Կարանտինը երկարաձգելու առաջարկը ռեստորանային ու զբոսաշրջային ոլորտներում մտահոգություններ է առաջացրել

Մինչ կառավարությունը առաջիկա նիստում կքննարկի կորոնավիրուսի պատճառով սահմանված կարանտինը ևս կես տարով երկարաձգելու Առողջապահության նախարարության առաջարկը՝ ռեստորանային ու զբոսաշրջային բիզնեսի ներկայացուցիչները մտահոգված են, գրեթե փակման եզրին են։

Թեև տարեվերջին կառավարություն ուղարկած Առողջապահության նախարարության նախագծում փոփոխություններ անելու առաջարկ չկա, այդուհանդերձ Ռեստորանների հայկական միության տնօրեն Վահե Գևորգյանի խոսքով՝ եղած սահմանափակումներն արդեն իսկ խիստ են։ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակը երեկ «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ օրական գրանցվող հարյուրավոր դեպքերն են պատճառ հանդիսացել կարանտինը երկարաձգելու համար։ Ռեստորանների հայկական միության կազմում, մի քանի տասնյակ ռեստորաններ են՝ 35 հազար աշխատողով։

Առողջապահության նախարարությունն ուղղված միության առաջարկներից մեկն այն է, որ ելումուտի համար քիչ թե շատ բաց երկրներից Հայաստան եկողների մուտքը չարգելվի՝ պահպանելով, իհարկե, անվտանգության կանոնները, մյուս առաջարկն էլ՝ եղած սահմանափակումները վերանայելն ու իրենց հետ խորհրդակցելը:

«Կա նաև այստեղ սահմանափակում, որը մնացել էր՝ 60 հոգանոց միջոցառումների, մենք հասկանում ենք, որ հիմա ուրախ միջոցառումների և այլն, դրա ժամանակը դեռ չի, բայց մի քանի ամիս հետո, ամեն դեպքում կամ կան նաև այլ կարգի միջոցառումներ, այդ սահմանափակումն էլ արդեն այդ իմաստը չունի, ժամանակավրեպ է իրեն նույն ձևով պահելը: Նաև սեղանի շուրջ նստելու էդ թիվը, որ 8 հոգի է մինչև սարքվել, մենք իրականության հետ էլ պետք է առնչվենք, որ այն, ինչը որ տրամաբանությունից դուրս է լինում, կյանքի ընթացքում մերժվում է», - ասաց Գևորգյանը:

Առողջապահության նախարարության այսպիսի որոշումներն ուղիղ ազդեցություն են ունենում տնտեսության վրա, Վահե Գևորգյանը առանձին ճյուղերից կազմված աշխատանքային խմբի անհրաժեշտություն է տեսնում։ «Մեզ վերաբերող որոշումներ կայացնելուց առաջ, կարևոր է նաև մեր առաջարկները լսել», - եզրափակեց Ռեստորանների հայկական միության գործադիր տնօրենը։

«Գոնե առաջարկում ենք, որ ընդունվելուց հետո շատ արագ մեզ ներգրավեն և այլ ոլորտներից, մենք կարողանանք որոշակի շտկումներ անել այդ կանոնների մեղմացման մեջ», - նշեց նա:

Արդեն 10 տարի զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող Յաշա Սոլոմոնյանն ասում է՝ բիզնեսին շնչելու հնարավորություն պետք է տրվի, որովհետև շուրջ մեկ տարի է իրենց ոլորտը սնանկության եզրին է։ Փակ սահմանների ու հակահամաճարակային սահմանափակումների պատճառով տուրիստական հազարավոր կենտրոնների աշխատակիցները փաստացի անգործ են մնացել։

Ոլորտի ներկայացուցիչները պարբերաբար դժգոհում են՝ եթե ամռանը մեկումեջ փոքր խմբերով տուրեր հնարավոր էր իրականացնել, ապա դրանից հետո ոլորտն առհասարակ մեծ ճգնաժամի առաջ կանգնեց։ Ըստ Յաշա Սոլոմոնյանի՝ 6 ամսով կարանտինը երկարաձգելը սպասելի արդյունքը չի տալու, որովհետև Հայաստանում դեռ լուրջ խնդիր է անվտանգության կանոններն ամենուրեք պահպանելն ու դրանց պատշաճ վերահսկողությունը:

«Մեր պետություն ներդրումը որպես զբոսաշրջային ուղղություն համաշխարհային տուրիզմի մեջ դա ջրի կաթիլիկ է և խոշոր հաշվով մեր որոշումները որևէ կերպ ինչ-որ բան չեն փոխում: Զբոսաշրջությունը և զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները ունեն հսկայական խնդիրներ՝ գոյատևման խնդիր, առհասարակ ապրելու խնդիր ունեն, բայց մյուս կողմից էլ կառավարության որոշումներն էդ մասով կարանտինը երկարաձգել, թե չէ, կործում եմ՝ որևէ կերպ ազդեցություն չեն կարող ունենալ զբոսաշրջության վրա, քանի որ խնդիրը մեզանից չէ, այլ խնդիրը գլոբալ է», - ընդգծեց ոլորտի ներկայացուցիչը:

Յաշա Սոլոմոնյանն ասում է, որ զուտ գոյատևման խնդիրը լուծելու համար, զբոսավարների մի մասը վերապրոֆիլավորվել ու այլ ոլորտներում են սկսել աշխատել, բայց դա չի նշանակում, որ պետությունը պետք է ամեն ինչ թողնի այդ մարդկանց ուսերին։

Հայաստանում մասնագետներն արդեն խոսում են համաճարակի երրորդ ալիքի մասին։ Կորոնավիրուսի բռնկման առաջին օրերից, որպես Covid-ի կենտրոն վերապրոֆիլավորված Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի փոխտնօրեն Կարեն Պողոսյանն էլ ասում է՝ եթե չպահպանվեն անվտանգության կանոնները, բժիշկներն էլ իրենց ուսերին չեն կարող ողջ բեռը վերցնել, ջլատվում են՝ սպառվում։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի 200 մահճակալներից 120-ն է այս պահին զբաղված, ևս 18-ը՝ վերակենդանացման բաժանմունքում։ Կարեն Պողոսյանն ասում է, որ կենտրոնն այս պահին ծանրաբեռնված չէ, բայց դա չի նշանակում, որ վաղն այս թվերը չեն կարող կտրուկ փոխվել:

«Ինչքան ավելի շատ են վարակվածության թվերը և մահացության թվերը, ինչքան ավելի շատ լրատվամիջոցները խոսում և տարածում են դրա մասին, այդքան ավելի զգույշ են լինում մարդիկ, կրում են դիմակներ, պահպանեում են տարածությունը: Ինչքան թվերը պակասում են և համեմատաբար համաճարակային վիճակն ավելի թեթև է լինում, այդքան մարդիկ հանգստանում են կորցնում են զգոնությունն ու ավելի անզգույշ են դառնում՝ չպահպանելով և՛ տարածություն, և՛ դիմակ կրելը: Իհարկե, դա բերելու է հետևանքների, ոնց որ ցույց տվեց ամառվա փորձը», - ասաց Պողոսյանը:

Հունվարի 7-ի տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 201-ով, բուժվածներինը՝ 812-ով, գրանցվել է մահվան ևս 11 դեպք։ Այս պահին Covid-ից բուժվում է ավելի քան 10 հազար մարդ։ Առողջապահության նախարարությունից այսօր մեզ չհաջողվեց, կառավարություն ուղարկված նախագծի վերաբերյալ մանրամասներ ճշտել, ասացին՝ հարցազրույցներ կտան միայն վաղվանից։