Մատչելիության հղումներ

Դատարանը քննում է Գորիսի քաղաքապետի ձերբակալության իրավաչափության հարցը


Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանն այս պահին գտնվում է խորհրդակցական սենյակում` որոշում կայացնելու, թե արդյոք Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի ձերբակալումն իրավաչափ է, թե ոչ: Դեռևս պարզ չէ, թե դատարանը երբ դուրս կգա խորհրդակցական սենյակից, համենայն դեպս փաստաբան Արմեն Մելքոնյանը «Ազատությանն» ասել էր, որ ժամը 3-ի սահմաններում են իրեն կանչել դատարան, սակայն որևէ տեղեկատվություն դեռ դատարանից չկա:

Հիշեցնենք, որ երեկ վաղ առավոտյան ոստիկանները բերման էին ենթարկել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին: Մեկ ժամ հետո նրան ձերբակալել էին և տեղափոխել Երևան` Քննչական կոմիտե: Հետագայում պարզ դարձավ, որ նա կասկածվում է ապօրինի հավաք կազմակերպելու մեջ: Խոսքը, ըստ էության, վերաբերում է հենց երեկվա իրադարձություններին նաև Գորիսում: Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում կեսգիշերին գորիսեցիներին կոչ էր արել հավաքվել քաղաքի կենտրոնում և թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը քաղաք: Ըստ փաստաբանի` հենց այս կոչն է առիթ հանդիսացել, որ քրեական գործ հարուցվի, և նրան ձերբակալեն:

Քննչական կոմիտեին երեկ օրվա երկրորդ կեսին հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը, սակայն մինչ այդ քաղաքապետի թիմակիցներն ու փաստաբանները հայտարարում էին, որ նրանից տեղեկություն չունեն, չգիտեն` որտեղ է գտնվում, և առավոտ բերման ենթարկվելուց հետո ուր են տեղափոխել Առուշանյանին: Փաստաբանները հայտարարում են, որ որևէ ապօրինություն չի արել Գորիսի քաղաքապետը, պարզապես իր իրավունքն է իրացրել` հանդես գալով նման կոչով, և դատարանը պետք է ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչի և նրան ազատ արձակի:

ՔԿ-ն երեկ նաև հայտարարեց, որ Գորիսի քաղաքապետը, ըստ էության, առնչություն ունի մի քանի քրեական գործերի հետ, որոնք վերաբերում են ինքնիրավչությանը, պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը և այլ հոդվածների, բայց մանրամասներ ամեն դեպքում Քննչական կոմիտեն չներկայացրեց և չասաց, թե կոնկրետ Գորիսի քաղաքապետն այլ քրեական գործերով ինչ կարգավիճակ ունի: Փաստաբանն էլ երեկ ասաց, որ տեղյակ չեն, թե ինչ քրեական գործեր են, և ինչ կարգավիճակ ունի այդ գործերով Առուշանյանը, միայն նշում էին, որ այնպես են անում, որ Գորիսի քաղաքապետին ամեն դեպքում կալանավորեն, քանի որ ապօրինի հավաքներ կազմակերպելու այս քրեական գործը չի ենթադրում կալանավորում, և ըստ փաստաբանի` դեա է պատճառը, որ Քննչական կոմիտեն հանդես եկավ այլ քրեական գործերի մասին հայտարարությամբ:

XS
SM
MD
LG