Արցախում ծառայող զինվորների ծնողները վարչապետին խնդրում են ժամկետից շուտ զորացրել իրենց որդիներին

44-օրյա պատերազմին մասնակցած զինծառայողների մի քանի տասնյակ ծնողներ այսօր կառավարության առջև էին հավաքվել՝ հանդիպում պահանջելով վարչապետի հետ։ Նրանք Նիկոլ Փաշինյանին խնդրում են Արցախում ժամկետային զինծառայություն անցնող իրենց որդիներին զորացրել օրենքով սահմանված ժամկետից շուտ:

Ավելի քան 2 ժամ տևած ակցիան ավարտվեց, երբ ծնողների խմբին ընդունեցին վարչապետի օգնականներ Նաիրի Սարգսյանն ու Սուրեն Ղամբարյանը։ Ասացին՝ շաբաթ օրը վարչապետը կընդունի իրենց։

«Ուրեմն կապված մեր խնդրանքի հետ` վարչապետի հետ հանդիպման, նշանակվեց օր` շաբաթ օրը` ժամը 12-ին, մեզ էլի կընդունեն, արդեն վարչապետի ֆորմատով», - ասաց ծնողներից մեկը:

Արցախում ժամկետային զինծառայություն անցնողների ծնողները պնդում են՝ պատերազմ անցած իրենց որդիներն առողջական լուրջ խնդիրներ ունեն և չեն կարող շարունակել ծառայությունը։ Արթուր Բադալյանի որդին ռազմական գործողություններից հետո կարճ ժամանակով արձակուրդ է եկել, բայց կան ժամկետային զինծառայողներ, որոնք զորակոչվելուց հետո տուն ընդհանրապես չեն եկել. «Օտպուսկ եկել են, հետ են գնացել, խնդիրներ են եղել: Հիմա մենք կուզենք մեր երեխեքի համար հարցեր լուծվեն: Եկել ենք էստեղ ծնողներով, որ հլը աշենք` վարչապետը մեզ ինչ պատասխան պիտի տա: Թող էտ 18-20 տարեկան երեխեքին ձրի չպահի, կռվեն, հենա փողով թող տանի, պոստերը պահել տա»:

«Իմ տղան արդեն տարի մի ամսվա ծառայող է, ես իմ երեխուն չեմ տեսել` ոչ օտպուսկ է եկել, ոչ իր հասանելիք 6 ամիսը, որ լրանում է, 10 օրով ուղարկում են, ոչ դա, ոչ էլ հիմա խրախուսանքը, որովհետև եկած երեխեքը սաղ հիվանդ են: Էտ երեխեքին տանում են սահման, ի՞նչ անեն, մեռցնե՞ն», - ասում է մեկ այլ ծնող:

Ծնողներն ասում են՝ պատերազմից հետո ձեռք բերած առողջական խնդիրները պետք է լուծվեն, մինչդեռ մնալով դիրքերում` որդիներն էլ ավելի են հյուծվում. «Հոգեպես անհավասարակշիռ, վատառողջ 18-ամյա պատանին կարո՞ղ է սահման պահել, երբ նա վախերի մեջ է, երբ առողջական խնդիրներ ունի: Ինչպե՞ս եք պատկերացնում նրա պահած սահմանը: Ես տեսել եմ վերջին անգամ (որդուն), երբ գնացել եմ երդման արարողությանը` մեկ տարի առաջ, հասանելիք արձակուրդը չստացան կարանտինի պատճառով, և հետո հաջորդեց պատերազմը, հիմա էլ խրախուսումը չի ստանում, որովհետև մնացած զինվորները, որոնք եկել են արձակուրդի, առողջական խնդիրներով այդ երեխաները չեն կարողանում վերադառնալ», - նշում են նրանք:

Հայաստանում պարտադիր զինվորական ծառայությունը տևում է 24 ամիս։ Իրենց որդիների համար, ըստ էության, արտոնություն պահանջող ծնողները պնդում են, թե պատերազմ անցած իրենց որդիների փոխարեն զինված ուժերում նրանց տեղերը կարող են լրացնել պայմանագրայինները. «Իրենց տեղը ծառայելու համար մենք ունենք պայմանագրային ծառայողներ, թող գնան, պահեն պոստերը: 18 տարեկան տղան պատերազմ է տեսել, էտ երեխան, որ եկավ վաղը Հայաստան, ի՞նչ ձևով է ապրելու, կարաք ասեք` նրա աչքերն ու հիշողությունը կորելո՞ւ են, էն էլ ինչ պատերազմ, բոլորը գիտեն»:

Պաշտպանության նախարարությունը չի պարզաբանում, թե արդյոք հնարավոր է ժամկետից շուտ զորացրել պատերազմի մասնակից զինծառայողներին։