«Դավիթ Գարեջին Վրաստան է». այս կարգախոսի ներքո այսօր Թբիլիսիի կենտրոնում՝ նախագահական պալատի դիմաց, հավաքվել էին ազգայնական «Վրացական քայլերթ» շարժման աջակիցները։ Ցույցի մասնակիցները երկրի իշխանություններից պահանջում էին գործուն քայլեր ձեռնարկել Ադրբեջանի հետ սահմանային վեճերը՝ նախևառաջ «Դավիթ Գարեջի» վանական համալիրի պատկանելության հարցը լուծելու ուղղությամբ։
Վրացական աղբյուրների փոխանցմամբ` բողոքի ակցիայի մասնակիցներից առնվազն երկուսը բերման են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջները չկատարելու համար։ Վրաց ազգայնականները նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին մեղադրում են դավաճանության մեջ։
Ակտիվիստները պնդում են, որ Ադրբեջանի հետ սահմանային վեճերը սրվեցին Զուրաբիշվիլիի՝ 2019 թվականի ապրիլին «Դավիթ Գարեջի» կատարած այցից հետո։ Այդ այցի ընթացքում Վրաստանի նախագահը կոչ էր արել շուտափույթ կերպով լուծել Ադրբեջանի հետ սահմանային բոլոր վեճերը։