Մատչելիության հղումներ

Լրացավ Շուռնուխի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, հայտնում է գյուղապետը


Այսօր կեսօրին լրացավ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի 12 տներն Ադրբեջանին փոխանցելու համար սահմանված վերջնաժամկետը, առավոտյան «Ազատության» հետ զրույցում ասաց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը։

«Մինչև 12-ը լինելու է մեր նարյադը էդ ներքևի թաղում,12-ից հետո իրանք պիտի դուրս գան», - նշեց գյուղապետը:

Արշակյանի խոսքով, գյուղի՝ ադրբեջանական վերահսկողությանն անցնող հատվածի 12 տների շուրջ 40 բնակիչները, չսպասելով վերջնաժամկետին, արդեն հեռացել էին տներից։

«Երեկ իրիկունը վերջին մարդիկ դուրս եկան, կան մարդիկ, որոնք չեն կարողացել այստեղ տուն ճարել, Գորիսում ու Կապանում են, մնացածն էլ էստեղ են տեղավորվել», - հայտնեց Արշակյանը:

Հակոբ Արշակյանի փոխանցմամբ՝ լքվող տներից մեկի տերը երեկ երեկոյան այրել է գույքը, միաժամանակ ֆեյսբուքյան ուղիղ եթերում ստեղծված իրավիճակի համար մեղադրելով Հայաստանի իշխանություններին:

Գորիս-Կապան ճանապարհի վրա գտնվող Շուռնուխ գյուղի հատվածում այսուհետ հայկական և ադրբեջանական կողմերին կբաժանի շուրջ 10 մ հեռավորություն: Հենց ներկա սահմանով էլ անցնում է Մ2 միջպետական մայրուղին: Շուռնուխի գյուղապետի փոխանցմամբ, հայ և ռուս սահմանապահներն այնտեղ են. «Ռուս սահմանապահներն էլ կանգնած են, մեր սահմանապահներն էլ, իրանց աշխատանքը կատարում են»:

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը երեկ «Սյունաց երկիր» պարբերականին տված հարցազրույցում մանրամասնել է՝ մայրուղու այդ հատվածը վերահսկում են ռուս սահմանապահները։ Ճանապարհի մի կողմում ադրբեջանական հենակետն է, հայկական կողմում՝ հայ զինվորականները: Ըստ մարզպետի, անվտանգության այս համակարգն ուժեղացվում է։ Մելիքսեթ Պողոսյանը նշում է՝ խորհրդային քարտեզները, որոնցով էլ կարգավորվում են սահմանագծման-սահմանորոշման աշխատանքները շատ դեպքերում համոզիչ չեն ու կասկածելի են։ Ըստ նրա, 1920-ականների և 80-ականների քարտեզների միջև մեծ տարբերություն կա։ Երեկ էլ քարտեզագրող Շահեն Շահինյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ իր ձեռքի տակ երկու քարտեզ կա, որոնցից մեկով Շուռնուխն ամբողջությամբ Հայաստանի կազմում է։

Մարզպետի հավաստիացմամբ՝ գյուղն արոտավայրեր, վարելահողեր չի կորցնում, դրանք, ըստ Պողոսյանի, գտնվում են հայկական կողմում։ Մարզպետի խոսքով՝ տնամերձ հողամասերի խնդիր կա, ինչը Պողոսյանը լուծելի է համարում։ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ Շուռնուխի և ընդհանրապես Սյունիք- Ադրբեջան սահմանագծի վիճարկելի հարցերը բաց են մնալու, քանի դեռ սահմանագծման-սահմանորոշման հարցը հիմնովին ու ճշգրտորեն չի լուծվել։

Իրենց գույքը կորցրած շուռնուխցիները փոխհատուցում կստանան, ասում է մարզպետը՝ նշելով, որ արդեն սկսվել են հաշվառման ու փաստագրման աշխատանքները։ Իրենք բնակիչների կողքին են արդեն «Ազատության» հետ զրույցում ասաց Պողոսյանը:

«Ամեն ինչ արվելու է, որ գյուղն ունենա զարգացում», - ասաց նա:

Տներից հեռացած շուռնուխցիների բնակարանային խնդիրների լուծման մի քանի տարբերակ կա, ասում է մարզպետը՝ նշելով, որ այժմ գյուղում բնակելի շենք կառուցելու նախագիծ կա։

XS
SM
MD
LG