Խորհրդային տարիներին Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը նաև Ադրբեջանն էր օգտագործում, բայց շահագործում էր ՀՀ-ն, պատմում է նախկին պաշտոնյան

Խորհրդային տարիներին՝ 1983-1988-ին Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ, 1989-90 թվականներին էլ Կոմունիստական կուսակցության շրջանային կոմիտեի առաջին քարտուղար Կարեն Մկրտչյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով պատերազմից հետո Սյունիքի մարզում սահմանային ճշգրտումներին, ասում է՝ Ադրբեջանի հետ սահմանային վիճահարույց հարցեր դեռևս այն տարիներին են եղել, բայց որպես միության երկրներ հարցերը լուծվում էին Մոսկվայի գիտությամբ համատեղ հանձնաժողովների արդյունքում։ Երկու ազգերի մեջ լարվածությունն էլ դեռ այն ժամանակ էր իրեն զգացնել տալիս՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին հայերը գերեվարվում էին, սպանվում։

Խորհրդային միության պաշտոնյան պատմում է՝ 1986-ին սահմանների վերաճշտում կատարվեց, երբ ադրբեջանական կողմը մտադիր էր Կուբաթլուից հայկական տարածքով դեպի Կապանի Չայիզամի կոչվող տարածքով ճանապարհ կառուցել, որը հատվելու էր Գորիս-Կապան ճանապարհի հետ։

«Մեր սահմանակից Կուբաթլու գյուղ կա, այդ գյուղից ուզում էին ճանապարհն անցկացնեին Կապանի մասով, այսինքն` Կապանի տարածքի մասով հատեին M2 գլխավոր ճանապարհ», - ասում է նա:

Նախկին պաշտոնյան պատմում է, որ կառավարական մակարդակով Մոսկվայի գիտությամբ խնդիրը լուծելու համար հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ձևավորվեց, և որոշվեց չկառուցել ադրբեջանցիների առաջարկած ճանապարհը. «Մոսկվայի հետ փոխհամաձայնությամբ ստեղծվեց համատեղ հանձնաժողով ադրբեջանական և հայկական փաստորեն: Մեր Հայաստանի հանձնաժողովի ղեկավարն այն ժամանակվա կառավարության նախագահի առաջին տեղակալ Մովսիսյան Վլադիմիր Միրանիչն էր»:

Ճգրտումների արդյունքում ադրբեջանական կողմը հայկականին փոխանցեց 1.000 հեկտար տարածք, իսկ Հայաստանը Ադրբեջանին՝ 200 հեկտար։

«Այն ժամանակ այդ փոփոխված տարածքներում հենասյուներ տեղադրվեցին, այդ հենասյուներով ասացի` արդեն ճշտվեցին մեր սահմանները փաստորեն», - պատմում է նա:

Խորհրդային միության փլուզումից և արցախյան առաջին պատերազմի հաղթանակից հետո վիճահարույց այս հարցերը դադարեցին գոյություն ունենալ։ Մկրտչյանն ասում է, որ հստակ չգիտի, թե ինչպես էր այդ բաժանումն արվել, տեղյակ է, որ այն արվել է 1925-1926 թվականների քարտեզներով. «Իհարկե, ինչքանով ես հիշում եմ, դա 25-26-27 թվականների քարտեզով էր, քարտեզը գտնվում էր Վրաստանում, և ես էլի ինչքան հիշում եմ, այն ժամանակ закавказский военный округ կար, այդ շտաբից էր վերցված այդ քարտեզը: Այդ քարտեզի համաձայն` սկսեցին վերաճշտում կատարել Կապանի տարածքը, ուրեմն Կուբաթլուի շրջանի և Զանգելանի շրջանի»:

Օրերս Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր Սյունիքում և Գեղարքունիքում պատերազմից հետո կատարվող սահմանային ճգրտումների մասին իր գրասենյակի կատարած դիտարկումները։ Արման Թաթոյանն ասել էր, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի 68 կիլոմետրանոց հատվածի 21 կիլոմետրն անցել է ադրբեջանական վերահսկողության տակ։ Խորհրդային Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյան հիշում է՝ այն ժամանակ էլ այդ ճանապարհի տարբեր հատվածներ նաև Ադրբեջանն էր օգտագործում, բայց այն շահագործում էր Հայաստանը. «Այո, այնտեղ ուրեմն այդ ճանապարհի ձախ մասը, ենթադրենք, Ադրբեջանն էր, աջ մասը Հայաստանն էր սովետի ժամանակ: Հենց այն ժամանակ այդպես այդ 21 կիլոմետրը հիմնականում այդ մասին է ասում, հասկանալի է` Շուռնուխի միջոց է անցնում մի մասն էլ, Որոտանի միջով է անցնում, դա Գորիսի կողմից, Կապանի կողմը հիմնականում Կուբաթլուի հետ և Զանգելանի հետ կապված հարտվածների մասին է խոսքը գնում»:

Կարեն Մկրտչյանը պատմում է՝ 1990-ականներին էլ էր ադրբեջանական կողմը գերեվարում հայերին, սպանում։ Հիշում է, թե ինչպես է հրահանգել ոստիկանությանը վտանգավոր հատվածներում ուղեկցել ավտոմեքենաներին, բայց որպեսզի հարցին վերջնական լուծում տրվի, 1989-1990-ականներին Աղվանի -Տաթև հատվածում շրջանցող ճանապարհ է կառուցվում։ Խորհրդային Միության վերջին տարիներին՝ 1983-1988-ին Կապանի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեն ղեկավարած Մկրտչյանն ասում է՝ Ադրբեջանը, այժմ սահմանային ճգրտումներ կատարելով գլոբալ տեղորոշման համակարգով (GPS), որոշակի հատվածներում ավելի առաջ է եկել, քան խորհրդային շրջանում սահմանվել էր ճգրտումների արդյունքում. «Ասենք Շիկահողի տարածք կա, որ Շիկահողի համայնքի ղեկավարը, ես ինչքան կարդացի, ասում է, որ նրանք GPS-ով նայում են, էտ հենասյուներից 500 մետր խորը դեպի մեր տարածքն է գալիս, այսինքն` 500 մետրով իրենք խորանում են դեպի մեր տարածք, այսինքն` դուրս եկավ` GPS-ով և այն ժամանակվա քարտեզով իրար չեն համապատասխանում»:

Դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Որոտան և Շուռնուխ համայնքների տասնյակ տներ պետք է փոխանցվեն Ադրբեջանին։ Այդպես էլ եղավ, այնինչ գյուղապետերը պնդում են, որ դրանք միշտ եղել են հայկական տարածքներ։ Որոտանի գյուղապետ Սուրեն Օհանջանյանը մասնավորապես հարցնում է՝ եթե այդ տարածքները խորհրդային տարիներին համարվում էին ադրբեջանական հատված, ինչպե՞ս են այն տարիներին տան տերերը Խորհրդային Հայաստանից տնօրինման փաստաթուղթ ստացել. «86 թվին` սովետի ժամանակ, այգեգործական ընկերությունը, գործկոմ, շրջկոմ է չէ՞ եղել այն ժամանակ, այն ժամանակ մարդիկ տվել են այգեգործական ընկերության սեփականություն»:

Հունվարի 13-ին վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ քննարկվել էին Սյունիքի մարզի սահմանային փոփոխությունները։ Նիկոլ Փաշինյանին զեկուցվել էր մարզի սահմանամերձ համայնքների և ճանապարհների անվտանգության ապահովման, սահմանային կետերի տեղորոշման աշխատանքների, քաղաքացիների հնարավոր գույքային վնասների փոխհատուցման գործընթացի և այլ խնդիրների լուծման ընթացքի մասին: Սակայն որևէ կոնկրետ դիտարկում չէր արվել այդ փոփոխությունների իրավական հիմքերի մասին։