Մատչելիության հղումներ

Վազգեն Մանուկյանը մոսկովյան հանդիպումը Հայաստանի համար հերթական խայտառակ պարտություն է որակում


Գնահատելով հունվարի 11-ին Մոսկվայում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև բանակցությունները՝ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Հայաստանի համար հերթական խայտառակ պարտություն է որակում։

Մանուկյանի խոսքով՝ Հայաստանն այդ հանդիպումից որևէ դրական արդյունք չստացավ, գերիների հարցում մնաց ձեռնունայն, իսկ Ադրբեջանը ևս մեկ անգամ վավերացրեց այն, ինչի համար եկել էր։

«Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանն արդեն իսկ ստացել էր ավելին, քան կարող էր երազել: Այդ հայտարարության որոշ կետերի կատարումն էլ այս ընթացքում խախտել էր իր օգտին՝ 1-ին կետ («…կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում») և 8-րդ կետ («…ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում»): Այս ամենը՝ Նիկոլ Փաշինյանի օգնությամբ և անգործությամբ», - հայտարարել է Վազգեն Մանուկյանը՝ շարունակելով․ - «Հունվարի 11-ին Մոսկվայում Ալիևը վերահաստատեց և նոր հիմքերի վրա դրեց 9-րդ կետի իրականացումը («…տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են, ՀՀ-ն երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև…»), որն Ադրբեջանի համար ռազմավարական մեծ նշանակություն ունի: Կասկածից դուրս է, որ Փաշինյանի վարչապետության պայմաններում այս կետի իրականացման հետագա բանակցությունների արդյունքները նույնպես լիովին բավարարելու են միայն Ադրբեջանին»։

Ի՞նչ կարող էր ստանալ Հայաստանը հունվարի 11-ի հանդիպումից, որը չստացավ, հարց է բարձրացնում Մանուկյանն ու պատասխանում՝ պետք էր բարձրացնել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին [... Ադրբեջանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա] վերաբերող հարցը, որը խախտվել է հօգուտ Ադրբեջանի և որը սպառնալիք է Սյունիքի համար:

«Որևէ արձանագրում չեղավ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության լուծման և Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ինչը նույնպես մեծ պարտություն էր: Եվ իհարկե պետք է հստակ դրվեր և լուծվեր գերիների հարցը», - նշել է Վազգեն Մանուկյանը՝ եզրափակելով․ - «Հունվարի 11-ի եռակողմ հանդիպումն ու համատեղ հայտարարությունը ևս մեկ անգամ վերահաստատեցին մեր մոտեցումը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանն ի զորու չէ առաջ տանել Հայաստանի և հայ ժողովրդի շահերը: Պարտության խորհրդանիշը պետք է հեռանա, հակառակ դեպքում մեր կորուստներն ու նվաստացումները շարունակվելու են»:

Հունվարի 11-ին Մոսկվայում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նոր հայտարարություն ստորագրեցին։ 4 կետից բաղկացած հայտարարության տեքստը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտատարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։

Նախքան Մոսկվա մեկնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնագրի իրագործման առաջնահերթությունը գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, նաև մարմինների լիարժեք փոխանակումն է։ Սակայն, Մոսկվայում 4 ժամ տևած բանակցություններից հետ Փաշինյանն արձանագրեց, որ գերիների հարցը չի հաջողվել կարգավորել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG