ դրանով Ռուսաստանը ուղղակի փորձում էր ամրապնդել իր դիրքերն ու դերը որպես միակ խաղաղապահ:

Թոմաս դե Վաալ. - Անշուշտ, դրանով Ռուսաստանը ձգտում էր ամրագրել նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագիրը, որն ուներ շատ բացեր և շատ անորոշ դրույթներ: Այդ համաձայնագրի շուրջ կային շատ չլուծված խնդիրներ, քանի որ ակնհայտորեն այն ստորագրվել էր շատ հապճեպ պայմաններում: Ռուսաստանն այստեղ օրակարգ ունի, և Ռուսաստանը ցանկանում է, որ այս համաձայնագիրը գործի: Բայց դեռ կան շատ չլուծված խնդիրներ, օրինակ՝ հայ գերիների հարցը, մասնավորապես՝ դեկտեմբերին Հադրութի շրջանում գերեվարված զինվորների ճակատագիրը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարծում եմ, որ նրանք մի փոքր դժգոհ են, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունը չունի հստակ մանդատ, որ նրանք շատ բաներ են անում ամբողջովին միակողմանի:

Եվ, այո՛, դա կրկին եռակողմ հանդիպում էր Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ Ֆրանսիան և Միացյալ Նահանգները, հրավիրված չէին:

Կարծում եմ ՝ Ռուսաստանն առաջ է քաշում իր օրակարգը, բայց տնտեսական հարցերի վերաբերյալ արված հայտարարությունը, ինչպես ասում են, այսբերգի միայն գագաթն է: Բազմաթիվ խնդիրներ կային՝ գերիներ, խաղաղապահ ուժերի մանդատը, Լաչինի միջանցքը, շատ խնդիրներ, որոնք դեռ լուծված չեն:

«Ազատություն». - Հիմա եկեք խոսենք այն հնարավոր փոփոխությունների մասին, որոնք ԱՄՆ վարչակազմը կարող է բերել այս տարածաշրջան: Սենատի հաստատման լսումների ժամանակ Թոնի Բլինքենն ասաց, որ կխթանի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կայուն կարգավորումը, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը և կօգնի ապահովել, որ նոր պատերազմ չսկսվի: Նա ասաց, որ ԱՄՆ-ն ակտիվացնելու է իր ներգրավվածությունը Մինսկի խմբի միջոցով և կատարելու է լրացուցիչ դիվանագիտական աշխատանք երրորդ կողմերի հետագա միջամտությունը կանխելու համար: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

Թոմաս դե Վաալ. - Դրական է, որ մենք տեսնում ենք ԱՄՆ-ի կողմից ավելի ակտիվ քաղաքականություն այս հակամարտության և այս տարածաշրջանի վերաբերյալ: Կարծում եմ` Բայդենի վարչակազմն արդեն ազդարարել է, որ մտադիր է ավելի կոշտ հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ: Նրանք զգում էին, որ նախագահ Թրամփն ու Էրդողանը մի տեսակ շատ բարեկամական, գործարքային հարաբերություններ ունեին, ինչը չէր բխում ԱՄՆ շահերից: Այնպես որ, կարծում եմ, սա է նպատակը:

Նաև մենք գիտենք, որ նոյեմբերի 10-ի համաձայնագիրը դրույթներ չունի խաղաղ գործընթացի ապագայի վերաբերյալ:

Այնուհանդերձ, Միացյալ Նահանգները շատ ետ է մնացել այս հակամարտության առումով: Ռուսաստանը ներկայացված է տեղում, և հասկանալի չէ՝ արդյո՞ք Ադրբեջանն իրականում ցանկանում է այլևս խոսել քաղաքական գործընթացի մասին: Ըստ Ադրբեջանի՝ այս հակամարտությունն ավարտվեց, նրանք վեճն ավարտեցին իրենց օգտին: Նրանք այնքան էլ հետաքրքրված չեն, չեն շտապում խոսել կարգավիճակին վերաբերող խնդիրների մասին և այլն: Կարծում եմ, որ դժվար կլինի դա անել, բայց նաև կարծում եմ, որ ԱՄՆ-ը կարող է սկսել զբաղվել մի շարք հարցերով։ Դա քաղաքական հարցերն են և գուցե ամենակարևորը՝ տարածաշրջանային տնտեսական հարցերը: Կարծում եմ՝ ոչ ոք չի հավատում, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են ինքնուրույն կատարել վերականգնման ողջ աշխատանքը: Այժմ նրանց միջև անհրաժեշտ է տնտեսական կապ հաստատել, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը փոխկապակցված լինեն տնտեսապես, բայց դա պետք է արվի խելամտորեն, պետք է արվի խաղաղության օրակարգը խթանելու համար: Ես կարծում եմ, որ ԱՄՆ-ը և իհարկե Եվրամիությունը կարող են օգնել այդ բոլոր հարցերում: Բայց պետք է հասկանալ, որ նրանք այս հակամարտության առումով ետ են մնացել և բացը լրացնելու համար շատ անելիքներ ունեն:

«Ազատություն». - Միամտություն կլինի կարծել, որ տարածաշրջանի ղեկավարները հանկարծ սկսեն խոսել խաղաղության և տնտեսական համագործակցության մասին, բայց Թուրքիայի դերը կարևոր է Ադրբեջանին համոզելու համար, որ խաղաղ կարգավորումը գտնվի հարևան Հայաստանի հետ: Անկարայից հնչող որոշ հայտարարություններ կարող են վկայել այն մասին, որ նա պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ: Օրինակ՝ The Washington Post-ում երեկ հրապարակվեց կարծիք-հոդված, համաձայն որի՝ Էրդողանը ցանկանում է բացել Հայաստանի հետ սահմանները՝ հուսալով, որ այդ քայլը լավ կընդունվի Բայդենի վարչակազմի և Արևմուտքի կողմից: Բայց մինչ այժմ մենք տեղում տեսնում ենք որոշ գործողություններ, որոնք կարող են հակառակ ազդեցություն ունենալ, ինչպիսին են թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունները Հայաստանի սահմանի մոտ՝ Կարսում, որը, ինչպես գիտեք, շատ խորհրդանշական քաղաք է հայերի համար: Ի՞նչ եք կարծում, արդյոք Թուրքիան հետաքրքրվա՞ծ է տարածաշրջանի տնտեսական զարգացմամբ ու Հայաստանի հետ ուղիները բացելով։ Ի՞նչ ազդեցություն կունենա Հայաստանի հետ սահմանների բացումը: Արդյո՞ք դա տարածաշրջանում կայունություն կբերի:

Թոմաս դե Վաալ. – Եթե պրագմատիկ լինենք, ապա հայկական ուժերի դուրսբերումը 7 շրջաններից նշանակում է, որ խոչընդոտներ չկան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման, սահմանի բացման համար: Դա իրոք Թուրքիայի հիմնական խնդիրն էր Հայաստանի հետ: Ակնհայտորեն հարաբերություններն այժմ աներևակայելի վատն են՝ հաշվի առնելով այն փաստը, որ Թուրքիան օգնեց Ադրբեջանին հաղթել պատերազմում։ Հայերի տեսանկյունից Թուրքիան իր ձեռքերի վրա նոր արյուն ունի, և, իհարկե, նախագահ Էրդողանը ներկա էր Բաքվում դեկտեմբերի 10-ին անցկացված հաղթանակի շքերթին և նույնիսկ այնտեղ անդրադարձավ Էնվեր փաշային: Պատմական դժգոհությունները դեռ շատ ակնառու են և հայկական կողմից որոշակիորեն արդարացված։ Կարծում եմ՝ մենք կտեսնենք սահմանի բացմանը, առևտրի վերականգնմանը և տնտեսական հարաբերությունների հաստատմանն ուղղված որոշ քայլեր, բայց իմ ենթադրությունն այն է, որ հայերը չեն շտապում դա անել՝ գուցե այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Էրդողանն է [Թուրքիայում] իշխանության ղեկին: Եվ, իհարկե, պետք է հիշենք նաև, որ նախագահ Էրդողանի կոալիցիոն գործընկերը ազգայնական MHP-ն է, որը շատ խիստ ազգայնական վերաբերմունք ունի հայերի, քրդերի, հույների և այլ փոքրամասնությունների նկատմամբ: Հնարավորություններ կան, բայց ես շատ կզարմանայի, եթե ինչ-որ բան արագ ստացվեր: Կարծում եմ՝ այստեղ մենք բավականին երկար գործընթաց ենք ունենալու:

«Ազատություն». - Արտաքին հարաբերությունների եվրոպական խորհրդի ավագ գիտաշխատող Ասլի Այդինթաշբաշի կարծիք-հոդվածում կա մի տող, որում ասվում է, որ հեղինակը զրուցել է Էրդողանի խորհրդականներից մեկի հետ, և ահա թե ինչ է ասվում այդ հատվածում. «Կիպրոսն ու Հայաստանը կարող են չլինել թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմքում, բայց այդ հակամարտությունների լուծումը մեծապես օգուտ կբերի Արևմուտքի հետ Անկարայի հարաբերություններին»: Էրդողանի մերձավոր խորհրդականն ասել է. - «Մենք պատրաստ ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», և ավելացրել. - «Մեզ համար միշտ խնդիր է եղել Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի օկուպացումը: Այն այժմ լուծված է: Եթե Հայաստանը պատրաստ է քայլ անել, մենք պատրաստ ենք»: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա, Թոմ:

Թոմաս դե Վաալ. - Դե, ես կարծում եմ, որ Թուրքիայում կան տարբեր ձայներ, տարբեր տեսակետներ: Պետք է հիշենք, թե ինչպես էր նախկին նախագահ Աբդուլա Գյուլը ցանկանում հարաբերությունների կարգավորում, և պարոն Էրդողանը, որն այդ ժամանակ վարչապետ էր, կանգնեցրեց դա: Այնպես որ, Թուրքիայի ներսում միշտ տարբեր տեսակետներ կան: Ոմանք ցանկանում են առաջ շարժվել կարգավորման ուղղությամբ, ոմանք էլ դա համարում են Արևմուտքի հետ ավելի լավ հարաբերություններ ունենալու տոմս: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Թուրքիան լավ տնտեսական շարժառիթներ ունեն սահմանը բացելու և առևտուրը վերականգնելու համար: Բայց ձեզ և ձեր լսարանին կարիք չկա բացատրելու, որ կան պատմական մեծ խնդիրներ: Ես կարծում եմ, որ եթե սա մատուցվի պարզապես որպես տնտեսական առաջարկ, հայկական կողմի համար դա չի գործի: Պատմական իրադարձությունների առումով հայերի հանդեպ պետք են լինելու այլ միջոցառումներ: Չեմ կարծում, որ մենք խոսում ենք ցեղասպանության ճանաչման մասին, բայց դա Հայոց ցեղասպանության ինչ-որ իմաստով հիշատակը պետք է լինի, պետք է վերաբերի հայկական եկեղեցիներին։ Տեսնենք՝ արդյոք դա հնարավո՞ր է` հաշվի առնելով պարոն Էրդողանի դաշինքը այս պահին MHP-ի հետ և նրա դիրքորոշումը այլ հարցերի վերաբերյալ: Բայց կարծում եմ, որ դա այն հարցն է, որի շուրջ էլ պետք կլինի խոսել:

«Ազատություն». – Հիմա դառնանք ռուսներին Լեռնային Ղարաբաղում: Ռուսներն այժմ Լեռնային Ղարաբաղը որպես մի առանձին թեմա են դիտարկում։ Լեռնային Ղարաբաղի մասին նրանք խոսում են մասին որպես Ռուսաստանի ներքին գործի մասին: Պուտինը հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղի հարցով իր անվտանգության և ռազմական ոլորտի պաշտոնյաների հետ, և այդ հանդիպումները անցկացվում են առանց Հայաստանի որևէ պաշտոնյայի մասնակցության: Կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի ոչ պաշտոնական պրոտեկտորատն է: Դուք կարծես նման կարծիք արդեն հայտնել եք նախկինում: Լեռնային Ղարաբաղում նրանք տեղակայված են նաև Լաչինի միջանցքի երկայնքով: Արդյո՞ք նրանք իրոք շահագրգռված են, որ խաղաղությունը մշտական դառնա, թե՞ այլ նպատակներ են հետապնդում, օրինակ՝ պայման ստեղծել, որ խաղաղապահների ներկայությունը ցանկալի դառնա բոլոր կողմերի համար:​

Թոմաս դե Վաալ. - Դա աներևակայելի բարդ հարց է: Որպեսզի պատկերը լիակատար լինի, դեռ երկար ժամանակ է պետք։ Ես կարծում եմ, որ ոչ ոքի, այդ թվում՝ ռուսների համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ կլինի: Մի կողմից, անկասկած, Ռուսաստանն այժմ այնպիսի ներկայություն ունի Լեռնային Ղարաբաղում, ինչպիսին երբեք չի ունեցել հավանաբար նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում: Ղարաբաղի տեղական իշխանություններն այժմ գուցե նույնքան գործ ունեն Մոսկվայի հետ, որքան Երևանի: Մենք տեսնում ենք, որ առաջին պլան են մղվում հին քոչարյանական ռեժիմի անդամ Վիտալի Բալասանյանի պես մարդիկ: Այնպես որ, իհարկե, այո, ռուսները ներկայացված են Ղարաբաղում, բայց, մյուս կողմից, չպետք է մոռանանք, որ Ռուսաստանը նույնպես պետք է գործ ունենա Բաքվի հետ, և Ռուսաստանի խաղաղապահ առաքելության մեջ կա հնգամյա ժամկետի վերաբերյալ կետ: Այնպես որ, Ռուսաստանը չի կարող իրեն պահել այնպես, ինչպես Աբխազիայում և Հարավային Օսիայում: Այն պետք է գործ ունենա նաև Բաքվի իշխանությունների հետ: Մի կողմից, Ռուսաստանին արդարացում է պետք՝ իր խաղաղապահներին այնտեղ պահելու համար, քանի որ հակառակ դեպքում, եթե լիակատար խաղաղություն լինի, նրանք պետք է գնան տուն: Մյուս կողմից, նա չի ցանկանում որեւէ ապակայունացում: Այնպես որ, Ռուսաստանին անընդհատ պետք է հավասարակշռությունը պահպանել: Նա շատ մեծ ազդեցություն ունի, բայց դա շատ բարդ խաղ է, և կարծում եմ, որ Ռուսաստանում էլ այս քաղաքականության վերաբերյալ տարբեր տեսակետներ կան։ Եվ, իհարկե, Մինսկի խումբը շարունակում է գործել, և կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության պատասխանատվությունը կիսել Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ: Եվ նաև կարծում եմ, որ Բաքուն և Երևանը նույնպես չեն ցանկանում, որ Ռուսաստանը մենաշնորհ ունենա այս հակամարտության հարցում: Այսպիսով, շատ ու շատ սակարկություններ, շատ ու շատ բանակցություններ են տեղի ունենում: Բայց կարծում եմ՝ արդար է ասել, որ Ռուսաստանը պետք է բավականին խելացի լինի այստեղ, քանի որ կարող է շատ հեշտությամբ վիրավորել ինչպես հայերին, այնպես էլ ադրբեջանցիներին և արժանանալ երկուսի կոշտ քննադատությանը:

«Ազատություն». - Ինչպե՞ս եք տեսնում այս խաղաղ գործընթացի վերականգնումը: Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ: Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանին ինչ-որ կերպ հաջողվել է մեկտեղել երկու կողմերին, բայց չեմ տեսնում, թե ինչպես դա կարող է տեղի ունենալ նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակի շրջանակում: Կա՞ արդյոք ծրագրավորված որևէ բան, կամ Դուք գաղափար ունե՞ք, թե ինչ են նրանք ուզում անել, որպեսզի երկու կողմերին մի սեղանի շուրջ բերեն ու սկսեն բանակցություններ:

Թոմաս դե Վաալ. - Համոզված եմ, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ վեճը, որը, իմ կարծիքով, մեկ դար է տևում՝ սկսած 1918 թվականից, շարունակվում է, և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը դեռ ամբողջությամբ վիճարկվում է հայերի և ադրբեջանցիների կողմից: Այսպիսով, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա Մինսկի խմբի առջև շատ բարդ խնդիր է դրված։ Եվ, կարծում եմ, Սերգեյ Լավրովի դիտողությունները հաստատում են, որ նրանք չգիտեն, թե որն է լինելու օրակարգը: Շատ դժվար կլինի խոսել կարգավիճակի մասին: Ես կարծում եմ, որ Մինսկի խումբը կշարունակվի գործել, բայց այն զբաղված կլինի այլ հարցերով: Եվ հենց այստեղ է, որ, իմ կարծիքով, շատ մեծ կլինի տնտեսական հարաբերությունների վերականգնման նշանակությունը: Դա այնպես պետք է արվի, որ օգուտ բերի ոչ միայն Ադրբեջանին, Թուրքիային, Ռուսաստանին, այլ նաև որ հայերը, այդ թվում նաև՝ Ղարաբաղի հայերը, զգան, որ իրենք էլ են շահում տնտեսական հարաբերությունների վերականգնումից: Կարծում եմ, որ այստեղ հնարավորություններ կան, օրինակ՝ Քելբաջարի շրջանը շատ մեկուսացված է: Շատ դժվար է պատկերացնել, որ այն տնտեսապես կենսունակ կլինի առանց Ղարաբաղի և Հայաստանի հետ պատշաճ առևտրի: Եթե Մինսկի խումբը և միջազգային այլ դերակատարները կարողանան աշխատել խաղաղությանը նպաստող տնտեսական կապերի զարգացման շուրջ, ապա դա լավ նախագիծ կլինի։

«Ազատություն». - Մենք դեռ ապացույցներ չունենք, բայց կան որոշ տեղեկություններ, որ որոշ վայրերում հայերի և ադրբեջանցիների միջև արդեն իսկ սկսվել է սահմանային առևտուրը։ Օրինակ՝ լուրեր կան, թե իբր ադրբեջանցիները հայերին վառելափայտ են վաճառում: Բայց մենք դեռ ապացույցներ չունենք, սրանք ուղղակի հաղորդումներ են: Ի՞նչ եք մտածում այդ հեռանկարի մասին։ Դուք էլ ասացիք, որ Քելբաջարը մեկուսացված է, և չեք պատկերացնում, թե ինչպես այնտեղ կարող են գոյատևել առանց իրենց հարևանների՝ հայերի հետ առևտրի: Խնդրեմ, մի փոքր մանրամասնեք։

Թոմաս դե Վաալ. - Դե, կարծում եմ, ամեն մարդ, ով որոշ ժամանակ է անցկացրել տարածաշրջանում, գիտի, որ հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ առևտրի երկարատև ավանդույթ ունեն, մասնավորապես Վրաստանում: Ես այցելել եմ Վրաստանի Սադախլոյի շուկան, երբ այն դեռ ծաղկում էր, երբ այնտեղ վրացիներ չկային, կային միայն հայեր և ադրբեջանցիներ: Վերջերս եղան հաղորդումներ այն մասին, որ հայերն ու ադրբեջանցիները Վրաստանում գտնվող Ռուսթավի քաղաքում օգտագործված մեքենաների գծով միմյանց հետ բիզնես են անում: Շատ հայեր ու ադրբեջանցիներ կան, որոնք իրար հետ առևտրի լավ փորձ ունեն։ Եվ եթե քաղաքական գործիչները չխանգարեն նրանց, եթե նրանք իրենց անվտանգ զգան, կարծում եմ, որ դա շատ հնարավոր է: Ակնհայտ է, որ դա հեշտ չէ ՝ հաշվի առնելով մարդկային կորուստների, մարդկանց կրած ողբերգությունների դառնությունը: Բայց դա հնարավոր է: Եվ, կարծում եմ, կարևոր է, որ դա լինի փոխշահավետ, որպեսզի այս առևտուրը մեկին մյուսից կախյալ չդարձնի, այլ երկուսն էլ իրարից հավասարապես կախված լինեն, յուրաքանչյուր կողմ զգա, որ օգուտ ունի այս առևտրից:

«Ազատություն». - Թոմ, վերջին հարցս վերաբերում է նրան, թե արդյո՞ք Փաշինյանը կդիմանա այս անորոշության և ներքին անկայունության շրջանում: Ի՞նչ եք մտածում այդ մասին: Տեսանք, որ Քոչարյանը ցանկանում է մասնակցել արտահերթ ընտրություններին, եթե դրանք անցկացվեն: Ի՞նչ եք մտածում այդ մասին:​

Թոմաս դե Վաալ. - Լոնդոնում նստած՝ ինձ համար շատ դժվար է դատել Հայաստանի ներքին քաղաքականության մասին: Հեռվից թվում է, որ այս պահին Փաշինյանը դիմակայում է, բայց նրա ժողովրդականությունը նվազել է: Ունենք մի իրավիճակ, որ Հայաստանում գոյություն է ունեցել մի քանի տարի առաջ՝ թույլ իշխանություն և թույլ ընդդիմություն, և բնակչության մեծ մասը չի սատարում ոչ մեկին, ոչ էլ մյուսին, ինչը, կարծում եմ, առողջարար չէ Հայաստանի համար:

Նաև թվում է, որ Հայաստանում շատ էներգիա է ծախսվում ներքին վիճաբանությունների, այլ ոչ թե ապագայի պլանավորման, արտաքին քաղաքականության, տարածաշրջանի տնտեսական խնդիրների և այլնի վրա: Սա առողջ մթնոլորտ չէ։

Իմ ենթադրությունն այն է, որ Փաշինյանի կդիմակայի մի փոքր ավելի երկար, բայց վաղ թե ուշ ընտրությունների անհրաժեշտություն կլինի: Սակայն նա հավանաբար բավականին լավ շանս ունի այդ ընտրություններում, քանի որ ընդդիմության շարքերում նույնպես ես նոր դեմքեր չեմ տեսնում: Եթե նրանք առաջադրում են Վազգեն Մանուկյանին, ով առավել հայտնի էր 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին, դա նշանակում է, որ ընդդիմությունը նույնպես նոր, թարմ գաղափարներ չունի:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG