Մատչելիության հղումներ

Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները դեռ չեն կարող ասել՝ մուտացիայի ենթարկված COVID-19 կա Հայաստանում, թե ոչ


Առողջապահական ոլորտի ներկայացուցիչները դեռ չեն կարող ասել՝ արդյոք մուտացիայի ենթարկված կորոնավիրուս կա Հայաստանում, թե՝ ոչ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) օրերս հայտարարեց, որ աշխարհը պարալիզացրած COVID-19-ը մուտացիայի է ենթարկվել։ Առաջին անգամ այն հայտնաբերվել է սեպտեմբերին՝ Մեծ Բրիտանիայում: Դեպքեր են գրանցվել նաև Դանիայում, Նիդերլանդներում և Ավստրալիայում:

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանն «Ազատությանը» տեղեկացրեց՝ վարակի նմուշներն ուսումնասիրող վերազգային լաբորատորիան առաջիկայում թերևս կհայտնի՝ ինչ ենթատեսակ է Հայաստանում հիմա շրջանառվում։ Ըստ մասնագետի՝ կորոնավիրուսի մուտացված տարբերակի վարակելիության ծանրության աստիճանը դեռևս գնահատված չէ, բայց որոշ ուսումնասիրություններ արդեն փաստում են՝ այն ավելի արագ է տարածվում։

«Գրեթե նույն ձևով է ընթանում, միակ, ըստ երևույթին, այս պահի դրությամբ հայտնի տեղեկատվությունը տարածման արագությունն է», - ասաց Սահակյանը:

Գիտնականները դեռ չեն պարզել նորաստեղծ պատվաստանյութերի ազդեցությունն ու արդյունավետությունը, ու հիմա առավել դժվար է հասկանալ՝ ինչպես դրանք կարող են պայքարել վիրուսի՝ մուտացիայի ենթարկված տարբերակի դեմ։ Բժիշկներն ասում են՝ բոլոր վիրուսներին էլ բնորոշ է մուտացիան, և այդ պատճառով պատվաստանյութը ստեղծվում է հենց տվյալ տարվա համար։ Այդուհանդերձ մասնագետը հիշեցնում է՝ COVID-19-ն արդեն իսկ մուտացիայի ենթարկված վիրուս է և առավել հայտնի 4 պատվաստանյութերն այս պահի դրությամբ արդյունավետ են։

«Բոլոր դեպքերում մտավախությունը կա, որ կարող է սպիտակուցի այնպիսի լուրջ փոփոխություններ, մուտացիաներ լինեն, և ի վերջո նրանք կարող են կայուն լինել պատվաստանյութի նկատմամբ և պատվաստանյութի արդյունավետությունն այդ տեսանկյունից ընկնի», - նշեց Գայանե Սահակյանը:

Հայաստանը դեռ միայն ռուսական «Սպուտնիկ» պատվաստանյութն է ստացել որպես օգնություն։ Հնարավորություն կա՝ ստանալ գերմանականն ու ամերիկյանն էլ, սակայն ժամկետներ դեռ չեն նշվում։ Իսկ ռուսական պատվաստանյութն իր վրա առաջինը փորձարկած Առողջապահության նախարարը, ըստ Գայանե Սահակյանի, իրեն լավ է զգում, երկու տեղակալները, մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ էլ հետևել են Արսեն Թորոսյանի օրինակին։

«Բոլորն իրենց լավ են զգում, ոչ մի խնդիր չի առաջացել: Ասեմ, որ մի դեղաչափ էլ դեռ ես եմ պատվաստվել, ես նույնպես շատ լավ եմ տարել: Մարդը կարող է պատվաստվել, անկախ նրանից, նախկինում հիվանդացել է, թե ոչ, ուղղակի այս դեպքում պատվաստանյութը ևս մեկ անգամ կխթանի իմունային համակարգին, եթե նախկինում վարակվել և հիվանդացել է, ընդամենը հիշեցման կարգով օրգանիզմը նորից բուռն կսկսի հակամարմիններ արտադրել», - ներկայացրեց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը:

Ակնկալվում է, որ հաջորդ տարվա սկզբին Հայաստանը պատվաստանյութի սահմանափակ քանակ կստանա, համատարած պատվաստում, սակայն, չի լինի։ «կփորձենք փոքր չափաբաժիններով բոլոր ռիսկի խմբերին այդպես ծածկել», - ասաց Սահակյանը:

Վերջին օրերին կորոնավիրուսի տարածման տեմպը Հայաստանում կայունացել է, մեկ օրում գրանցվել է 240 նոր դեպք, ստուգվածների գրեթե 20 տոկոսի մոտ է հաստատվել վարակը։ Առողջացել է ևս 644 մարդ, արձանագրվել է մահվան ևս 26 դեպք։ COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 17 հազար 579 մարդ։ Ու չնայած վարակի տարածման նվազման միտմանը, մասնագետներն արդեն խոսում են հաջորդ տարի գարնանն ակնկալվող երրորդ ալիքի մասին։

«Կանխատեսվում է, որ երրորդ ալիքը ևս կլինի, դեռևս պատվաստանյութը, որ մեծ հույսեր էինք կապում պատվաստանյութի հետ, բեկումնային իրավիճակ չի ստեղծել առայժմ: Համենայն դեպս մինչև 2021 թվականի երկրորդ կիսամյակ այդ բեկումնային ժամանակահատվածը չի սպասվում: Ընդհանուր առմամբ կազդի պատվաստանյութը, համաճարակային գործընթացի վրա կազդի, տեմպերը կնվազեցվեն, բայց և՛ գիտնականների, և՛ մասնագետների կանխատեսումներով երրորդ ալիք սպասվում է», - նշեց Գայանե Սահակյանը:

XS
SM
MD
LG