Մատչելիության հղումներ

ԱՄՆ 46-րդ նախագահն այսօր ստանձնում է պաշտոնը


ԱՄՆ - Ջո Բայդենը և Քամալա Հարիսը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում, Ուիլմինգթոն, Դելավեր նահանգ, 7-ը նոյեմբերի, 2020թ․
ԱՄՆ - Ջո Բայդենը և Քամալա Հարիսը տոնում են հաղթանակը նախագահական ընտրություններում, Ուիլմինգթոն, Դելավեր նահանգ, 7-ը նոյեմբերի, 2020թ․

Այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում՝ Կապիտոլիումում, որտեղ գտնվում են օրենսդիր իշխանության երկու պալատները՝ Սենաստը և Ներկայացուցիչների տունը, հանդիսավոր երդումով նախագահի և փոխնախագահի լիազորությունները կստանձնեն դեմոկրատականներ Ջո Բայդենը և Քամալա Հարիսը:

Դա տեղի կունենա Վաշինգտոնի ժամանակով մոտավորապես կեսօրին, Երևանում երեկոյան ժամը 9-ը կլինի:

Բայդենը Բարաք Օբամայի նախագահության օրոք զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, Հարիսն էլ կդառնա ամերիկյան պատմության ընթացքում առաջին կին փոխնախագահը:

Կորոնավիրուսի, ինչպես նաև Վաշինգտոնում քաղաքական լարվածության հետ կապված սահմանափակումների բերումով ինաուգուրացիայի միջոցառումը կլինի ավանդականից ավելի կարճատև, և դրան կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ:

Արտասանելով հանդիսավոր երդումը՝ Բայդենը կդառնա Ամերիկայի 46-րդ նախագահը, ավանդույթի համաձայն՝ դրան կնախորդի փոխնախագահի երդմնակալությունը:

Վաշինգտոնում այսօր պարեկություն են իրականացնում Ազգայի գվարդիայի 15 հազար ծառայողներ, հազարավոր ոստիկաններ և գաղտնի ծառայությունների գործակալներ:

Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բաուզերը արտակարգ դրություն և պարետային ժամ է հայտարարել հունվարի 6-ին՝ այն բանից հետո, երբ թրամփականների ամբոխները հավաքվել են պետական շենքերի մոտ և ակնհայտ ագրեսիվ կեցվածք են դրսևորել, և նույն օրը՝ արդեն բախումներից հետո, քաղաքապետն արտակարգ դրության և պարետային ժամի ռեժիմը երկարագձել է մինչև հունվարի 21-ը:

Հայտնի է, որ հեռացող նախագահ Թրամփը Բայդենի ինաուգուրացիային ներկա չի լինի: Դա ամերիկյան քաղաքական հին ավանդույթի կոպիտ խախտում է: Սովորաբար, հեռացող նախագահները, եթե առողջական կամ որևէ այլ լուրջ խնդիր չունեն, անպայման մասնակցում են ինաուգուրացիային:

Ամենայն հավանականությամբ, Թրամփը կմեկնի Ֆլորիդա՝ Մար-Ա-Լագո առափնյա շքեղ առանձնատանը հանգստանալու համար:

Ի դեպ, Բայդենի հաղթանակի հետ չմերվող տասնյակ հազարավոր թրամփականներ արդեն պայմանավորվել են այդ պահին առցանց եղանակով անցկացնել պարտված հանրապետական նախագահի խորհրդանշական «ինաուգուրացիան»:

Մինչդեռ փոխնախագահ Մայք Փենսն ամենայն հավանականությամբ կմասնակցի Բայդենի ինաուգուրացիային:

Այն ենթադրում է ոչ միայն քաղաքական ելույթներ, ճաշկերույթ, այլև մշակութային բաժին: Արդեն հայտնի է, որ հանդիսավոր երեկոն վարելու է աշխարհահռչակ դերասան Թոմ Հենքսը, համերգին կմասնակցեն Գարթ Բրուքսը, Ջոն Բոն Ջովին, Ջասթին Թիմբերլեյքն ու հայտնի այլ աստղեր:

Այդ ծրագիրը հեռարձակելու են ամերիկյան բոլոր խոշոր հեռուստաընկերությունները՝ բացառությամբ Թրամփին հավատարիմ Fox News-ի:

Իսկ հետո մեկնարկելու է Բայդենի նախագահությունը: Նա արդեն նշել է առաջնահերթությունների ցանկը: Կլիմա՝ Ամերիկան կվերադառնա Փարիզյան համաձայնագրին: Կորոնավիրուս՝ Ամերկան կվերականգնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամի կարգավիճակը: Իրան՝ Բայդենը կփորձի ինչ-որ եղանակով վերանայել այդ երկրի հետ միջուկային գործարքը խզելու Թրամփի որոշումը: Կրթություն, արդար հարկեր, Եվրոպայի հետ քաղաքական կապերի վերականգնում: Այդ և տասնյակ այլ կարևոր թեմաներ կլինեն ԱՄՆ 46-րդ նախագահի աշխատանքային օրակարգում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG