Մյանմայում ոստիկանությունը մայրաքաղաք Նայպիտավում զանգվածային ցույցերի մասնակիցներին պաշտոնապես զգուշացրել է, որ հետայսու կարող է մարտական փամփուշտներ կիրառել բողոքի ակցիաները ցրելու համար:
Մյանմայի պետական հեռուստակայանը հայտնել է, որ զինվորական իշխանություններն «այլևս չեն հանդուրժի նոր ցույցեր»: Մայրաքաղաքի փողոցներում տեղադրվել են մարտական զենք կիրառելու հնարավորության մասին հայտարարություններ:
Փետրվարի 1-ին Մյանմայի զինվորականները հեղաշրջում են իրականացրել և ձերբակալել են քաղաքացիական ղեկավարներին, այդ թվում` ընտրություններով երկրի լիդեր դարձած Աուն Սան Սու Չժիին և նրա քաղաքական զինակիցներին:
Երկրի տարբեր քաղաքներում տասնյակ հազարավոր մարդիկ ցույցեր են անցկացնում և պահանջում են ազատ արձակել քաղաքացիական առաջնորդներին:
Զինվորականները հայտարարել են, որ քաղաքացիական իշխանությունը ձախողվել է արդար ընտրություններ անցկացնելու և կարգուկանոն ապահովելու հարցերում:
Զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են մտցրել` խոստանալով դրա ավարտից հետո ընտրություններ անցկացնել:
Միջազգային համայնքը խստորեն դատապարտել է հեղաշրջումը: