Մատչելիության հղումներ

Բայդենի վարչակազմը նկատելի փոփոխություններ չի կատարի Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքականությունում. վերլուծաբաններ


Ժամեր անց Վաշինգտոնում իշխանությունը ստանձնող Ջո Բայդենի վարչակազմը դժվար թե նկատելի փոփոխություններ կատարի Հարավային Կովկասում ամերիկյան քաղաքականությունում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեցին վերլուծաբանները։

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Երևանում ու Ստեփանակերտում ուշադրություն գրավեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից Միացյալ Նահանգների համեմատաբար զուսպ արձագանքը տեղի ունեցողին, երբ ըստ էության որոշիչ դեր ունեին Ռուսաստանն ու Թուրքիան, որոնց զինվորականներն էլ ի վերջո ստանձնեցին Արցախում և նրա շուրջ անվտանգության ապահովումը։

Գեորգի Դերլուգյան
Գեորգի Դերլուգյան

Նյու Յորքի համալսարանի Աբու Դաբիի մասնաճյուղում դասավանդող սոցոլոգիայի պրոֆեսոր Գեորգի Դերլուգյանն այսօր «Ազատության» հետ զրույցում այսպես հիմնավորեց իր տեսակետը․ - ​«Կարծում եմ, Հարավային Կովկասի ուղղությամբ ամերիկյան քաղաքականությունում որևէ փոփոխություն պետք չէ սպասել, որովհետև սա աշխարհի շատ հեռու և ոչ այդքան էլ կարևոր տարածաշրջաններից է։ Հարավային Կովկասը ինչ-որ կարևորություն ուներ և կարող է ունենալ Ռուսաստանի ու Իրանի հետ հակամարտության ժամանակ։ Սա, իրականում, այսպես ասած, անցումային տարածաշրջան է։ Բայց եթե նման հակամարտություններ տեղի չունենան, և եթե Ռուսաստանի հետ հակամարտությունը ստանա ոչ ռազմական ու ոչ տնտեսական բնույթ, ապա... կարճ ասած՝ Կովկասը նշանակություն ուներ հնարավոր ռազմակայանների ու նավթա-գազամուղերի պատճառով։ Ռազմակայաններն ու նավթա-գազամուղերը Հայաստանի հետ ուղղակի կապ չունեն։ Եթե Ռուսասատանի հետ հակամարտությունը ընթանա դիվանագիտական, գաղափարախոսական կամ անգամ՝ տնտեսական ուղով, ապա դժվար թե Հարավային Կովկասի համար ինչ-որ բան փոխվի, որովհետև չեն սպասվում ժողովրդավարության հետագա տարածում և նոր պատերազմներ։ Համենայնդեպս, կարծում եմ, ԱՄՆ նոր վարչակազմը կփորձի խուսափել նոր պատերազմներից»։

Հայաստանի արտգործնախարարության տրամադրած տեղեկության համաձայն, ԱՄՆ-ն Հայաստանի Հանրապետության անկախությունը ճանաչել է 1991թ. դեկտեմբերի 25-ին, 1992թ. հունվարին հաստատվել են դիվանագիտական հարաբերությունները, Երևանում ամերիկյան դեսպանությունը բացվել է հաջորդ ամիս, իսկ Վաշինգտոնում Հայաստանի դեսպանությունը՝ 1992թ. մարտին։

Անցած տարվա հուլիսին՝ պատերազմի նախօրեին ընդունված Հայաստանի Ազգային անվտանգության ռազմավարության համաձայն, «Հայաստանը կշարունակի զարգացնել բարեկամական գործընկերությունը և խորացնել ռազմավարական երկխոսությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ Հայաստանի զարգացման ու բարեփոխումների օրակարգի իրագործման, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության, տարածաշրջանային և միջազգային կայունության ու անվտանգության ամրապնդման ուղղություններով»։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն, անցած տարվա հունվար-նոյեմբեր ամիսների արդյունքով Միացյալ Նահանգները Հայաստանի վեցերորդ խոշոր առևտրային գործընկեր-պետությունն է՝ Ռուսաստանից, Չինաստանից, Շվեյցարիայից, Գերմանիայից ու Իրանից հետո։ 2020թ. առաջին տասնմեկ ամիսներին հայ-ամերիկյան երկկողմ առևտուրը կազմել է 132,4 միլիոն դոլար կամ Հայաստանի ողջ արտաքին առևտրի 4 տոկոսը։

1992 թվականից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 2 միլիարդ դոլար աջակցություն է ցուցաբերել Հայաստանին:

Ալեքսանդր Իսկանդարյան
Ալեքսանդր Իսկանդարյան

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Բայդենի վարչակազմը նախևառաջ կենտրոնանալու է Չինաստանի ուղղությամբ, հաջորդ կարևոր տարածաշրջանը Եվրոպան է։ Ռուսաստանը առաջնային չէ, և եթե Վաշինգտոնում անգամ որոշեն ինչ-որ նախաձեռնությամբ հանդես գալ Մոսկվայի ուղղությամբ, ապա այն ավելի շատ իրեն զգացնել կտա, օրինակ, Ուկրաինայում և Կենտրոնական Ասիայում, քան Հարավային Կովկասում։

«Որոշ չափով կփոխվի ԱՄՆ հռետորաբանությունը։ Թե Միացյալ Նահանգները ինչ արտաքին քաղաքականություն պետք է վարի՝ ավելի շատ իզոլյացիոնիստակա՞ն, թե՞ հօգուտ գլոբալիզացիայի, այդ ճոճանակը ԱՄՆ-ում միշտ է գնում-գալիս, և քաղաքական առումով այն արտահայտվում է այդ երկրի հանրապետական ու դեմոկրատական կուսակցությունների վարած արտաքին քաղաքականությունների տեսքով։ Բայդենի օրոք հռետորաբանությունը փոքր-ինչ ավելի գլոբալիստական կլինի։ Թրամփը շատ յուրահատուկ նախագահ էր Միացյալ Նահանգների նախորդ 70-80 տարիների ընթացքում, ուստի դույզն-ինչ այլ հռետորաբանություն կլինի։ Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին առնչվոող ամերիկյան իրական քաղաքականությանը, չեմ կարծում, թե լուրջ ինչ-որ փոփոխություններ տեղի կունենան», - ասաց Իսկանդարյանը։

XS
SM
MD
LG