«Հպարտ եմ այն ամենով, ինչին մենք հասանք միասին»․ Թրամփը հեռացավ Սպիտակ տնից

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը շուրջ երկու ժամից կստանձնի պաշտոնը` դառնալով Միացյալ Նահանգների 46-րդ նախագահը: Երդմնակալության արարողությունը մեկնարկելու է Երևանի ժամանակով երեկոյան 9-ին: Պաշտոնից հեռացող Դոնալդ Թրամփը, խախտելով Ամերիկայում ընդունված ավանդույթները, Սպիտակ տանը չհյուրընկալեց Ջոզեֆ Բայդենին, ինչպես նաև չի մասնակցելու նրա երդմնակալության արարողությանը:

Արարողությունից 4 ժամ առաջ նա կնոջ` Մելանիա Թրամփի հետ դուրս եկավ Սպիտակ տնից, ուղղաթիռով մեկնեցին Մերիլենդի ռազմական օդանավակայան, որտեղ նվագախմբով, պատվո պահակախմբով կազմակերպվել էր Թրամփի մեկնումի միջոցառումը: Պաշտոնը լքելու վերջին պահին ևս Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ` այստեղ հավաքվածներին խոստանալով միշտ պայքարել ամերիկացիների համար. «Դուք զարմանալի մարդիկ եք, սա հզոր երկիր է, և ինձ համար մեծ պատիվ է, արտոնություն լինել ձեր նախագահը», - ասաց նա` խոստանալով վերադառնալ ինչ-որ ձևով:

Հանրապետական առաջնորդները, փոխնախագահ Մայք Փենսը, Սենատում և Ներկայացուցիչների տանը հանրապետականների ղեկավարները ներկա չգտնվեցին Թրամփի հրաժեշտի արարողությանը: Նախագահական օդանավով նա Մերիլենդի օդանավակայանից մեկնեց Ֆլորիդա` իր առաձնատուն:

Ավելի վաղ Սպիտակ տնից վերջին տեսաուղերձում Թրամփը գովաբանել էր իրեն` նշելով իր նախագահության չորսամյա ժամանակահատվածի ձեռքբերումները. «4 տարի առաջ մենք սկսեցինք վերականգնել մեր երկիրը, վերականգնել նրա ոգին և վերադարձնել կառավարության հավատարմությունն իր քաղաքացիներին, մենք առաքելություն ստանձնեցինք Ամերիկան կրկին հզոր դարձնել բոլոր ամերիկացիների համար: Ավարտելով ԱՄՆ 45-րդ նախագահի պաշտոնավարման իմ ժամկետը` ես կանգնած եմ ձեր առաջ, անկեղծորեն հպարտ եմ այն ամենով, ինչին մենք հասանք միասին»:

Իր ձեռքբերումների շարքին նա դասել է Ամերիկայի սահմանների անվտանգության ապահովումը: Նրա խոսքով` Ամերիկայի պատմության մեջ ստեղծվել են ամենաանվտանգ սահմանները, հավելել, թե վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի միակ նախագահն է եղել, ով նոր պատերազմ չի սկսել:

Չնայած ԱՄՆ-ն կորոնավիրուսի համավարակից աշխարհում ամենատուժած երկիրն է, Թրամփը առողջապահական ոլորտում ևս հաջողություն է համարել կարճ ժամանակահատվածում վիրուսի դեմ 2 պատվաստանյութի ստեղծումը: Նա դատապարտել է հունվարի 6-ին Կոնգրեսի վրա կատարված ցուցարարների հարձակումը` ասելով, թե բոլոր ամերիկացիները սարսափած էին. «Քաղաքական բռնությունը հարձակում է այն ամենի վրա, ինչը մենք փայփայում ենք որպես ամերիկացիներ, դա չի կարելի հանդուրժել, հիմա, ինչպես երբևէ մեզ անհրաժեշտ է համախմբվել մեր ընդհանուր արժեքների շուրջ»:

Չտալով Բայդենի անունը` նա ասել է, թե աղոթում է նոր վարչակազմի, նրա հաջողության և Ամերիկան անվտանգ և բարգավաճ պահպանելու համար: Ըստ Թրամփի` իր նախագահության ընթացքում երկրի հեղինակությունը բարձրացել է. «Աշխարհը կրկին հարգում է մեզ, խնդրում եմ` մի կորցրեք այդ հարգանքը»:

Պաշտոնից հեռանալուց առաջ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել կամ պատիժներ է մեղմացրել ավելի քան 140 դատապարտվածների համար, այդ թվում` ներում է շնորհել իր նախկին խորհրդական Սթիվ Բենոնին, որը նրա խորհրդարականն էր 2016 թվականի ընտրությունների քարոզարշավում:

Աշխարհի առաջնորդներից շատերը թեթևացած շունչ քաշեցին «Առաջինն Ամերիկան» Թրամփի քաղաքականության ավարտի կապակցությամբ: Նորընտիր նախագահ Բայդենի երդմնակալության օրը նրան ողջունել են ԵՄ առաջնորդները` Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը. «Սա նոր լուսաբաց է Ամերիկայում, որին մենք սպասում էինք: Եվրոպան պատրաստ է նոր ստարտի մեր հին և ամենահուսալի գործընկերոջ հետ»:

Եվրահանձնաժողովի ղեկավարը Բայդենի պաշտոնամուտը համարել է ամերիկյան ժողովրդավարության դիմացկունության արտահայտում և համոզիչ ապացույց, որ 4 երկար տարիներ անց Եվրոպան կրկին ընկեր ունի Սպիտակ տանը:

Շառլ Միշելը, ողջունելով Բայդենին, առաջարկել է նոր համաձայնագիր ուժեղ Եվրոպայի, ուժեղ Ամերիկայի և ավելի լավ աշխարի համար:

Վաշինգտոնում անվտանգության ուժեղ հսկողություն է, ներգրավված են 25 հազար ոստիկաններ և ազգային գվարդիայի ծառայողներ: Հյուրերը սկսել են ժամանել Կապիտոլիում` ԱՄՆ-ի 46-րդ նախագահ, 78-ամյա Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: