Բազմամարդ բողոքի ակցիաներից երկու օր անց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ուսանողների հետ հեռավար կոնֆերանսին փորձել է արդարանալ։
«Այն, ինչ հիշատակվում է այդ ֆիլմում, երբեք չի պատկանել ինձ, կամ իմ հարազատներին, դա սուտ է», - ասել է Պուտինը՝ հավելելով, թե ժամանակ չուներ ամբողջությամբ դիտել իր մասին Նավալնիի հեղինակած ֆիլմը, սակայն որոշ տեսագրություններ նայել է, որոնք իրեն իր օգնականներն են փոխանցել։
Շաբաթ օրը՝ հունվարի 23-ին ռուսաստանցիները դուրս էին եկել համառուսաստանյան բողոքի ակցիաների՝ ի պաշտպանություն ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիի, ով ձերբակալված է, ռուսաստանցիներից շատերի կարծիքով, Կրեմլի հրամանով։
Իրավապաշտպանների տվյալներով, Ռուսաստանում հունվարի 23-ի բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 3 հազար մարդ է բերման ենթարկվել
Ռուսաստանցի իրավապաշտպանների տվյալներով, ընդհանուր առմամբ Ռուսաստանում հունվարի 23-ի բողոքի ակցիաների ժամանակ բերման է ենթարկվել ավելի քան 3 հազար մարդ, 1003-ը՝ Մոսկվայում։
Եղել են լուրջ բախումներ ակցիայի մասնակիցների և իրավապահների միջև։ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել, սակայն ակցիայի մասնակիցները ևս գնացել են բախումների։
Բողոքի ակցիաները, հիշեցնենք, արտոնված չէին։ Ակցիաների մասնակիցների մի մասի նկատմամբ հարուցվել են քրեական գործեր, մի մասին էլ սպառնում է իրական ազատազրկում։ Նավալնիի կողմնակիցները, սակայն, արդեն հայտարարել են, որ այս հանգստյան օրերին կրկին դուրս են գալու փողոց։
Ըստ փորձագետների, իշխանությունները կոշտ մեթոդներով փորձելու են մաշեցնել բողոքի ալիքը
Ռուսաստանի իշխանությունները, ընդդիմությունը, փորձագետները վերլուծում են երկրում ստեղծված իրավիճակը։ Փորձագետները համոզված են, որ իշխանությունները կոշտ մեթոդներով փորձելու են մաշեցնել Նավալնիի՝ «Պուտինի պալատը» սկանդալային ֆիլմից հետո բարձրացված համառուսաստանյան բողոքի ալիքը։
Ըստ փորձագետների, Ռուսաստանի իշխանությունները հայտնվել են աներանելի վիճակում, բողոքի ակցիաները վկայում են, որ ռուսաստանցիներն այլևս չեն վախենում իշխանություններից, և որ ռուսաստանցիների մի զգալի մասը հօգնել է Պուտինից։
Ձերբակալված ընդդիմադիր առաջնորդ Նավալնին հայտնվել է Արևմուտքի ուշադրության կենտրոնում։ Նրա ձերբակալության պատճառով Ռուսաստանի իշխանությունների դեմ նոր պատժամիջոցների հարցն այսօր Եվրամիության անդամ պետությունների արտգործնախարարների հավաքի օրակարգում է։
ԵՄ առաջնորդները կքննարկեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը
Ընդդիմադիր գործչի ձերբակալությունն ու շաբաթ օրը կայացած նրա աջակցության ցույցերը ցրելը պետք է առիթ հանդիսանան Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու համար, կարծում են Եվրամիության առաջնորդները:
Հունվարի 23-ի ձերբակալությունների համար պատասխանատու պաշտոնյանների դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ են արել Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարությունները: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան բրիտանական Financial Times - ին տված հարցազրույցում հայտարարել է, որ պատժամիջոցները «միակ միջոցն են, որ կարող են Ռուսաստանին ստիպել պահպանել միջազգային իրավունքը»:
Ռուս ուժայինների գործողությունները դատապարտել են Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները, ինչպես նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։
Պատժամիջոցների խստացման հարցը Երամիության ղեկավարները կքննարկեն դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, Թվիթերում գրել է ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ժոզեպ Բորելը:
«Դաշինքը ուշադիր կհետևի Նավալնիի ճակատագրին և եզրակացություններ կանի, որոնք կանդրադառնան Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա», - նախազգուշացրել Է Բորելը:
ՌԴ իշխանությունները հայտարարում են՝ Արևմուտքը փորձում է միջամտել Ռուսաստանի ներքին գործերին
Ռուսաստանի իշխանությունները, սակայն, հայտարարում են, թե Արևմուտքը փորձում է միջամտել Ռուսաստանի ներքին գործերին, և որ Նավալնիի և նրա կողմնակիցների հետևում արևմտյան երկրների կառավարություններն են կանգնած։
Կիրակի օրը Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, թե բողոքի ցույցերին քիչ մարդ է փողոց դուրս եկել, իսկ ռուսաստանցիների մեծ մասն աջակցում է Պուտինին։
Հունվարի 19-ին հրապարակված «Պուտինի պալատը» ֆիլմը դիտել է արդեն 85 միլիոնից ավելի մարդ, իսկ հունվարի 23-ի բողոքի ակցիաները հատկապես բազմամարդ էին Ռուսաստանի մարզերում։
Ռուսաստանի իշխանությունները, դաշնային հեռուստաընկերությունների մեկնաբանները հայտարարում են, որ Պուտինը որևէ կապ չունի այս պալատի հետ, բայց դրանից ֆիլմն էլ ավելի շատ մարդ է դիտում։
Ի դեպ նախկինում, մինչև թունավորումը, Նավալնիի մասին դաշնային հեռուստամեկնաբանները չէին խոսում, նույնիսկ նրա ազգանունը չէին տալիս, վերջին բողոքի ակցիաներից հետո, սակայն, այդ հեռուստաընկերությունների մեկնաբանների պնդմամբ, թե՛ Նավալնին, թե՛ արևմուտքից ֆինանսավորվող ընդդիմությունը դարձել են ռուսական թոք- շոուների հիմնական թեման։
Ըստ անկախ փորձագետների, բողոքի ալիքը իշխանությունները չեն կարողնա մարել
Մինչդեռ Կրեմլից անկախ փորձագետների գնահատմամբ, Նավալնիի ձերբակալությունից հետո բարձրացված բողոքի ալիքը իշխանությունները չեն կարողնա մարել։
«Ակցիայի կոշտ ճնշումները միայն կուժեղացնեն գործող իշխանությունների հանդեպ դժգոհության աստիճանը։ Իսկ բողոքի մասնակիցների հետապնդումը լրջորեն կմեծացնի ցուցարարների շրջանակը», - կարծում է քաղաքագետ Ալեքսանդր Կինևը:
«Հունվարի 23-ի ակցիաները վկայում են, որ ավելի ու ավելի շատ մարդիկ են դադարել վախենալ, վախն անհետանում է։ Մարդիկ պատրաստ են դուրս գալ փողոց և ֆիզիկապես պաշտպանվել», - ասում է քաղաքագետ Իգոր Էյդմանը։
Քաղաքագետները Ռուսաստանում այսօր տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները համեմատում են Բելառուսում տեղի ունեցած բողոքի ակցիաների հետ, մինչդեռ իրականում, այսօր իշխանությունների դեմ բողոքի ալիքն ավելի շատ համացանցում է, քան՝ փողոցներում։ Մոսկվայում ակցիայի մասնակցիների գնահատմամբ, փողոց էր դուրս եկել ամենաշատը 40 հազար մարդ, այլ հարց է, որ Ռուսաստանի իշխանությունները որդեգրել են Բելառուսի իշխանությունների՝ բողոքողների դեմ պայքարի կոշտ սցենարը և կփորձեն վախեցնել ընդդիմությանը և երիտասարդներին։
«Կրեմլն ուրիշ ճար չունի, պետք է ուժեղացնի իր ճնշումը։ Ակնհայտ է, որ Կրեմլը որդեգրել է կոշտ դիրքորոշում, որովհետև նահանջելու տեղ չունի», - ասում է քաղաքագետ Կիրիլ Մարտինովը։