Մատչելիության հղումներ

«Պատերազմի մարդիկ»


Այս պատերազմն Արցախի ողջ տարածքն՝ ավելի քան 12 հազար քառակուսի կիլոմետր դարձրեց աղետի գոտի։ 44 օր ամենաժամանակակից ու ամենաանթույլատրելի զենքերից կրակ էր թափվում առաջնագծի զինվորների, խաղաղ բնակիչների վրա՝ ամենուր։

100 հազար արցախցի լքեց բնակավայրը։ Ավելի քան 30 հազար մարդ կորցրեց իր տունը, բնակավայրն՝ ընդհանրապես։

Արցախի 121 մեծ ու փոքր համայքններ անցան Ադրբեջանին։ Հազարավոր հայրեր, մայրեր, այրիներ սևի մեջ են։

Մինչև այժմ պաշտպանության բանակը հրապարակել է ավելի քան 2 հազար զոհված զինծառայողի անուն, թիվը վերջնական չէ։ Դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 3 հազար 330 մարմին։

«Հիմա իմ տունը սգի տուն ա դարձել»

«Թաքս ա եղել, հասկանո՞ւմ եք՞, քանի սենց ընտանիք կա, որ իրենց թաքին կորցեցին։ Մենք միշտ ուրախ ընտանիք ենք եղել, հիմա իմ տունը սգի տուն ա դարձել՝ մենակ մտնում են սգալու համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արթուր Զաքարյանը՝ շարքային Վարդան Զաքարյանի հայրը։

Երևանի մահվան բլուրում բոլոր ժամերին սգացող մարդիկ կան։ Գուրգուրում են սառը շիրմաքարերը, հարդարում ծաղիկները, տանը ոչ մի ուրախություն այլևս չկա, այստեղ, ասում են, գոնե միասին են։

«Ամեն օր ժամը 13։30-ից 14։00-ն ստեղ ենք, ուրիշ անելու բան չունենք, ես ու կինս ենք, էս մեկն ունեինք ընդամենը», - Արթուր Զաքարյանը մինուճար որդուն չհասցրեց զինվորական հագուստով տեսնել՝ պատերազմի օրերին «Հետք»-ի լուսանկարիչն է ֆիքսել շարքային Զաքարյանին։ 11 օրվա նորակոչիկին զորամասից առանջնագիծ են տարել՝ անօդաչուների հարվածների տակ։ Ինչո՞ւ, հայրը չգիտի՝ ում հարցնի։

«Ինձ իմ երեխեն ա պետք»

19-ամյա Դավիթի հայրը որդու զինակիցներից է լսել, թե սերժանտ որդին մարտական ինչ սխրանքներ է գործել, լսել է նաև, որ շուտով հերոս որդին պարգևի կարժանանա։ Հետաքրքիր չէ, ասում է Դավիթ Ուզունյանի հայրը՝ Բագրատ Ուզունյանը․ - «Ինձ իմ էրեխեն ա պետք»։

Պատերազմի նախօրեին էին այցելել նրան, ուրախ չէր, հիշում են ծնողները։ Նրանց հեռանալուց հետո Դավիթի շիրիմի մոտ հանդիպում ենք ծառայակից ընկերոջը։ Միքայել Մուսայելյանը ժամկետային զինծառայող է, 7-օրյա արձակուրդ էր ստացել ու եկել Եռաբլուր, Դավիթի հետ Եղնիկների երրորդ գումարտակում միասին էին։ «Շատ ազնիվ էր, հոգատար, ուղղակի բարի էր ինքը, մաքուր ստրով», - ասաց Միքայելը։

Այստեղ՝ Եռաբլուրում է նաև իր դասակի հրամանատարը՝ Նարեկ Հովհաննիսյանը, ծաղիկների երկրորդ փունջը նրա համար է։ «Իրա տեղը չգիտեմ, պետք ա ման գամ», - ասաց Միքայելը։

1.5 տարեկան էմիլին դեռ հոր զանգերին է սպասում

Այստեղ 1.5 տարեկան էմիլիի հայրիկն է՝ մնջախաղի դերասան Ադամ Խալաթյանը։ Պապիկն ասում է՝ աղջնակը դեռ հոր զանգերին է սպասում, իսկ դրանք հոկտեմբերի 28-ից ընդհատվել են։ «Հեռախոսը դրել ա ականջին պապայի հետ խոսացել ա, հիմա հենց հեռախոս ա ձեռքն ընկնում, դնում ա ականջին՝ պապա-պապա, երեկ էլ ստեղ էր ինքը», - պատմեց Էդուարդ Սարգսյանը։

Ժամկետայիններ են, կամավորներ, զորահավաքով առաջնագիծ մեկնածներ․ Եռաբլուրում, Արցախի եղբայրական գերեզմանում հազարավոր թարմ շիրիմներ են՝ հիմնականում ժպտացող ու շատ երիտասարդ դեմքեր։ Զինվորի գրպանից գտած նամակում երկրոդ դասարանցի Արփին գրել է՝ «սպասում եմ քեզ օր առաջ՝ հաղթանակած»։

Տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG