Պապիկյանի փոխանցմամբ, արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական ուժերի հետ բանակցությունները շարունակվում են

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյան

Արտահերթ ընտրությունների հարցով քաղաքական ուժերի հետ բանակցությունները դեռ շարունակվում են, այսօր Գյումրիում լրագրողների հետ զրույցում ասաց Տարածքային կառավարման նախարար Սուրեն Պապիկյանը, ով նաև իշխող ուժի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահն է։

Իշխանությունները անցած տարեվերջին հայտարարեցին պատերազմից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը արտահերթ ընտրությունների միջոցով հանգուցալուծելու պատրաստակամության մասին։ Վարչապետ Փաշինյանը այդ հարցով մի շարք կուսակցությունների հետ խորհրդակցություններ անցկացրեց։ Այդուհանդերձ, խորհրդարանական ընդդիմությունն ու արտախորհրդարանական մի շարք ուժեր արդեն իսկ մերժել են այդ առաջարկը։

«Մենք հայտարարել ենք, որ պատրաստվում ենք քննարկել այդ օրակարգը։ Եղել են արձագանքողներ, եղել են նաև մերժողներ։ Հիմա բաց է օրակարգը», - այսօր ասաց նախարար Պապիկյանը։

Ղարաբաղյան պատերազմից հետո խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների և արտախորհրդարանական մոտ երկու տասնյակ ուժերի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին միացել են նաև որոշ համայնքապետեր, այդ թվում Շիրակի մարզից։

Սուրեն Պապիկյանն այսօր հերքեց մամուլում տարածված տեղեկությունը, թե ինքը համայնքապետերի հետ փակ հանդիպումներ է անցկացրել նրանց այսպես ասած «սաստելու» նպատակով, պնդեց նաև, որ Փաշինյանի հրաժարականը պահանջած համայնքապետերի «սև ցուցակ» չունեն․ - «Որևէ փակ ֆորմատով հանդիպում չեմ ունեցել, բոլոր հանդիպումները եղել են բաց։ Ընդ որում, դրանք եղել են մարզպետների նշանակման կապակցությամբ, այսինքն՝ այլ առիթով ես համայնքապետերի հետ չեմ հանդիպել։ Այլ կոչ, քան հրապարակայինը, չեմ հնչեցրել։ Բնականաբար, յուրաքանչյուր մարմնի, յուրաքանչյուր ինստիտուտի վերապահված են որոշակի լիազորություններ և իրավասություններ, ու բնականաբար, ամեն մեկը պիտի ելնի իր իրավասություններից։ Իմ խոսքը կառուցված է եղել միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրության և օրենքների հիման վրա։ Մենք նման ցուցակ [«սև ցուցակ] չունենք, չենք ունեցել ու չունենք։ Կարծում եմ, հանրությունն է որոշողը, թե որ համայնքապետը որ ցուցակում կհայտնվի։ Ու հանրությանը այդ հնարավորությունը կընձեռվի»։

Տարածքային կառավարման նախարարը Գյումրի էր եկել ներկայացնելու Շիրակի նորանշանակ մարզպետ Հովհաննես Հարությունյանին։ Նախորդը՝ Տիգրան Պետրոսյանը մի քանի շաբաթ առաջ հրաժարական էր տվել ու մինչ օրս չի բացատրել պատճառը։ Պապիկյանը ևս չխոսեց պատճառների մասին՝ հիշեցնելով, որ նախկին մարզպետը խոստացել է ասուլիս տալ։

Մարզում այս պահին առաջնային է պատերազմից հետո Հադրութի շրջանում գերերվարված 62 շիրակցի պահեստազորայինների վերադարձի հարցը: Պապիկյանը հանդիպելու էր գերիների հարազատների հետ՝ փոխանցելու այն տեղեկությունը, որը ճշտել ու եկել էր․ - «Մի բան հստակ է, որ վերջին տեղեկությունները, որ ամփոփվել են, մեր 62 եղբայրների, բոլորի այնտեղ լինելը հաստատված է նաև Կարմիր խաչով, և դա երաշխավորում է նրանց անվտանգությունը, որ նրանց կյանքին և առողջությանը որևէ սպառնալիք լինել չի կարող։ Հիմա պիտի աշխատենք նրանց վերադարձի ուղղությամբ, ինչ ուղղությամբ հիմա աշխատում են մեր գործընկերները ամենօրյա ռեժիմով»։

Պապիկյանը հավաստիացրեց, թե կորոնավիրուսի ու պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամային իրավիճակը չի խաթարի ճանապարհաշինարարական աշխատանքների իրականացմանը։ Ասաց, որ Հյուսիս - Հարավ մայրուղու շինարարությունը կվերսկսվի եղանակները տաքանալուն պես։

Առայժմ կասեցված է մարզպետարանների օպտիմալացման ծրագիրը, իշխանությունները ճգնաժամային իրավիճակում նպատակահարամար չեն համարում մարդկանց աշխատանքից ազատելը։