Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մոսկովյան հանդիպումը հայկական կողմի համար առնվազն արդյունավետ չէր, կարծում է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։ Ասվածին էլ որպես հաստատում Բադալյանը նշում է՝ եռակողմ հանդիպմանը չի լուծվել հայկական կողմի համար առանցքային՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման հարցը։
«Ինչ վերաբերում է Ղարաբաղի զարգացման մասին հարցերին, ինչպես ձևակերպվում է, ապա այստեղ էլ ես չեմ պատկերացնում, թե ինչ համաձայնության մասին է խոսքը, եթե կողմերը գտնվում են տրամագծորեն տարբեր դիրքերում։ Շատ լավ է, իհարկե, որ վարչապետ Փաշինյանն արձանագրեց կարգավիճակի հարցը՝ նշելով, որ «հակամարտությունը կարգավորված չէ և կարգավիճակի հարցն է էականը», մյուս կողմից Ադրբեջանն ունի բոլորովին այլ պատկերացում», - ասաց Բադալյանը։
Թե ի՞նչն է եղել պատճառը, որ հայկական կողմի համար առաջնահերթություն համարվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց փոխանակման հարցը կրկին առկախված է մնացել, քաղաքական մեկնաբանը ենթադրում է՝ ադրբեջանական կողմը նոր պայմաններ է առաջադրել։
«Դատելով Ալիևի մինչ հանդիպում եղած վարքագծից այդ հարցի առնչությամբ, շատ հավանական է, որ դրվել են քաղաքական հավելյալ պայմաններ Հայաստանի առաջ և Նիկոլ Փաշինյանը՝ դրանք անընդունելի համարելով, թերևս մերժել է և ինչն էլ բերել է ռազմագերիների հարցում խնդրի չլուծվածության առնվազմ մոսկովյան հանդիպման ընթացքում», - նշեց Հակոբ Բադալյանը։
Փաշինյան-Պուտին-Ալիև շուրջ 4 ժամ տևած հանդիպումից հետո կողմերն ասուլիսի ընթացքում հայտնեցին՝ նոր հայտատարություն են ստորագրել։ Այն ավելի ուշ հրապարակվեց Կրեմլի պաշտոնական կայքում։
4 կետից բաղկացած հայտարարության տեքստը վերաբերում է նոյեմբերի 10-ին ընդունված եռակողմ հայտատարության 9-րդ կետի կատարմանը, որով նախատեսվում է ապաշրջափակել տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը։
Այդ նպատակով կողմերը համաձայնել են աշխատանքային խումբ ձևավորել՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների նախագահությամբ։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումն, ըստ հայտատարության, տեղի կունենա մինչև հունվարի 30-ը։ Իսկ մինչև մարտի 1-ը կողմերն ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնեն Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց, ասված է տեքստում։
Տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը հարցն ավելի շատ ադրբեջանական կողմի ցանկությունն է, ինչի համար նախապայմաններ ստեղծվեցին, ասում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Դա, ըստ քաղաքագետի, ցույց է տալիս, որ Ադրբեջանը շարունակում է օրակարգ թելադրել։
«Ադրբեջանին ապաշրջափակումը պետք էր, իրենք թելադրեցին խաղի կանոններն ու ստացան։ Մենք ասացինք, որ մեզ համար նաև կարևոր է գերիների հարցն ու արդյունք չկա։ Բայց ես մյուս հարցն ուզում եմ տալ՝ ես չեմ հասկանում, ե՞րբ ենք մենք Ղարաբաղի կարգավիճակի հարցը բարձրացնելու, ե՞րբ է այդ հարցը շոշափվելու։ Ես չեմ ասում, որ լուծում ստանա, բայց ե՞րբ է այդ հարցն օրակարգ մտնելու», - ասաց Ստեփան Գրիգորյանը։
Քաղաքագետն Արցախի կարգավիճակի հարցի լուծումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում, սակայն ոչ ռուսական, ոչ էլ ադրբեջանական կողմը, նրա համոզմամբ, այդ հարցում շահագրգիռ չեն։
«Ռուսաստանը ոչ մի բան չասեց՝ երբ կվերադառնան Մինսկի խմբի շրջանակներ, բայց Ռուսաստանը մի շատ նուրբ խորամանկություն արեց՝ փորձեց նորից պատասխանատվությունը գցել նաև Ամերիկայի, Ֆրանսիայի վրա՝ Մինսկի խմբի վրա։ Եթե հիշում եք, այս հանդիպումից առաջ Պուտինն ասաց, որ այդ ամեն ինչն արվում է Մինսկի խմբի շրջանակներում, ինչը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը։ Մինսկի խմբի շրջանակներում Ղարաբաղի կարգավիճակի հարցն առաջնահերթություններից էր ոչ միայն յոթ շրջանների վերադարձ Ադրբեջանին, նաև կարգավիճակի հարցը», - նշեց։
Եռակողմ հանդիպմանը Կրեմլում հաջորդել է նաև Փաշինյան-Պուտին, Պուտին-Ալիև առանձին հանդիպումը։ Հայաստանի վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ անդրադարձել Է գերիների, անհետ կորածների, զոհված զինծառայողների մարմինների փոխանակման հարցին։ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Պուտնին՝ այդ հարցում աջակցության համար։