Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն «Ուսանողի օրվա» կապակցությամբ երիտասարդների հետ հեռավար կարգով զրույցի ընթացքում անդրադարձել է Գելենջիկում կառուցված շքեղ առանձնատանը, որն, ըստ բլոգեր Ալեքսեյ Նավալնիի հեղինակած վավերագրական ֆիլմի, իրեն է պատկանում:
Այդ ֆիլմը վերջերս հեռարձակվել է Youtube-ով և տասնյակ միլիոնավոր դիտումներ է գրանցել:
Վլադիմիր Պուտինն այսօր ասել է, թե ժամանակի սղության պատճառով ֆիլմը չի դիտել, սակայն տեղյակ է դրա մասին:
«Ոչ մի բան, որն այդ ֆիլմում ներկայացվում է իբրև իմ սեփականություն, ոչ ինձ, ոչ իմ մտերիմ ազգականներին չի պատկանում և երբեք չի պատկանել, երբեք»,- շեշտել է Ռուսաստանի ղեկավարը:
Պուտինի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովն ավելի վաղ հայտարարել է, թե այդ ֆիլմով փորձում են խեղաթյուրել իրականությունը և զրպարտել նախագահին:
Պուտինն ուսանողների հետ տեսակապով վարած զրույցում խոսել է նաև Նավալնիի աջակիցների կազմակերպած բողոքի ակցիաների մասին:
Ռուսաստանի ղեկավարը դրանք անվանել է «չարտոնված, ապօրինի ու վտանգավոր»: