Եթե սահմանադրական ճանապարհը արդյունք չտա, պետք է ապստամբություն անել, այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում տեղի ունեցած հերթական մարզային հանդիպման ընթացքում հայտարարեց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։
«Դա ժողովրդի բնական իրավունքն է, այդ իրավունքը ամրագրված է Միացյալ Նահանգների Անկախության դեկլարացիայում, գրված է, որ եթե կառավարությունը չի կարողանում կատարել իր պարտականությունները, ապա ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Գերմանիայի Սահմանադրության մեջ կա, որ եթե իշխանությունները խախտում են սահմանադրական կարգը, ժողովուրդն իրավունք ունի ապստամբության: Չեն գնա սահմանադրական ճանապարհով, կգնան ապստամբությամբ, որովհետև սա մեր ժողովրդի, մեր երկրի ապագայի հարցն է», - հայտարարեց Մանուկյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող շարժման վարչապետի թեկնածուն ասաց՝ պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրել է ոչ միայն տարածքը և բանակը, այլև իր «տղամարդկությունը» և հավելեց՝ «Նիկոլ գոռացողները տղամարդ չեն». «Դա քաղաքական հարց չի, նրանց մեջ նամուս չկա, խիղճ չկա, ազգային ոչ մի բան չկա»:
90-ականների սկզբին վարչապետի, հետո պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Մանուկյանը հայտարարեց՝ եթե իշխանություններին հաջողվի արտահերթ ընտրություններ անցկացնել, ինքը որևէ կերպ դրանց չի մասնակցի, քանի որ դա խայտառակություն կլինի. «Դա կնշանակի ջնջել էս ամեն ինչը, նորից սկսել զրոյից, մոռացվելու է պատերազմը, մոռացվելու է դավաճանությունը, նորից՝ մեկը 5 տոկոս ունի, մեկը 20 տոկոս ունի, 30 տոկոս ունի: Խոհանոցում իրար հետ խոսում են, իրար հետ բարիշում են»:
Հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին մեկ ամիս առաջ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ քաղաքական ուժերին հրավիրելով խորհրդակցությունների, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ քաղաքական ուժերը մերժեցին Փաշինյանի կառավարման օրոք ընտրությունների անցկացման սցենարը՝ պնդելով, որ դրանք արդար չեն լինի։ Նրանք պահանջում են, որ Փաշինյանը հրաժարական տա, Մանուկյանը նշանակվի ժամանակավոր կառավարության ղեկավար և մեկ տարի անց արտահերթ ընտրություններ անցկացնի՝ չմասնակցելով դրանց։
Մինչ հանդիպման մեկնարկը դրսում լարված էր, Արարատի մշակույթի կենտրոնի մոտ հավաքվել էին նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարողները. ընդհարումներ եղան:
Փաշինյանի աջակիցներն ընդգծում են՝ արտահերթ ընտրություններ պետք է անցկացվեն. «Կոչ եմ անում երկրի վարչապետին՝ խնդրում եմ, պարոն վարչապետ ջան, մի անգամ Հանրապետության հրապարակում անցկացրու հանրահավաք, մենք այնտեղ կհավաքվենք ու կեսնենք՝ նրանք ովքեր են, մենք ովքեր ենք: Այնտեղ կհավաքվի 250-ից մոտ 300 հազար մարդ»:
Թող գերիների մասին մտածեն աթոռի համար կռիվ անելու փոխարեն, ասաց հավաքվածներից մեկը. «Ամոթ ա, իրանց հազար ամոթ: Էսօր Ալիևը խնդում ա սաղի վրա, ինչի՞ համար, որովհետև մեր զոհվածներին չենք կարողանում հավաքել, գերիներին չենք կարողանում հետ բերենք, էդ մասին թող մտածեն էդ կուսակցությունները, ոչ թե աթոռակռիվ սարքեն»:
Հանդիպման ավարտին Վազգեն Մանուկյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, թե ինչ է ի նկատի ունեցել ապստամբություն ասելով. «Դրա տակ հասկանում եմ շենքեր գրավելը և զոռով իշխանությունը փոխելը, իհարկե, առանց ֆիզիկական բռնության»:
Այն հարցին, թե որն է այն սահմանագիծը, երբ պարզ կլինի, որ սահմանադրական ճանապարհը արդյունք չի տվել, Մանուկյանը պատասխանեց՝ դա ժողովուրդը կհասկանա։