ԱՄՆ-ն, եվրոպական մի շարք երկրներ Ռուսաստանին կոչ են անում բաց թողնել Նավալնիին

Ալեքսյել Նավալնիին 3.5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում երեկ երեկոյան սկսել են հավաքվել ընդդիմադիր գործչի հազարավոր կողմնակիցներ: Մոսկվայում փակ են մետրոյի կենտրոնական կայանները, Սանկտ Պետերբուրգում Ռոսգվարդիան հատուկ հսկողության տակ էր առել Էրմիտաժը, իսկ Մոսկվայի կենտրոնում` Կրեմլին հարող հրապարակներում, ոստիկանների թիվն այնքան մեծ էր, որ կարծես հոլիվուդյան ֆիլմ լիներ:

Չնայած, որ իրավապահները նորից մահակներով դաժան ծեծում և բերման էին ենթարկում ցուցարարներին, ընդդիմադիր առաջնորդի կողմնակիցներին հաջողվեց մի քանի ժամ շարունակ երթեր անցկացնել Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի կենտրոնի տարբեր փողոցներով, նույնիսկ որոշ տեղերում փակել փողոցներ: Նրանց ակտիվորեն ողջունում էին անցնող մեքենաները, մի քանի ժամ շարունակ երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնում աղմուկ էր` վանկարկումներից, ոստիկանների կոչերից, մահակների ձայնից և ավտոմեքենաների ազդանշաններից:

Երեկ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բերման է ենթարկվել ավելի քան 1400 մարդ, այդ թվում` լրագրողներ:

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Սիմոնովյան շրջանի դատարանը որոշում է կայացրել Նավալնիին ուղարկել գաղութ։ Պայմանական պատիժը, որը նա ստացել էր 2014 թվականին «Իվ Ռոշե»-ի գործով, փոխարինվել է 3,5 տարով ընդհանուր ռեժիմի գաղութում:

Քաղաքական գործիչը պետք է ավելի քան 2.5 տարի անցկացնի կալանքի տակ, քանի որ 2014-ին մոտ մեկ տարի արդեն տնային կալանքի տակ է անցկացրել։

Այս դատավճիռը երեկ հրապարակվելուց րոպեներ անց Արևմուտքը դատապարտեց այն և Ռուսաստանի իշխանություններին կոչ արեց անհապաղ բաց թողնել ընդդիմադիր գործչին։

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, մասնավորապես, հայտարարել է. «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռը հակասում է օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Սա հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որն այս [«Իվ Ռոշե»-ի] գործը համարել է կամայական և անհիմն»:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը վճիռը հրապարակելուց րոպեներ անց գրել է. «Ալեքսեյ Նավալնիի վճիռն անընդունելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի դեպքում հանցագործություն չեն»:

Նավալնիին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները:

«Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի դեմ Ռուսաստանի գործողություններով», - Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

Երեկվա դատավճիռը զայրացրել է նաև ռուսաստանցիներին, նույնիսկ նրանց, ովքեր, այսպես ասած, Նավալնիի կողմնակիցները չեն։ Քաղաքագետներից շատերը համարում են, որ ընդդիմադիր գործչի դեմ այս ընդգծված քաղաքական որոշումը բողոքի ալիքմ էլ ավելի կուժեղացնի, և փողոց դուրս կգան նույնիսկ նրանք, ովքեր ասում էին, թե չեն ընդունում Նավալնիին որպես քաղաքական առաջնորդ նախկինում նրա արած որոշ ոչ միանշանակ հայտարարությունների պատճառով:

Քաղաքագետ Ֆյոդոր Կրաշեննիկովը համոզված է, որ Նավալնին կմնա անազատության մեջ այնքան ժամանակ, քանի գոյություն ունի Պուտինի ռեժիմը, քանի այն չի թուլացել այնքան, որ ներքին և արտաքին ճնշման տակ որոշի բաց թողնել ընդդիմադիր գործչին:

«Նավալնիի ճակատագիրն այսօր և առաջիկայում որոշելու է մի մարդ՝ Պուտինը», - համոզված է փորձագետը:

Հիշեցնենք նաև` երեկ Նավալնին դատարանում իր խոսքի մեծ մասը նվիրել էր Պուտինին` անվանելով նրան «բունկերում նստած վախեցած և խելագարված ծերուկ», ծաղրել է Պուտինին` ասելով, թե «պատմությունում նա կմնա որպես Վլադիմիր վարտիք թունավորող»:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր մեկնաբանել է Նավալնիի կողմնակիցների երեկվա բողոքի ակցիաները` ասելով, թե Կրեմլին մտահոգում են երկրում չարտոնված բողոքի ակցիաները։ Նրա խոսքով՝ «նման ակտիվությունը պետք է խիստ ճնշել»։ Դմիտրի Պեսկովը հավելել է, թե ոստիկանության արձագանքը բացատրվում է սպառնալիքներով, որոնք կարող են առաջանալ այդ ակցիաների ժամանակ։ Պեսկովը խոստովանել է, որ լուրջ սադրանքներ, այնուամենայնիվ, չեն եղել, սակայն վստահ է, որ դրանից հաջողվել է խուսափել ոստիկանության գործողությունների շնորհիվ: