«Էմնեսթին» մեղադրում է Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի խախտման մեջ

Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական զինված ուժերը 44-օրյա պատերազմի ընթացքում անհամաչափ և ոչ ընտրողական հարվածներ են հասցրել, որոնք արգելված են միջազգային մարդասիրական իրավունքով, հայտարարել է Amnesty International-ը («Էմնեսթի ինթերնեշնլ») ղարաբաղյան հակամարտությանը նվիրված իր զեկույցում։

Միջազգային հեղինակավոր կազմակերպության պնդմամբ՝ թեև թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական պաշտոնական գերատեսչությունները հերքել են քաղաքացիական բնակչության ուղղությամբ կրակի վարումը, երկուսն էլ թիրախավորել են քաղաքացիականների։

«Օգտագործելով այս ոչ ճշգրիտ և մահաբեր զենքերը քաղաքացիական բնակավայրերի շրջակայքում՝ հայկական և ադրբեջանական զինված ուժերը խախտել են պատերազմի օրենքները և անարգանք դրսևորել մարդկային կյանքի նկատմամբ»,- հայտարարել է կազմակերպության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Մարի Սթրութերսը։

Հունվարի 13-ին հրապարակված զեկույցի համաձայն՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տևած պատերազմում 146 քաղաքացիական անձ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ։ Հայ քաղաքացիական զոհերի թիվը 52 է։ Ադրբեջանական կողմը հայտնում է 94 քաղաքացիական զոհի մասին։

«Էմնեսթի Ինթերնեշնլը» կոչ է անում մարամասն և անկողմնակալ հետաքննություն իրականացնել՝ միջազգային մարդասիրական իրավունքի խախտման հնչեցված ահազանգերի վերաբերյալ, բացահայտել պատասխանատուներին և բավականաչափ ապացույցների առկայության դեպքում քրեական պատասխանատվության ենթարկել նրանց։ Կոչ է արվում նաև անհապաղ ամբողջական և իրավաչափ փոխհատուցում հատկացնել միջազգային մարդասիրական իրավունքի խախտման հետևանքով տուժած անձանց, կազմակերպել նրանց անվտանգ վերադարձն իրենց տներ։

«Հաճախակի հարվածները Լեռնային Ղարաբաղի քաղաքների և գյուղերի ուղղությամբ կարող էին հանգեցնել ավելի շատ քաղաքացիական զոհերի, եթե բազմաթիվ քաղաքացիականներ չլքեին շրջանը կամ չապաստանեին նկուղներում», - ասվում է զեկույցում։ Նշվում է նաև, որ ադրբեջանական զինուժի կողմից հարվածները նաև ավերել կամ վնասել են մեծ թվով քաղաքացիական կացարաններ, քաղաքացիական նշանակության այլ կառույցներ՝ ներառյալ եկեղեցիներ և շուկաներ։

Զեկույցը մանրամասն ներկայացրել է նաև ադրբեջանական կողմում հայկական զինված ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքով քաղաքացիական կորուստները։

Կողմերին կոչ է արվում նաև հավաստելու, որ կասետային ռումբերն այլևս չեն օգտագործվի ռազմական գործողություններում, և որքան հնարավոր է արագ քայլեր կձեռնարկվեն` միանալու Կասետային զինամթերքի վերաբերյալ միջազգային կոնվենցիային։

44 օր տևած պատերազմի ընթացքում հայկական և ադրբեջանական կողմերը պարբերաբար մեղադրել են միմյանց արգելված զինատեսակների կիրառման մեջ։ Երկու կողմերն էլ պաշտոնապես հերքել են իրենց հասցեագրվող մեղադրանքները։

ՄԱԿ-ի Կասետային զենքի կիրառման վերաբերյալ կոնվենցիան համաձայնեցվել է 2008 թվականին Դուբլինում։ Առ այսօր ավելի քան 100 երկիր միացել է այս փաստաթղթին, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը կասետային զինամթերքի կիրառումն արգելող կոնվենցիան չեն ստորագրել։

Ղարաբաղյան պատերազմում մարդասիրական իրավունքի երկկողմանի խախտումներին անդրադարձել է նաև Human Rights Watch միջազգային կազմակերպությունը։ Հունվարի 13-ին հրապարակված ամենամյա զեկույցում իրավապաշտպան կազմակերպությունը հայկական կողմին մեղադրում է հակառակորդ կողմի ուղղությամբ ոչ ընտրական հարվածներ հասցնելու, բնակավայրեր հրետակոծելու, քաղաքացիական մահեր պատճառելու մեջ։

Արգելված կասետային զինատեսակներ կիրառելու և քաղաքացիական անձանց զոհվելու մեջ զեկույցը նաև Ադրբեջանին է մեղադրում։ Բացի այդ, HRW-ն հիշատակում է, որ մարդասիրական իրավունքի կոպիտ խախտմամբ ադրբեջանցի զինվորները հայ ռազմագերիներին ֆիզիկական ստորացումների են ենթարկել, ինչը տեսանկարահանվել է և տարածվել առցանց տիրույթում։