Գեղարքունիքի մարզի Շողակաթ գյուղում բնակվող Բենիամին Ապրեսյանի ընտանիքն իրենց տանը բնակվել այժմ չի կարող. 3 օր առաջ տեղի ունեցած երկրաշարժը տանը մեծ վնասներ է հասցրել։
«Էդ օրը տանն էինք բոլորս, երեխեն կոմպի դեմն էր, ես էլ թոռներիս հետ էստեղ կանգնած էի: Չհասկացանք` ինչ եղավ, մի հատ գմփոց, լույսերը գնաց, ու հողը թափվեց գլխներիս, զոռով դուրս ենք եկել տնից», - պատմում է նա:
Շողակաթը, որ առավել հայտնի է Շորժա անունով, ուրբաթ օրը գրանցված երկրաշարժի էպիկենտրոնից մոտ 5 կմ է հեռու, իսկ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել էր նաև մայրաքաղաք Երևանում ու մի քանի մարզերում՝ պակաս ուժգնությամբ։
Ապրեսյանի տան պատերը մեծ ճաքեր են տվել, քանդվել են, կահույքն էլ տակնուվրա է եղել, սակայն ոչ ոք այս երկրաշարժից չի տուժել, ոչ այս տանը, ոչ էլ, ինչպես վտահեցնում է Արտակարգի իրավիճակների նախարարությունը, ամբողջ շրջանում։
Ապրեսյանի խոսքով՝ Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները եկել ու բացատրել են, թե ինչ պետք է անել երկրաշարժի դեպքում. «Ասել են` պիտի կանգնեք հիմնական պատերի տակ: Դե էտ մոմենտին խառնվեցինք իրար, ասել են` տուն չմտնեք, ամեն րոպե կարա քանդվի, մնացել ենք դուրսը այս պահին»:
Շողակաթի մեկ այլ բնակչի՝ Էդուարդ Առաքելյանի տունը նույնպես այդ վիճակում է՝ ճաքեր, քանդված պատեր. «Ես էտ օրը բաղնիքում լողանում էի, բաղնիքից դուրս եմ եկել, տեսել էս վիճակը: Աշխատել, չարչարվել, սարքել, էսա մեր եղածը»:
Այս երկրաշարժի հետևանքով վնասված տների ճակատագիրը դեռ հայտնի չէ, բնակիչների խոսքով՝ նախարարությունը դեռ իրենց չի ասել՝ որքան վնաս են կրել և ինչ են անելու հետագայում։
Շորժայի գյուղապետ Սուլիկո Շուշանյանը մանրամասնում է՝ փրկարարները, մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակիցները եղել են վնասված բոլոր տներում, համապատասխան աշխատանքներ են իրականացրել. «Շուտով մասնագիտական հանձնաժողովը կաշխատի, կորոշենք վնասների չափը, կներկայացնենք մարզպետարան, այնուհետև երևի մարզպետարանը կներկայացնի կառավարություն»:
Համայնքապետն ասում է՝ բնակիչներին իրազեկելու աշխատանքներն ԱԻՆ-ի հետ են անում, նախկինում էլ քաղաքացիներին բացատրել են՝ ինչ է պետք անել երկրաշարժի, հրդեհների ժամանակ. «Բայց ամեն դեպքում երբ երկրաշարժ է լինում չնախատեսված ու մանավանդ որ լինում է գիշերը, հոսանքի անջատելու պահին մի պահ պանիկա առաջացավ, բայց հոսանքը տալուց հետո երբ տեսանք` շենքերը հիմնականում կանգուն են, ճիշտ է` շատ վնասված էին ներսի պատերը, բայց կանգնուն էր տեսքը, մեծ փլուզում չկար, զոհեր չկային, անասնագլխաքանակի անկում չկար, արդեն մի քիչ հանգստացավ ժողովուրդն էլի»:
Այս և հարևան երկու գյուղերի՝ Աղբերքի և Արտանիշի դպրոցները վնասվել են, Աղբերքի դպրոցում դասերն առայժմ կասեցված են, շենքը վթարային էր նաև երկրաշարժից առաջ. «Շողակաթում, Շորժայում դասապրոցեսը չենք դադարեցրել, մաքրման աշխատանքներ են կատարվել, որտեղ փլուզված տեղեր կան, դասապրոցեսը շարունակվում է»:
Շորժայի դպրոցի աշակերտներն այսօր դասի էին, երրորդ դասարանցիները վստահեցնում են՝ գիտեն ինչ անել երկրաշարժի դեպքում. «Պետք է երկրաշարժի ժամանակ առանց խուճապի արագ դուրս գան, եթե շենքում են, պետք է մտնեն կամ սեղանների տակ, կամ էլ պետք է պատերի անկյունների մոտ պաղկվեն»:
«Ես պառկած էի, շուտ մտանք կառավաթների տակ, քուրիկիս պատն ուժեղ ճաքել էր, շուտ բռնեցի, հանեցի իրեն, թե չէ պատը փուլ էր գալու, վերցրի, կոխեցի կառավաթի տակ», - պատմում է երեխաներից մեկը:
Այս գյուղից ոչ հեռու գտնվող Արտանիշի դպրոցի մի մասնաշենքն այժմ չի գործում, այնտեղ կրկին նույն տեսարաններն են՝ ճաքեր, փլուզումներ։ Մասնագետները զգուշացրել էին, որ սեյսմիկ ակտիվությունը շարունակվելու է: ԱԻՆ-ից այսօր «Ազատությանը» հայտնեցին, որ հետցնցումների քանակը և ուժգնությունը նվազել է։