Մատչելիության հղումներ

Ըստ Պաշտպանի, ՀՀ սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով 


Հայաստանի սահմանների որոշման գործընթացն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից սպառնալիքների ներքո և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ դիմելով ԵԱՀԿ-ի գործող նախագահին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի գլխավոր քարտուղարներին, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ նախագահներին, ՄԻԵԴ նախագահին, ԵԽԽՎ Ադրբեջանի ու Հայաստանի հարցրերով համազեկուցողներին, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ օմբուդսմանների ու նրանց միավորումների:

Նամակում Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացն իրականացվում է Ադրբեջանի կողմից Հայաստանի ողջ բնակչությանն ուղղված պատերազմի բացահայտ սպառնալիքների ներքո:

Ադրբեջանի նախագահն, ըստ օմբուդսմանի, ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի բնակչության մասին խոսում է էթնիկ զտումների ու ցեղասպանության բացահայտ սպառնալիքների լեզվով, նույնն անում է նաև Թուրքիայի նախագահը։

Թաթոյանը նշել է, որ Ադրբեջանի նախագահը և նրա օրինակով, առհասարակ, հանրային գործիչները բացահայտ վիրավորում են հայ ժողովրդի արժանապատվությունը, հրահրում են էթնիկ պատկանելիության հիմքով թշնամանք։ Պաշտպանը նամակին կոնկրետ ապացույցներ է կցել։

Թաթոյանը հայտարարում է՝ վտանգվել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանների անվտանգությունը՝ նշելով՝ գործընթացը չունի լեգիտիմություն, հետևաբար, այն պետք է անհապաղ դադարեցվի կամ ենթարկվի սկզբունքային վերանայման:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նամակներում ընդգծել է՝ սահմանների որոշման գործընթացում կիրառվում են միայն միջազգայնորեն բացարձակ անընդունելի մեխանիկական մոտեցումներ, այդ թվում՝ GPS կամ Google մասնավոր կազմակերպության քարտեզի հավելվածի օգտագործմամբ: Հաշվի չի առնվում միջազգայնորեն հաստատված որևէ չափանիշ:

Իսպառ բացակայում են մասնագիտական մոտեցումները, գրել է Թաթոյանը՝ նշելով՝ չեն տարվում հանձնաժողովային աշխատանքներ, չի իրականացվում նախնական գույքագրում ու մարդկանց կարիքների գնահատում, չկան պատշաճ իրավական հիմքեր։

Հայաստանի խաղաղ բնակիչների անմիջական հարևանությամբ կամ հենց բնակավայրերի մեջ [օրինակ՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան խոշորացված համայնքներում միջպետական կամ միջհամայնքային ճանապարհներին կամ հենց մայթերի բաժանումով անմիջապես բնակավայրի մեջ] տեղակայվել են ադրբեջանական զինվորականներ, այսինքն՝ զինված մարդիկ:

Թաթոյանը նաև նշել է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ կամ որևէ այլ փաստաթղթով ամրագրված չէ մարդկանց համար ՀՀ պետական սահմանների որոշման գործընթացի վերաբերյալ հասանելի ու կանխատեսելի ժամանակացույց:

Այս ամենի պատճառով, ըստ օմբուդսմանի, սահմանների որոշման գործընթացի անթույլատրելի արագությունն ու հատկապես սահմանային բնակիչների իրավունքներին անմիջականորեն առնչվող պատշաճ տեղեկությունների բացակայությունը հանգեցրել է անորոշության ու որևէ հիմնավորում չունեցող աննախատեսելի իրավիճակների:

Մարդու իրավունքների պաշտպանի նամակներում արձանագրված է, որ ցանկացած գործընթացի հիմքում, որն առնչվում է մարդուն, պետք է լինի իրավունքի գերակայությունը ու, հետևաբար, մարդու՝ միջազգայնորեն ճանաչված [մեր երկրի ներսում` նաև Սահմանադրությամբ երաշխավորված] իրավունքները: Սա ժողովրդավարության հիմնարար սկզբունք է:

«Ակնհայտ է, որ ստեղծված պայմաններում ՀՀ սահմանների որոշման վերը շարադրված ողջ գործընթացը խարխլում է մարդու իրավունքների միջազգային համակարգի հիմքերը, ամբողջությամբ հակասում է հենց այն հիմնարար սկզբունքներին, որոնց համար երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ստեղծվել է ժամանակակից միջազգային իրավունքը՝ մարդու իրավունքների ու խաղաղության երաշխավորման նպատակով», - ասված է նամակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG