Մատչելիության հղումներ

Գիշերը Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել են հավաքվել Նավալնիի կողմնակիցները, շուրջ 1400 մարդ բերման է ենթարկվել


Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին, Մոսկվա, 3-ը փետրվարի, 2021թ․
Ռուսաստան - Ոստիկանությունը բերման է ենթարկում Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին, Մոսկվա, 3-ը փետրվարի, 2021թ․

Ալեքսեյ Նավալնիին 3,5 տարվա ազատազրկման դատապարտելու մասին դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում սկսել են հավաքվել ընդդիմադիր գործչի կողմնակիցները:

Մոսկվայում փակ էին մետրոյի կենտրոնական կայարանները, Սանկտ Պետերբուրգում Ռոսգվարդիան հատուկ հսկողության տակ էր առել Էրմիտաժը:

Ուշ գիշերվա տվյալներով՝ Ռուսաստանի տարբեր քաղաքներում բերման է ենթարկվել գրեթե 1400 մարդ, նրանցից ավելի քան 1100-ը՝ մայրաքաղաքում:

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կոչ է արել Մոսկվային անհապաղ ազատ արձակել ընդդիմադիր գործչին: «Ալեքսեյ Նավալնիի դատավճիռը հակասում է օրենքի գերակայության և հիմնարար ազատությունների վերաբերյալ Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին: Սա հակասում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, որն այս [«Իվ Ռոշե»-ի] գործը համարել է կամայական և անհիմն », - հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչը, ով պատրաստվում է փետրվարի 4-6-ը այցելել Մոսկվա:

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ևս երեկ կոչ է արել անհապաղ ազատ արձակել Նավալնիին: «Ալեքսեյ Նավալնիի վճիռն անընդունելի է: Քաղաքական տարաձայնությունները ոչ մի դեպքում հանցագործություն չեն », - գրել է Մակրոնը Թվիթերում:

Նավալնիին ազատ արձակելու կոչերով են հանդես եկել Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ԱՄՆ պետքարտուղարը: «Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Ալեքսեյ Նավալնիի դեմ Ռուսաստանի գործողություններով», - Թվիթերում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: - «Մենք կրկին կոչ ենք անում անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել նրան, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր ապօրինի կերպով ձերբակալվել են իրենց իրավունքներն իրականացնելու համար»:

Մոսկվայի Սիմոնովյան դատարանը երեկ ուշ երեկոյան Ալեքսեյ Նավալնիին դատապարտեց 3,5 տարվա ազատազրկման` պայմանականը փոխարինելով իրականով: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները խախտելու համար:

XS
SM
MD
LG