Մատչելիության հղումներ

Ըստ Զոհրաբյանի, Covid-19-ի հետևանքներն ուսումնասիրող հանձնաժողով առաջինը պետք է Թորոսյանը կանչվի, նախարարությունից արձագանքում են


Առաջինը պետք է առողջապահության նախարարը կանչվի հաշվետվության, «Ազատության» հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, որը կորոնավիրուսի համաճարակի հետևանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամ է։

Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Արսեն Թորոսյանը չներկայանալու պատճառ չունի։ Ազգային ժողովի նախագահն արդեն հաստատել է հանձնաժողովի կազմը՝ 12 հոգուց 8-ն իշխող «Իմ քայլից» են, իսկ ԼՀԿ-ից ու ԲՀԿ-ից երկուական ներկայացուցիչ ունեն։ Քննիչ հանձնաժողովը ստեղծվել է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությամբ, նպատակը՝ ուսումնասիրել համավարակի դեմ իրականացված կառավարության գործողությունները։

Ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, նորաստեղծ հանձնաժողովի նախագահ Արկադի Խաչատրյանը գնահատականներ չտվեց, ասաց՝ հանձնաժողովում պետք է քննվի՝ տապալե՞լ է կառավարությունն այդ ողջ գործընթացը, թե՞ ոչ։ Իսկ թե առաջինն ո՞ւմ կկանչեն հաշվետվության, ըստ հանձնաժողովի նախագահի, դեռ վաղ է ասել. «Ես կանխակալ որևիցե հայտարարություն այս պահին չեմ անելու: Եզրահանգումները կանի հանձնաժողովը և կներկայացնի հանրության դատին: Բնական է, որ հանրության մոտ կան բազմաթիվ մտահոգություններ առանձին հարցերի վերաբերյալ` և հիվանդության կանխարգելման, տարածման, բուժման մեթոդաբանության, առողջապահական համակարգի պատրաստ լինելու, կարողությունների, ռազմավարության, բազմաթիվ են այդ հարցերը, դուք կտեսնեք, որ հարյուրավոր հարցեր կան, որոնք պիտի ուղղվեն կառավարությանը և պարետատանը»:

Հայաստանում վարակի տարածումից ի վեր ավելի քան 3000 մարդ է մահացել, վարակվել է 150 հազարից ավելի մարդ։ Այս ընթացքում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսի դեմ պայքարի համար իշխանությունները ծախսել են մոտ 50 միլիոն դոլար կամ 26 միլիարդ 491 միլիոն դրամ, որից շուրջ 25 միլիարդը պետբյուջեից է հատկացվել, մնացածը հանգանակության գումարներն են, որոնք փոխանցվել են Ֆինանսների նախարարության՝ Covid-ի դեմ պայքարի համար բացված հաշվեհամարին։

Covid 19-ի հետևանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում քննարկվելու են, թե ինչպես է կառավարությունը կանխել համավարակի տարածումը, որքանով է արդյունավետ եղել բուժումը, արդյոք ձեռնարկվել են բավարար միջոցներ՝ համավարակի հետևանքները մեղմելու համար։ Քննարկվելու է նաև արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների սահմանափակման իրավաչափության հարցը։ Առաջին նիստը կգումարվի այս ամիս։

Հանձնաժողովի անդամ, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը մտավախություն ունի, որ մեծամասությունը՝ իմքայլականները, կխոչընդոտեն արդյունավետ աշխատանքին։ Ընդդիմադիր պատգամավորը նաև ասաց՝ պետք է բացատրություններ հնչեն, թե ինչպես են ծախսվել Covid-ի դեմ պայքարին ուղղված գումարները, ինչպե՞ս են ընտրվել հիվանդության բուժմամբ զբաղվող հիվանդանոցները և այլն։

Զոհրաբյանի համոզմամբ՝ կառավարությունն ամբողջությամբ տապալել է այս գործընթացը. «Հայաստանի կառավարությունը տապալել է Covid-ի դեմ պայքարը: Բազմաթիվ հրապարակումներ են եղել նաև կոռուպցիոն հսկայական ռիսկերի հետ կապված, և քանիցս, երբ որ մենք դիմել ենք առողջապահության նախարարին` պահանջելով ներկայացնել ծախսերը, մենք արժանացել ենք արհամարհական վերաբերմունքի: Covid-ի հենց սկզբից նախարարը հրաժարվում էր այն բուժհաստատություններին, ովքեր իր գրպանում չէին, նրանց ներառել Covid-ի ցանկի մեջ, որովհետև այդ գումարները պիտի տրամադրվեին միայն յուրայինների: Եթե իմքայլական պատգամավորներն ամեն կերպ չփորձեն խոչընդոտել հանձնաժողովի աշխատանքներին, իսկ ես կարծում եմ, որ իրենք փորձելու են խոչընդոտել, բավականին լուրջ բացահայտումներ է անելու»:

Հանձնաժողովի նախագահի տեղակալն է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը: Նրա խոսքով՝ համավարակի դեմ պայքարի գործընթացը չի տապալվել։ «Կառավարությունը դեռ մի բան էլ ավելին է արել»,- ասաց Տիգրանյանը՝ հավելելով՝ չկա գեթ մեկ օրինակ, որ որևէ հանձնաժողովի աշխատանք մեծամասնություն կազմող «Իմ քայլը» խոչընդոտի, հետևաբար Զոհրաբյանի այս պնդումներն ըստ նրա՝ անհիմն են։ Իմ քայլական պատգամավորը նաև ընդգծեց՝ չի հիշում, թե երբևէ ԲՀԿ խմբակցության կողմից բարձրացված հարցերն առողջապահության նախարարն անպատասխան է թողել։

«Նախարարն արդարանալու ոչինչ չունի, նա պարբերաբար ներկայացրել է ֆինանսական հաշվետվությունը», - ընդգծեց Հերիքնազ Տիգրանյանը՝ կոչ անելով բոլոր հարցերը քննել հենց հանձնաժողովում։ «Պարետատունը և մեր կառավարությունը այս համավարակի հետ կապված արել է շատ ավելին, քան արել են այլ կառավարություններ այլ երկրներում, հաջողել է, թե ձախողել, դրա պատասխանը հենց այս քննիչ հանձնաժողովը պիտի տա, հետևաբար, պետք չէ շտապել տալ գնահատականներ։ Իհարկե, ես չեմ կիսում իրենց հնչեցրած նախնական գնահատականները», - ասաց պատգամավորը։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանը սուտ որակեց Նաիրա Զոհրաբյանի պնդումը, թե նախարար Թորոսյանը Covid-ի դեմ պայքարում ընտրել է յուրային հիվանդանոցների կամ, որ Covid-ի դեմ պայքարը տապալվել է։ «Ցանկացած հարցի Առողջապահության նախարարությունը միշտ պատասխանել է։ Երկրորդը՝ յուրային ձևակերպումը անընկալելի է, դժվար է պատկերացնել, որ որոշ հիվանդանոցներ յուրային են, իսկ որոշ հիվանդանոցներ՝ ոչ, սա լկտի սուտ է ուղղակի, որը ընդհանրապես իրականության հետ աղերս չունի։ Քանի որ քննիչ հանձնաժողովն արդեն ձևավորված է, մենք ևս մեկ անգամ շատ ավելի պաշտոնական կներկայացնենք, ես համոզված եմ, որ դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են, հատկապես, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարը տապալված է, այդ մասով։ Դա անհարգանք է բժշկական հանրության հազարավոր բժիշկների նկատմամբ», - ասաց Սմբատյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG