Գորիսի 29-ամյա քաղաքապետն ազատ արձակվեց ձերբակալությունից։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նրան ձերբակալելու ոստիկանության երեկվա որոշումը։ Ազատ արձակվելուց հետո Առուշ Առուշանյանը հայտարարեց՝ ենթարկվում է քաղաքական հետապնդման։ Ասաց՝ շարունակելու է պայքարել Սյունիքի համար. «Քաղաքական հետապնդում է, եթե 2 բառով բնութագրեմ, կարճ կոնկրետ էտ ա»:
Հարցին` Ձեր կոչից հետո վարչապետ Փաշինյանը չկարողացավ մուտք գործել Գորիս, սա որակո՞ւմ է հաջողություն, պատասխանեց. «Դա, սյունեցիների կամքն էր, այո, այդ մարդն իրավունք չունի մտնել Սյունիք, որովհետև սյունեցիների պահած հողը, մարդկանց անվտանգության պահած հողը հանձնել է թշնամուն: Կոնկրետ Շուռնուխի հատվածը, Որոտանի հատվածը, Խնձորեսկի հատվածը: Մարզի մնացած համայնքներում էլ կա նույն խնդիրը, ես կոնկրետ Գորիսինը ձեզ ներկայացրի»:
Դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանը պնդում էր, որ ինքը չգնաց Գորիս, Քաջարան և մյուս քաղաքներ, որովհետև չէր ուզում հրահրել բախումներ, բայց վստահ էր, որ իրեն նույն կերպ են ընդունելու, ինչպես Սիսիանում, Առուշ Առուշանյանն արձագանքեց. «Չեմ տեսել` Սիսիանում ոնց են ընդունել, տեղեկություն չունեմ, չգիտեմ, ամեն դեպքում եղել է այն, ինչ որ թեկուզ հեռակա գիտեմ, բայց, որ չի կարացել...»:
«Հարգելի լրագրողներ, 2 օր է` Առուշանյանն անազատության մեջ է, ինքը տեղեկացված չի շատ բաներից, թողեք, գոնե մի փոքր գնա, հանգստանա, հետո կարծում եմ` ավելի հստակ ձեր հարցերին կպատասխանի», - նշեց փաստաբանը:
Օրերս Սյունիքում մեկնարկեցին Հայաստանի և Ադրբեջանի սահմանների ճշգրտման աշխատանքները, ինչի արդյունքում սահմանամերձ են դառնում մարզի տասնյակ բնակավայրեր, մի քանի ճանապարհների մի մասն էլ անցնում է Ադրբեջանի տարածքով։ Սյունիքում վերջին օրերին տարբեր ցույցեր էին լինում, բնակիչներն իշխանություններից անվտանգության երաշխիքներ են պահանջում՝ շեշտելով, որ իրենց բնակավայրերը հայտնվել են ադրբեջանական ուժերի անմիջական թիրախում։ Վարչապետ Փաշինյանի Սյունիքի մարզ աշխատանքային այցից մի քանի ժամ առաջ՝ կեսգիշերին, Առուշանյանը Ֆեյսբուքում գորիսեցիներին հորդորել էր առավոտյան ժամը 6-ին հավաքվել քաղաքի Գրիգոր Տաթևացու անվան հրապարակում և այնտեղից շարժվել Սյունիքի դարպասներ՝ արգելելու «հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։
Իր այս հայտարարությունից մի քանի ժամ անց Առուշանյանը բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել։ Ըստ փաստաբան Արմեն Մելքոնյանի` հենց այս կոչն էր առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն: Փաստաբանն ասաց՝ դեռ ծանոթ չեն դատարանի որոշմանը։ Ձերբակալությունից հետո Առուշանյանը Երևան էր տեղափոխվել՝ Քննչական կոմիտե։ Երեկ երեկոյան իրավապահները հայտնեցին, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու համար. «Դատարանը սևը սպիտակի վրա գրեց, քարը քարի վրա չի թողել, որ ապօրինի է Առուշանյանը ձերբակալվել»:
Այսօր արդեն Քննչական կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոս քաղաքապետին մեղադրյալ ներգրավեց ինչպես ապօրինի հավաք կազմակերպելու փորձի, այնպես էլ մի քանի այլ գործերով։ Փաստաբանն ասաց, որ իրենց հրավիրել են Քննչական կոմիտե, բայց այսօր չեն կարողանա ներկայանալ, և որ քննիչը մերժել է իրենց առաջարկը վաղը ներկայանալու մասին։ Քննչական կոմիտեն Առուշանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, ապօրինի ձեռնարկատիրություն կազմակերպելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, ինքնիրավչության, դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձի դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը միացրել է մեկ վարույթում:
«Առ այս պահի դրությամբ ես չգիտեմ` իմ պաշտպանյալին ինչում են մեղադրում, որովհետև կցկտուր մի քանի բառով նոր ուղղակի բանավոր, ոտքի վրա ասվեց ինչ-որ բաներ, ծիծաղ է առաջացնում ուղղակի: Մասնավորապես ասվեց, որ Առուշանյանի հորը պատկանող ընկերության տարածքում հատվել են ծառեր, որով պետությանը պատճառվել է 100 հազար դրամի վնաս: Ի՞նչ կապ ունի Առուշ Առուշանյանը հոր ընկերության տարածքում հատված ծառի հետ, իմ ուղեղում ուղղակի որևէ ձևով չի տեղավորվում: Քննիչը մեզ ասաց, նաև դատարանից տեղեկացա, որ ապօրինի ձերբակալումից ազատելու որոշումը կայացնելուց անմիջապես հետո տեղեկացրին, որ կալանավորման միջնորդություն է ներկայացվել դատարան, և դեռ մարդուն մեղադրանք առաջադրված չի:
Մենք չգիտենք, թե Առուշանյանը ինչում է մեղադրվում, բայց կալանքի միջնորդություն կա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում: Հարգելի դատարան, առավոտվանից մինչև հիմա` ժամը 18:30 է, մենք դատարանի բակում ենք, ոչ հաց ուտելու, ոչ ջուր խմելու ժամանակ չունենք, ընդամենը դուրս գալուց մի ժամ հետո ծանուցում են, որ ներկայանանք: Հնարավո՞ր է արդյոք հիմա ներկայանալ: Ոչ, ես չեմ ներկայանալու, որովհետև ծանուցագրի գրի մեջ հստակ գրեցի, որ հանդիսանում են նաև երրորդ խմբի հաշմանդամ, և ես հաց ուտելու, ջուր խմելու իրավունք ունեմ նաև, վաղը ծանուցեք կգանք: Բացի ինձանից, Առուշանյանը նաև այլ պաշտպաններ ունի, որոնց չեն ծանուցել», - նշեց Արմեն Մելքոնյանը:
Փաստաբանն ընդգծեց՝ այսօր դատարանն իր հերթին նաև փաստել է՝ չկա հիմնավոր կասկած Առուշանյանին ապօրինի հավաք կազմակերպելու փորձի հոդվածով կասկածյալ ներգրավելու համար. - «Դատարանը, հարգելի ժողովուրդ, որոշում է կայացրել, որով փաստել է, որ որևէ ապօրինի հավաք չի կազմակերպվել»: «Ազատության» դիտարկմանը, որ ձերբակալման որոշումը հիմնավոր կասկած չի քննում, փաստաբանը պատասխանեց. «Ընդունում եմ, բայց այնտեղ շարադրվել են հանգամանքներ, որոնք փաստում են այն մասին, որ հավաքը եղել է օրինական, այս հարցում էլ, ցավոք սրտի, վարույթն իրականացնող մարմինը ավելորդ շտապողականություն ցուցաբերեց»:
Գորիսի քաղաքապետին կալանավորելու համար Քննչական կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան։ Փաստաբան Արմեն Մելքոնյանն այս մասին դեռ երեկ էր ասել լրագրողներին՝ ընդգծելով՝ քանի որ ապօրինի հավաքներ կազմակերպելու քրեական գործով կալանավորում նախատեսված չէ, չի բացառվում, որ այս մյուս քրեական գործերով փորձեն կալանավորել Առուշանյանին։