Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն առաջին նիստն է անցկացնում

Covid-19 հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովն այսօր առաջին նիստ է գումարում։

Հանձնաժողովի նախագահ, ԼՀԿ պատգամավոր Արկադի Խաչատրյանն նախ կոչ արեց ձևավորել գործընկերային, համագործակցային միջավայր և ցուցաբերել հանդուրժողականություն այլ կարծիքների, մոտեցումների նկատմամբ։

«Գործընկերային, համագործակցային միջավայրում կարող ենք արդյունավետ աշխատել, բնականաբար, բաց, թափանցիկ, հրապարակային։ Կոչ եմ անում հանդուրժողականության այլ կարծիքների, այլ մոտեցումների հարցում», - ասաց Խաչատրյանը։

Հանձնաժողովն այսօր հիմնականում ընթացակարգային հարցեր է քննարկում։

Խաչատրյանը նշեց, որ հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնելու է հերթական և արտահերթ նիստերի միջոցով և առաջարկեց հիմնական նիստերը գումարել երեք շաբաթը մեկ։

Նշենք, որ հանձնաժողովը բաղկացած է12 հոգուց․ 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն երկուական ներկայացուցիչ ունեն։

Հանձնաժողովը կուսումնասիրի նոր կորոնավիրուսի (COVID 19) տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ Կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունը: