Ռուսաստանից սկսել են վերադառնալ սակավաթիվ այն շիրակցիները, որոնց հաջողվել էր այս տարի՝ կորոնավիրուսի պայմաններում մեկնել արտագնա աշխատանքի։ Համավարակի պատճառով Հայաստանի քաղաքացիների ազատ մուտքը Ռուսաստանի տարածք սահմանափակված է, բայց ռուսական «Պոբեդա» ավիաընկերությունն անցած ամսից վերսկսեց դեպի Գյումրի չվերթները:
Ըստ գործող կարգի՝ Հայաստան մուտք գործողը պետք է կամ իր հետ առավելագույնը 72 ժամ վաղեմության թեստի պատասխան ունենա, կամ այն հանձնի օդանավակայանում: Վերադարձողը կարող է նաև ինքանմեկուսանալ, վճարովի թեստ հանձնելուց ու բացասական պատասխանից հետո, դուրս գալ ինքնամեկուսացումից։
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լեյլի Ասլանյանն ասաց՝ առայժմ առանձին տեղեկատվություն չունեն, թե վերադարձած քանի անձի մոտ է կորոնավիրուս հաստատվել։
«Այս պահի դրությամբ ես չունեմ այդպիսի տեղեկություն, թե ինչքա՞ն են թեստավորվել դրսից եկողները։ Դե, բնական է, յուրաքանչյուրը կգնա իր առաջնային օղակ և եթե նախանշաններ ունենա, կթեստավորվի», - ասաց Ասլանյանը։
Ընդհանուր առմամբ, հիվանդության դինամիկան ինչպես հանրապետությունում, այնպես էլ Շիրակի մարզում նվազել է։ Կորոնավիրուսով հիվանդներին սպասարկող 2 հիվանդանոցներում զգալիորեն նվազել է բուժվող հիվանդների թիվն, այն դեպքում, երբ մի քանի շաբաթ առաջ ազատ մահճակալ գրեթե չկար:
«Ինֆեկցիոն հիվանդանոցում և Գյումրի բժշկական կենտրոնի կորոնավիրուսային բաժանմունքում միասին բուժվում են 96 հիվանդ, ընդ որում 96 հիվանդից 50-ն են Շիրակի մարզից», - ասաց Ասլանյանը՝ շարունակելով․ - «Պիկը մենք ֆիքսել էինք հոկտեմբերի 2-րդ կեսից նոյեմբերի ընթացքում, բայց նոյեմբերի վերջից և դեկտեմբերի սկզբից սկսեց թվերի նվազում»։
Նվազել է նաև կորոնավիրուսի դրական թեսթով ինքնամեկուսացածների, այսինքն՝ տանը բուժվողների թիվը։ Եթե մարզում մեկ ամիս առաջ այս թիվը հասնում էր մի քանի 100-ի, ապա այսօր 175 է։
«Այն պարագայում, որ հեկտեմբերի 2-րդ կեսից նոյեմբերի ընթացում մենք 700 և ավելի դրական դեպք ունեինք ամբուլատոր բուժվող, իսկ այսօր ունենք 175 դեպք ամբուլատոր բուժվող», - ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի պաշտոնակատարը։
Համավարակի առաջին օրվանից մինչ օրս մարզում կոնավիրուսի մոտ 6 հազար դեպք է արձանագրվել, 100-ից ավելի մարդ է մահացել։
«Համավարակի առաջին օրվանից մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ 121 մահ ունենք», - ասաց Ասլանյանն՝ ընդգծելով՝ կորանավիրուսի բռնկման նոր օջախ այս պահին չկա։ Գյումրիում նման մի քանի օջախներ էին եղել, մասնավորապես տեքստիլ ֆաբրիկաներում։