Ըստ փաստաբանի` Նավալնին վերադառնալու մասին հայտարարությունն արել է` չիմանալով հետախուզման մասին

Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, արխիվ

Ռուսաստանյան ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին Մոսկվա վերադառնալու մասին հայտարարությունն արել է` չիմանալով, որ հետախուզման մեջ է, այսօր հայտարարել է ընդդիմադիր գործչի փաստաբան Վադիմ Կոբզևը։

Երեկ` հունվարի 13-ին, Նավալնին հայտարարեց, որ գնել է «Պոբեդա» ավիաընկերության` Բեռլին-Մոսկվա չվերթի տոմս և հունվարի 17-ին վերադառնում է Ռուսաստան։

«Գերմանիա գալը իմ ընտրությունը չէր։ Սա հիանալի երկիր է, բայց ես այստեղ եմ հայտնվել ոչ իմ կամքով։ Ես այստեղ եմ հայտնվել, որովհետև ինձ փորձում էին սպանել այն մարդիկ, որ այսօր նեղացել են, որ իրենց չի հաջողվել ինձ սպանել, իսկ այժմ էլ նրանք ազատազրկմամբ են սպառնում», - ասել է նա:

Նավալնիի այս հայտարարությունը սառը ցնցուղ էր Ռուսաստանի իշխանությունների համար, իսկ նրա կողմնակիցները այն մեծ ոգևորությամբ ընդունեցին և պատրաստվում են կիրակի օրը դիմավորել իրենց առաջնորդին Վնուկովո օդանավակայանում:

Ռուսաստանցի փորձագետները, Նավալնիի կողմնակիցները և ընդհանրապես բոլոր բլոգերները փորձում են կանխատեսել, թե ինչ է անելու իշխանությունը ստեղծված իրավիճակում։

Երեկ հայտնի դարձավ, որ Պատիժների կատարման դաշնային ծառայությունը հետախուզում է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի նկատմամբ 2020 թվականի դեկտեմբերի 29-ից: Որոշման մեջ նշված է, որ Նավալնին «Իվ Ռոշե»-ի գործով չի տեղակացրել համապատասխան կառույցներին իր գտնվելու վայրի մասին և այսպիսով անտեսել է վերահսկողությունը:

Ծառայությունը հայտնում է, որ վերջին անգամ Նավալնին նոյեմբերի 23-ին է տեղեկացրել, որ գտնվում է վերականգնման փուլում և չի կարող ասել Ռուսաստան վերադառնալու ժամկետը: Արդյունքում ծառայության աշխատակիցները որոշել են, որ ընդդիմադիրը խուսափում է վերահսկողությունից, և հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ։

Ռուսաստանցի ընդդիմադիրների մեծ մասը համոզված է, որ այս անգամ իշխանությունները հաստատ կձերբակալեն Նավալնիին, սակայն համարում են, որ նույնիսկ այդ վտանգի դեպքում իրական առաջնորդ նա կարող է լինել` միայն գտնվելով Ռուսաստանում, և այդ առումով նրա վերադարձը տրամաբանական է:

Ընդդիմադիր գործիչ Իլյա Յաշինը, օրինակ, համարում է. «Այո, ես կարծում եմ, որ սա ճիշտ որոշում է, թեև հասկանում եմ բոլոր ռիսկերը: Վստահ եմ, և ինքը Նավալնին հասկանում է բոլոր ռիսկերը, ձերբակալվելու իրական ռիսկերը։ Այսինքն` եթե նախկինում մենք բոլորս հասկանում էինք, որ Նավալնիին ցանկացած պահի կարող են նստեցնել, հիմա մեզ համար ակնհայտ է, որ նրան կարող են պարզապես զրկել կյանքից։ Եվ, այնուամենայնիվ, հասարակությանը, ինձ թվում է, շատ կարևոր է ունենալ քաջության այսպիսի օրինակ, երբ մարդը չնայած բոլոր ռիսկերին անում է այն, ինչ անհրաժեշտ է համարում, համառորեն առաջ է տանում իր գիծը և ցույց է տալիս, որ այս իշխանությունից կարելի է չվախենալ։ Այդ պատճառով կարծում եմ, որ դա ճիշտ որոշում է, կարծում եմ, որ դա իսկապես շատ լավ, կարևոր օրինակ է ողջ հասարակության համար»։

Նախկինում Ռուսաստանի իշխանությունները հակառակ սպասումների` Նավալնիին չէին դատապարտում իրական ազատազրկման, նրա դեմ քրեական գործ էին հարուցել, դատապարտել պայմանական անազատության, ինչը թույլ չէր տվել Նավալնիին մասնակցել 2018 թվականին Ռուսաստանի նախագահի ընտրություններին, բայց չէին ձերբակալում։ Ի դեպ, այս պատճառով նաև Ռուսաստանում լայն տարածված էր կարծիքը, թե Նավալնին իրականում ռուսական հատուկ ծառայությունների կողմից կոորդինացվող, վերահսկվող քաղաքական գործիչ է:

Իրավիճակը կտրուկ փոխվեց այն բանից հետո, երբ նրան անցած ամառ փորձեցին թունավորել, և գերմանացի բժիշկները փրկեցին նրան։

Հիշեցնենք, որ ընդդիմադիր գործիչը Բեռլին էր տեղափոխվել օգոստոսին՝ թունավորման փորձից հետո։ Գերմանացի բժիշկների եզրակացության համաձայն` Նավալնիին փորձել էին թունավորել «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով։ Ինքը` Նավալնին իր թունավորման մեջ մեղադրեց անձամբ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Հավելենք` Նավալնիի Բեռլինում գտնվելու ընթացքում Ռուսաստանի քննչական կոմիտեն նրա դեմ նոր քրեական գործ է հարուցել՝ մեղադրելով Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի միջոցները ոչ նպատակային ծախսելու համար։

Ռուսաստանցի փորձագետները այսօր նաև գրում են, որ Նավալնին ճիշտ ժամանակ է ընտրել Ռուսաստան վերադառնալու համար. դեռ երեք օր կա մինչև ԱՄՆ ընտրված նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը, և Նավալնու վերադարձը Մոսկվա հունվարի 17-ին համար մեկ միջազգային լուրն է լինելու: