Մատչելիության հղումներ

Ադրբեջանի կողմից գերեվարվածի դին հայտնաբերվել է Հադրութում, ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ նա վերջերս է սպանվել


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր Ստեփանակերտում հուղարկավորեցին պատերազմի մասնակից Արսեն Ղարախանյանին։ 43-ամյա տղամարդու դին հայտնաբերվել էր հունվարի 18-ին` որոնողական աշխատանքների ընթացքում։ Կինը՝ Վարդուհի Ղարախանյանը ցավով ասաց՝ ամուսնուն հողին հանձնեցին հենց նրա ծննդյան օրը. «Այսօր իր ծնունդն է, իր հուղարկավորությունն է: Պիտի ճշտեն, տեսնեն` ի՞նչ է եղել»:

Կինն ասաց՝ ամուսնու մարմնի վրա հրազենի հետքեր կան։ Կրակել են սրտին։

4 երեխաների հայրը ադրբեջանցիների կողմից գրավված Հադրութի բնակիչ էր։ Պատերազմին կամավորագրվել էր։ Ընտանիքը նրանից երեք ամիս լուր չուներ։ Կինը պատմում է, որ ամուսնուն տեսել էին հունվարի 7-ին համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերում, ուրախացել. «Ամեն օր սպասում էինք, ասում էինք` երևի իր ծնունդին էստեղ կլինի: Ինքը Հադրութում է եղել, ինքը միշտ էնտեղ է կռվել, վերջին անգամ հոկտեմբերի 8-ին խոսացել է երեխաների հետ, ասել է` ո՞նց եք: 9-ին չենք խոսացել իր հետ, 9-ից լուր չունեինք»:

Եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասում է՝ Ադրբեջանը խախտել է Եվրոպական կոնվենցիայով ամրագրված կյանքի իրավունքը։ Ի թիվս այլ գերիների, Արսեն Ղարախանյանի մասին հայցով ևս Հայաստանի կառավարությունը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սկսվել է գործընթաց: Արսեն Ղարախանյանի դեպքում ևս Ստրասբուրգ են ներկայացրել տեսագրությունների տեսքով ապացույցներն այն մասին, որ նա գերեվարված է։

«Մանրամասները չգիտեմ` դիակը ոնց է հայտնվել, բայց մեր տեղեկություններով` սպանվել է ոչ շատ վաղ օրերին, (մոտ օրերս) է սպանվել, դա նշանակում է` դատարանի կողմից որոշումը կիրառելուց հետո է սպանվել, և որը նշանակում է, որ առավել ևս նրանք կոպտագույն խախտել են կոնվենցիան: Հիմա արդեն հանգամանքները, թե իրենք ոնց են արել, հետո բերել են, թե տեղում է եղել, բայց ամեն դեպքում դա վկայում է կոնվենցիայի շատ կոպիտ խախտման մասին, որը անպայման արձանագրելու ենք և ներկայացնելու ենք մեր դիմումի մեջ», - ասաց Կիրակոսյանը:

Իրավապաշտպանների տվյալներով՝ ավելի քան 100 դիմում է ներկայացվել Ստրասբուրգ, դրանց թվում նաև պատերազմի ավարտից հետո Խծաբերդից գերեվարված ավելի քան 60 պահեստազորայինների մասին դիմումները: Տարբեր տվյալներով` Ադրբեջանում մոտ 200 հայ գերի կա. «Ընթացք է տվել, քանի որ ներկայացրել էինք այդ անձի հետ կապված նաև այլ անձանց խմբեր, որոնք հունվարի սկզբին էինք դիմել, և ապացույցների հիման վրա, խնդրելով դատարանին կիրառել միջանկյալ միջոց, պարտավորեցնելով Ադրբեջանին ձեռնպահ մնալ խախտումներից, և եթե նմանատիպ իրավիճակի ենք հանդիպում, դա արդեն Ադրբեջանի կողմից կոնվենցիայի կոպտագույն խախտում է համարվում, ոչ միայն երկրորդ հոդվածի խախտումը, այլ նաև 34-րդ հոդվածի խախտումը կոնվենցիայի, որը մենք մեր ներկայացվելիք փաստաթղթերում կամրագրենք: Ցավալի դեպք է շատ»:

Միջազգային իրավունքի մասնագետ Արա Խզմալյանը, անդրադառնալով գերության մեջ Արսեն Ղարախանյանի սպանությանը, ընդգծում է՝ Ժնևյան կոնվենցիաները ստորագրած Ադրբեջանը պարտավոր էր պատերազմից հետո առանց բանակցելու այս հարցի շուրջ վերադարձնել գերիներին, մինչդեռ հարևան երկիրը շարունակում է պատերազմական հանցագործությունները. «Քանի որ մենք գործ ունեինք տասնամյակներ շարունակվող հայատյացության քաղաքականության մի մասնիկի հետ այս դեպքում, և բոլոր արարքները, որոնք մինչ օրս շարունակում է Ադրբեջանը, նույնպես կազմում են այդ հայատյաց քաղաքականության, հայերի դեմ ռասայական դիսկրիմինացիայի քաղաքականության մի մաս: Հայաստանն ունի հնարավորություն` դիմելու Արդարադատության միջազգային դատարան ռասայական դիսկրիմինացիայի բոլոր ձևերի վերացման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներում»:

Պաշտոնական Երևանը հստակ չի նշում, թե ադրբեջանական գերության մեջ քանի հայ գերի կա։ Պատերազմից հետո Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 54 գերի։

Այսօր Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն «Ազատությանը» փոխանցել է, որ մոտ ժամանակներս էլի գերիներ կվերադարձվեն։ Այդ հարցով բանակցություններ են ընթանում. «Ես կարող եմ ասել, ոչ ոչ թե բանակցություններ կան, այլ դա միակ ամենակարևոր բանն է, որ ամենօրյա ռեժիմով աշխատանքով է տարվում, և գիտակցությունը կա, որ հանրության ամենակարևոր պահանջներից մեկը թերևս դա է»:

Հարցին` ուղի՞ղ բանակցությունների մասին է խոսքը` ադրբեջանական կողմի, թե՞ ռուսական խաղաղապ ուժերի միջոցով, իմքայլական պատգամավորն ասաց. «Ես կարող եմ ասել, որ բոլոր հնարավոր հարթակներում` դա լինի ուղիղ, թե Ռուսաստանի մինջորդությամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում մեր ներկայացուցիչների և գործընկերների միջոցով»:

Սիմոնյանը, սակայն, հստակ ժամկետ չնշեց, թե երբ հայրենիք կվերադարձվեն մյուս գերիները։

XS
SM
MD
LG