Անհետ կորած զինծառայողի հարազատի խոսքով` իշխանությունն անգործության է մատնված

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) փրկարարներն այսօր երկու ուղղությամբ են որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնում՝ Մարտունու և Ֆիզուլիի հատվածներում։

Թեև հայ փրկարարներն այսօր նախապատրաստվել էին 5 ուղղություններով աշխատելու, սակայն ադրբեջանական կողմը թույլատրել է միայն երկուսը։ Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության խոսնակ Հունան Թադևոսյանի փոխանցմամբ՝ չի թույլատրվել մուտք գործել Հադրութ, Կուբաթլու և Ջաբրայիլ։ Թե որն է եղել այս որոշման պատճառը, ադրբեջանցիները բացատրություն արդեն որերոդ անգամ չեն տվել. «Որոնողափրկրարական 5 ջոկատ այսօր պատրաստվել էին, որպեսզի մեկնեն 5 ուղղություններով, բայց առավոտյան պարզվել է, որ միայն 2 ուղղություն կարող են գնալ: Չգիտեմ` ինչի հետ է կապված, որ մերժվել է, պատճառաբանություն չի բերվել: Ամեն դեպքում այս պահին Մարտունու և Ֆիզուլու հատվածներում իրականացվում, առավոտից արդեն սկսել են իրականացնել այդ աշխատանքները: Նախատեսված էր նաև Հադրութի, Կուբաթլուի և Ջաբրայիլի հատվածներում, որոնք տեղեկացանք, որ կշարունակվեն վաղը և հաջորդ օրերին»:

Առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանն առանց որևէ պատճառաբանության հայ փրկարարներին չի թույլատրում մտնել իր վերահսկողության տակ անցած տարածքներ։ Անցած օրերին չէին թույլատրել մուտք գործել օրինակ` Հադրութ, Ֆիզուլի, Կուբաթլու։

Ինչո՞ւ Հայաստանի ղեկավարությունը չի արձագանքում այս չպատճառաբանված արգելքներին, հարց է բարձրացնում անհետ կորած զինծառայողի հարազատներից մեկը՝ Արսեն Ղուկասյանը. «Որ դրանք ասում են` ֆսյո, դուք էտ տարածքները շատ եք մտել, հերիք է մտնեք, բա թող մեր ղեկավարությունն էլ մի բանն էլ ինքն անի, ասի` ախպեր, չեղավ, թող մտնեն, ման գան, բա խի՞ չի ինչ-որ բան ասում, խի՞ չի արձագանքում դրան, խի՞ չի ասում` ախպեր, խի՞ չեք թողնում մտնեն մարդիկ, իրենց երեխեքին գտնեն»:

Արդեն երկու ամիս Արցախում գտնվող Ղուկասյանի պնդմամբ՝ իշխանությունն անգործության է մատնված. «Մեր ղեկավարությունը կոնկրետ էս հարցի շուրջ շատ պասիվ է, զրո է, ոչ մի հարցի շուրջ իրենք չեն կարողանում ինչ-որ եղանակ փոխեն, մի հատ ինչ-որ հարցի կոնկրետ լուծում տան, բայց առաջին օրվանից ամպագորգոռ բառեր են ասում` էս ենք անում, էն ենք անում: Իրենք ասում են` անում ենք, մենք հարց ենք տալիս հաջորդը` ցույց տվեք արդյունք, եթե աշխատում եք, արդյունք պետք է ունենանք: Մի հատ օրինակի համար արդյունք ցույց տվեք, կոխեք աչքներս, ասեք` հեսա, արդյունք ունենք: Էսքան վախտ մեկը մի օր մեզ մի արդյունք ցույց չի տվել»:

Ղուկասյանն օրեր առաջ գտել է եղբոր դին, կորած եղբորորդու մասին առայժմ որևէ տեղեկություն չկա. «Ես այնքան եմ մնալու, մինչև այս հարցը վերջանա` անկախ նրանից` ուզում է ես իմ եղբորորդուն էլ որ գտնեմ, տա Աստված, ողջ-առողջ տանեմ, հանձնեմ իր մորը, ես էլի վերադառնալու եմ, որ էստեղից մինչև վերջին զինվորին, վերջ, էն որ ասում են` պրծ, ավարտվեց, պաշտոնապես տվյալներ հայտարարի արդեն մեր ղեկավարությունը, օրինակի համար, այս պատերազմի ընթացքում զոհվեց այսքան, վիրավորվեց այսքան, անհետ կորավ այսքան, գերի այսքան, պաշտոնական տվյալները հայտարարեն, արդեն որ մենք իմանանք` էլ էստեղ չենք կարալու ոչ մի բան անենք, նոր էտ վախտ մենք էստեղից դուրս կգանք»:

Փրկարարական ջոկատների հետ որոնողական աշխատանքներին մասնակցում են նաև զոհված կամ անհետ կորած զինծառայողների հարազատները և տեղանքին ծանոթ ուղեկցողներ. «Ուղեկցողները, մանավանդ տեղանքին ովքեր ծանոթ են, նրանց մասը նաև ռազմագործողությունների մասնակից մարդիկ են, նրանք ավելի լավ են տիրապետում իրավիճակին և գիտեն տեղանքն ամբողջությամբ: Դա միանշանակ օգնում է, իսկ ծնողների մասնակցությունը օգտակար է այնքանով, որ մի քիչ ավելի փարատվում են ծնողները, երբ որ իրենք են մասնակցում անմիջական այդ աշխատանքներին և տեղում հասկանում են իրավիճակի լրջությունը նաև», - ասում է Հունան Թադևոսյանը:

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ այս օրերին ևս որոնողական աշխատանքները շարունակվելու են. «Այսպես կոչված` «տոնական» օրերին ևս որոնողափրկարարական աշխատանքներ կիրականացվեն, քանի դեռ երկրում ռազմական դրության ռեժիմը չի հանվել, քանի որ համատարած իրավիճակն այսպիսին է` դեռ կան անհետ կորածներ, և կան զոհված զինծառայողների աճյուններ, որ պետք է ռազմադաշտից հանենք, միանշանակ այդ աշխատանքները պետք է իրականացնենք անկախ ամեն ինչից, թե ինչ տոն է: Երեկ` դեկտեմբերի 31-ին ևս իրականացվել են այդ աշխատանքները, և ընդհանուր առմամբ փրկարարները վերադարձել են 3 աճյունով, մեկը` Մարտունու ուղղությունից, երկուսը` Ջաբրայիլի ուղղությունից»:

Նոյեմբերի 13-ից սկսած որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում 1138 աճյուն է հայտնաբերվել, որոնց մեջ կան և՛ խաղաղ բնակիչների, և՛ զինվորականների մարմիններ։