Ռուսական ռազմաբազայի տեղակայումը Սյունիքը կփրկի դատարկվելուց, վախը դուրս կգա, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Ձեր առաջարկը համընկավ Մոսկովյան այցից հետո, Դուք ասում եք, որ Սյունիքում ևս պետք է տեղակայել ռուսական ռազմաբազա, ինչո՞ւ:
Էդմոն Մարուքյան. - Մոսկվա այցի հետ դա կապ չունի, որովհետև «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների մի մեծ խումբ մեկնեց Սյունիք և այդ սահմանազատման, այսպես կոչված, պրոցեսների, ժողովրդի հետ հանդիպումների արդյունք է: Մարդկանց մեջ վախ կա մտած, ես չեմ վախենում սա ասել, և այդ վախը պետք է մարդկանց մեջից հանել: Եթե այդ վախը մարդկանց մեջից մենք չհանենք, ոչ թե հայտարարություններով, որ, ժողովուրդ ջան, ձեր վրա չեն հարձակվի, կամ, ժողովուրդ ջան, մենք ոչ մի միլիմետր չենք զիջում, կամ, ժողովուրդ ջան, մենք ձեր անվտանգությունը երաշխավորում ենք, ժողովուրդը տեսել է՝ իրենց անվտանգությունը ոնց են երաշխավորում, ժողովուրդը տեսել է միլիմետրը զիջում են, թե չեն զիջում և ժողովուրդը տեսել է, թե ինչ է նշանակում ադրբեջանցի և ինչ է նշանակում պատերազմ: Այս վախերը հանելու համար և Սյունիքի մարզը դատարկվելուց փրկելու, այդ մարզը պահելու որպես Հայաստանի Հանրապետության ողնաշար, այս պահին միակ լուծումը ռուսական ռազմաբազայի տեղակայումն է, և շատ հիմնավոր եմ ես դա ասում:
Ինչո՞ւ եմ ասում, որովհետև, տեսեք, ռուսական մեծ զորք հիմա կա Արցախում՝ խաղաղապահ ուժերը: Խաղաղապահ ուժերը սնուցվում են Գյումրիի ռազմաբազայից, Էրեբունիի օդանավակայանից, այսինքն, ըստ էության, պայմանագրի թարմացման արդյունքում հայ-ռուսական, ռազմական բնույթի պայմանագրի մասին եմ ես խոսում, մենք կարող ենք ռուսական բազայի նոր հենակետ ստեղծել, օրինակ, Գորիս քաղաքում, որը կսնուցի խաղաղապահ ուժերին Արցախում և նաև անվտանգությունը կապահովի Հայաստանի Հանրապետության ողնաշարի: Եթե դա չլինի, մենք ուղղակի էդ հայտարարություններով, որ գրում ենք՝ ժողովուրդ ջան, մի անհանգստացեք, ժողովուրդը լսելո՞ւ է, հա՞:
«Ազատություն». - Խծաբերդում էլ կային խաղաղապահներ. Արցախում ինչ տեղի ունեցավ, վերջում էլ քարտեզից հանեցին:
Էդմոն Մարուքյան. - Խծաբերդում չկային ռուս խաղաղապահներ և դա հրապարակային էլ է ասվել:
«Ազատություն». - Իսկ ինչո՞ւ չկային:
Էդմոն Մարուքյան. - Որովհետև խաղաղապահների թիվն այդ պահին չէր հերիքում, և երկրորդը՝ քարտեզի հետ կապված վիճելի հարցեր են եղել:
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, վիճելի ի՞նչ կար, կողմերը պետք է կանգնեին այնտեղ, որտեղ հասել էին: Այդ պահին Խծաբերդում հայկական զորքերն էին:
Էդմոն Մարուքյան. - Վիճելին այն է, որ ադրբեջանական կողմն ասում էր, որ կռիվը, երբ որ ավարտվել է, Խծաբերդը և այդ մյուս տարածքները չեն եղել հայական ուժերի կողմից վերահսկվող:
«Ազատություն». - Բայց հայական կողմն ասում է՝ եղել են:
Էդմոն Մարուքյան. - Դե ասում է, այսինքն վիճելի է, չէ՞, դու մի բան ես ասում, ես մի բան եմ ասում, և այդ վեճի արդյունքում եղավ այն, ինչ որ եղավ: Վիճելի հարց կար, և վիճելի հարցը լուծվեց հօգուտ Ադրբեջանի, ինչո՞ւ, որովհետև մեր բանակցողը շարունակում է մնալ Նիկոլ Փաշինյանը:
«Ազատություն». - Թե որ խաղաղապահները չարեցին, ինչ պետք է անեին:
Էդմոն Մարուքյան. - Խաղաղապահները չէին այդ բանակցողը:
«Ազատություն». - Հաջորդ հակափաստարկը, որ նոր ռազմաբազա նշանակում է՝ ինքնիշխանության կորստի ևս մեկ աստիճան:
Էդմոն Մարուքյան. - Ինքնիշխանության կորստի որևէ աստիճան ես չեմ տեսնում, որովհետև մենք արդեն Հայաստանում անկախության օրերից ի վեր մինչև այսօր, ունենք ռուսական ռազմաբազա՝ երկու գարնիզոնով, Գյումրիի և Երևանի գարնիզոնով, և նաև այդ ռազմաբազան իր փորձով ցույց է տվել, որ ապահովել է այդ տարածաշրջանի անվտանգությունը: Օրինակ՝ դուք ունե՞ք մի դեպք, որ թուրքական կողմից որևէ մեկը ոտնձգել է Հայաստանի Հանրապետության սահմանների վրա, չունենք նման դեպք: Այսինքն՝ մենք ունենք 30 տարվա փորձ, որ արդյունավետ գործել է, հիմա մենք ունենք Սյունիք, որտեղ 180 կմ հեռու էին կանգնած ադրբեջանցիները, հիմա եկել են այնպիսի բլուրների վրա են կանգնել, որ նայում են Կապան քաղաքին:
«Ազատություն». - Բայց մյուս կողմից մենք ունենք Տավուշը, որտեղ չկա ռուսական ռազմաբազա և վերջին երեք տասնամյակում միշտ էլ լարված է եղել, էլի սահմանապահ մարզ է: Մենք ունենք Գեղարքունիքի մարզը, Վարդենիսը, պատերազմի օրերին ռուսները փաստացի բազա ունենալով Գյումրիում, չեն միջամտել, չեն պաշտպանել հայ ժողովրդին:
Էդմոն Մարուքյան. - Որովհետև ադրբեջանական զորքերի միջամտություն չի եղել, այսինքն չեն մտել Հայաստանի Հանրապետության տարածք, որը գտնվում է ՀԱՊԿ կամ հայ-ռուսական ռազմական համագործակցության մեջ: Երկրոդը՝ Դուք ինչ-որ ասում եք, դա գիտե՞ք որ Հայաստանի մասին եք խոսում, էն, որ Ադրբեջանի հետ ուներ հրադադարի 94 թվականին համաձայնագիր կնքած և Արցախի հետ միասին ուներ 42 հազար քառակուսի կիլոմետր, էդ Հայաստանի մասին եք պատմում ինձ, էդ Հայաստանն էլ չկա, էս ուրիշ Հայաստան է, որը կորցրել է իր երաշխավորած տարածքի 10 հազար քառակուսի կիլոմետրը և վտանգի առաջ է կանգնեցրել իր ամենակարևոր մարզը:
«Ազատություն». - Պարոն Մարուքյան, հուլիսին ո՞ր Հայաստանն էր, ռուսներն էլի չեն միջամտել:
Էդմոն Մարուքյան. - Բայց հուլիսին Տավուշում ի՞նչ է եղել, որ ռուսները միջամտեին, ինչո՞ւ պետք է միջամտեին, Հայաստանը դիմել է ռուսներին չե՞ն միջամտել, չի դիմել, չէ՞: կարիքը լիներ, կդիմեր, նրանք էլ կմիջամտեին:
Հաղորդումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.