Արդեն իսկ ձևավորվել են Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների փորձագիտական ենթախմբերը, որոնց կազմավորման վերաբերյալ օրերս Մոսկվայում պայմանավորվել էին երեք երկրների փոխվարչապետերը՝ «Ազատությանն» այսօր հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
Փաստորեն, գործելու է երկու ենթախումբ։
«Երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով խմբում հայկական կողմից ներգրավված կլինեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ։ Փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական, անասնաբուժական, բուսասանիտարական և այլ տիպի հսկողության հարցերով խմբում ներգրավված կլինեն Պետական եկամուտների կոմիտեի, Էկոնոմիկայի նախարարության, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Արտաքին գործերի նախարարության փորձագետներ», - ասված է հաղորդագրությունում:
Հունվարի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Ալեքսեյ Օվերչուկի, Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի հանդիպման արդյունքում որոշվեց ստեղծել փորձագիտական ենթախմբեր՝ երկաթուղային, ավտոմոբիլային փոխադրումների հարցերով։ Նախատեսված է, որ այդ ենթախմբերի առաջին նիստը պետք է կայանա մինչև փետրվարի 5-ը։