Հայաստանի Կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսպիսով Հայաստանը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է հայ բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները: Կառավարությունը գանգատին կից ներկայացրել է բազմաթիվ ծավալուն ապացույցներ։
Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ ակնկալվում է փոխհատուցում մարդկանց իրավունքների խախտման համար․ - «Ներկայացված պահանջները ամբողջացնում են ընդհանուր խախտումները՝ միջպետական մակարդակով ներկայացվելու միջոցով։ Որովհետև Ադրբեջանի կողմից 44-օրյա պատերազմի դրդող ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք խախտումներ Կոնվենցիայի, որոնք լրացուցիչ նպաստել են իրավիճակի սրմանը։ Եվրոպական դատարան ներկայացված պահանջները վերաբերում են այդ խախտումները ճանաչելուն և դրա համար հետագայում հատուցում ստանալուն»։
Սա ՄԻԵԴ Հայաստանի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է, ինչը, Կիրակոսյանի գնահատմամբ, էական ու կարևոր քայլ է․ - «Նախևառաջ միջազգային իրավական մեխանիզմներն օգտագործելու առաջին ու կարևոր քայլ է, որը հետագայի համար կարող է նաև լավ հիմքեր ստեղծել Հայաստանի ճիշտ դիրքավորման համար՝ քաղաքական առումով և իրավական առումով։ Կարևոր քայլ է, որովհետև մեխանիզմը, հնարավորությունը կա, պետք է օգտագործել։ Դա լրացուցիչ ևս մի հարթակ է, որտեղ անպայման պետք է աշխատել։ Բոլոր հարթակները պետք է հնարավորինս օգտագործել»։
Նրա փոխանցեց, որ ներկայացվել են նաև հայ ռազմագերիների, խաղաղ բնակիչների սպանության դեպքերը։
Օրեր առաջ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն էր ավելի քան 70 խաղաղ բնակիչների դաժան սպանության փաստեր հրապարակել։
Հարցին, թե արդյոք չի քաղաքականացվում ռազմագերիներին վերադարձնելու խնդիրը, և արդյոք այդ հարցը սակարկության առարկա չի դարձել բանակցություններում բանակցություններում, ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչն պատասխանեց, որ Ադրբեջանը նման փորձ անում է․ - «Ամեն դեպքում ակնհայտ է, որ գերիների կամ պահվող անձանց վերադարձը միանշանակ հստակ պարտավորություն է միջազգային իրավունքի տրամաբանությամբ, և դատարանում էլ տարվող աշխատանքը այս ուղղությանն է միտված։ Եվ պետք է մաքսիմալ ջանքեր գործադրենք, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ապահովել այդ պարտավորությունների իրականացումը»։
Ադրբեջանն անցած շաբաթ Խծաբերդից գերեվարված 62 հայ ռազմագերիներից 5-ին վերադարձրեց հայկական կողմին։ Սակայն ի՞նչ տրամաբանությամբ չի ցանկանում վերադարձնել մնացած 57-ին, որոնց համարում է ահաբեկիչ, դիվերսանտ։ Կիրակոսյանի խոսքով, այս ամենը կամայականության դրսևորման արդյունք է
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը պնդեց, որ վստահաբար պետք է վերադարձվեն բոլոր ռազմագերիները․ - «Նախ, պատերազմից հետո գերեվարվելը, կամ պատերազմի ընթացքում գերեվարվելը, կամ պատերազմից հետո ինչ-որ միջադեպերի կոնտեքստում գերեվարվելը կապ չունի այստեղ, որովհետև այդ ամբողջ ընթացքում բոլոր անձինք օգտվում են պաշտպանության իրավունքից, հատուկ պաշտպանվող անձինք են։ Դա ուղղակի Ադրբեջանի քմահաճույքն է, որ իրենք ցանկանում են այդ իրավիճակը օգտագործել, ներկայացնել մարդկանց որպես ահաբեկիչներ։ Բայց դա իրավական առումով որևէ քննադատության չի դիմանում»։
Տարբեր տվյալներով, Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին թիվն անցնում է 200-ից։ Թեև պաշտոնական Բաքուն մի քանի անգամ ավելի փոքր թիվ է հաղորդում։ Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 59 գերի, այդ թվում քաղաքացիական անձինք։ Իսկ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել 15 անձի, որոնց թվում ոչ միայն ռազմագերիներ են, այլ նաև 2014-ին Արցախում երեխայի սպանության ու այլ հանցագործությունների համար դատապարտված ադրբեջանցիներ Դիլհամ Ասկերովն ու Շահբազ Գուլիևը։