Վերջին շրջանում Երևանում ոչ միայն փողոցներում, այլև հանրային վայրերում ու սպասարկման կետերում դիմակ չկրողների թիվը զգալի է։ Պատճառը ենթադրությունների մակարդակում չթողնելու համար փորձեցինք պարզել հենց դիմակ չկրողներից։
«Մոռացել եմ»: «Չեմ վախում կորոնայից»: Ասում են քաղաքացիներից ոմանք:
«Ես վարակված եմ, ու հակամարմիններս դեռ գործում են, իմ դիմադրողականության վրա վստահ եմ», - ասում է մեկը, մյուսը` հավելում. «Եթե չպահանջեն, չեմ կրի, որովհետև իրոք շունչս կտրվում է, չեմ կարողանում»:
Քաղաքացիների մի ուրիշ խումբ կողմ է դիմակ կրելուն. «Իրենք գիտեն, եթե իրենց առողջության մասին չեն մտածում, ի՞նչ ասեմ, չկրելով և՛ իրեն է վնասում, և՛ գուցե դիմացինին»:
«Ավելի քիչացել են թվերը, հանգստացել են, նաև կախված է վերահսկողության թուլացումից, նաև խանութներում էլ առաջ խստորեն պահանջում էին, հիմա մի քիչ թուլացրել են», - մեկ այլ քաղաքացու կարծիքն է:
Իրականում, այո՛, եթե նախկինում որևէ փակ տարածք մուտք գործելիս դիմակի բացակայությունը լուրջ խոչընդոտ էր, ապա այսօր գրեթե ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձնում։ Մենք էլ փորձեցինք խանութ մտնել առանց դիմակի, միակ խոչընդոտը տեսախցիկը եղավ, նկարահանել չթույլատրեցին, իսկ դիմակի բացակայության մասին ոչ մի խոսք։
2019-ի տարեվերջին Չինաստանում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքը Հայաստանում գրանցվեց 2020թ.-ի փետրվարի վերջին` Իրանից ժամանած քաղաքացու մոտ։ Մարտի 16-ից Կառավարության որոշմամբ հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարվեց, որը մի քանի անգամ երկարացվեց՝ սահմանելով մի շարք սահմանափակումներ՝ քաղաքացիների ազատ տեղաշարժից, հավաքների ու միջոցառումների անցկացման արգելքից մինչև սահմանների փակում։ Պատասխանատվության միջոցներ նախատեսվեցին կարանտինի, մեկուսացման ու ինքնամեկուսացման ռեժիմների խախտման, անհատական պաշտպանության միջոցների չկիրառման համար։ Պարտադիր պահանջ դարձավ դիմակների կրումն ամենուրեք։
Սեպտեմբերի 12-ին Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը փոխարինվեց կարանտինով, որը նաև մի շարք մեղմացումներ բերեց։ Պատճառը վիրուսի տարածման նվազումն էր, օրական հաստատված դեպքերի թիվը հասել էր միջինում 100-ի։ Սեպտեմբերի վերջին, սակայն, պատերազմի սկսվելուց հետո Հայաստանում վիրուսի տարածման 2-րդ ալիքը սկսվեց։ Էականորեն մեծացավ վարակվածների թիվը՝ օրական հասնելով մինչև 2 հազար 500-ի, թվերը նվազել սկսեցին այս տարվա սկզբին՝ հիմա օրական միջինում գրանցվում է 300 նոր դեպք։
Արտակարգ դրության ու կարանտինի ողջ ընթացքում հակահամաճարակային կանոնների պահպանման վերահսկողությունը իրականացվում էր ոստիկանության կողմից։ Կանոնները չպահպանող թե՛ քաղաքացիները, թե՛ տնտեսվարող սուբյեկտները տուգանվում էին։ Դիմակ չկրելու համար, օրինակ, տուգանքը կազմում էր 10 հազար դրամ։
Դիմակ կրելու պարտադիր պահանջը կամ տուգանքն այսօր հանված չէ, բայց փաստացի տուգանվողներ չկան, վերահսկողությունը ոստիկանության կողմից թուլացվել է։ Պատճառը փորձեցինք հենց ոստիկանությունից պարզել։ Հարցմանը գրավոր շատ կարճ պատասխան ստացանք. «Ոստիկանությունը, իրավիճակով պայմանավորված, ավելի ներողամիտ մոտեցում է ցուցաբերում, և ծառայություն իրականացնող ոստիկանները հիմնականում նախազգուշացնում են»։
Ներողամիտ մոտեցումը քաղաքացիների շրջանում փաստորեն զգոնության թուլացման բերեց, վտանգների մասին համաճարակաբան, ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանն է զգուշացնում. «Անընդհատ հրապարակում ենք ցածր դեպքեր, մարդիկ մտածում են, որ այսպես էլ կա` վիրուսը չկա, ու պետք չի ավելորդ անձնական պաշտպանիչ միջոցներ կիրառել, անվտանգության կանոնները պահպանել: Իրականում մենք արդեն խնդիրը տեսնում ենք, արդեն ցուցանիշների, վիրուսի վերարտադրման ցուցանիշի աճ ունենք, իսկ բնական է` դա կբերի դեպքերի աճին, որն առաջիկա 14 օրվա կտրվածքով մենք այդ աճը կդիտարկենք»:
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 309-ով, գրանցվել է մահվան 9 դեպք, հաստատված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցում է 165 հազարը, փաստացի բուժվում է 7 հազար 607 մարդ, կատարվել է 628 հազարից ավելի թեստավորում, գրանցվել է մահվան 3 հազար 16 դեպք։