Ըստ «Իմ քայլ»-ի պատգամավորի՝ Մուրադովը հաստատել է, որ Բաքուն ընդունել է Խծաբերդում 62 զինծառայողի գերեվարման փաստը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյան, արխիվ

Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովը Խծաբերդից գերեվարված զինծառայողների ծնողների և Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորների հետ այսօր առավոտյան կայացած հանդիպման ժամանակ հաստատել է, որ պաշտոնական Բաքուն ընդունում է հայկական կողմից գերեվարված թվով 62 քաղաքացու փաստը։ Այս մասին Ֆեյսբուքում գրել է Հայաստանի խորհրդարանի իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը, ով Արցախում է և մասնակցել է հանդիպմանը՝ նույն խմբակցության շիրակցի մյուս պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հետ միասին։

«Սույն հանգամանքը կարևոր երաշխիք է մեր քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության համար։ Գերեվարվածների անվանական ցուցակը՝ մեր և Արցախի նախագահի կողմից ևս փոխանցվել է խաղաղապահների հրամանատարությանը, ադրբեջանական կողմին տալու համար։ Այսօրվա հանդիպմանը հաստատվեց նաև, որ մեր գերեվարվածները գտնվում են Բաքվում։ Հաջորդ փուլում քննարկվելու են մեր քաղաքացիների անվտանգ վերադարձի ժամկետներն և պայմանները», - գրում է Բաղդասարյանը։

Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի մարտական դիրքերում օրեր առաջ գերեվարված տասնյակ շիրակցիների հարազատների մի մասը, հիշեցնենք, այժմ Ստեփանակերտում են: Մյուսները տեղում սպասում են որևէ լուրի։ Մի քանի օր է հարազատները բողոքի ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով իրենց զավակներին:

Հիշեցնենք նաև, որ այդ նույն հատվածում 9 մարդ է զոհվել, նրանց անունները դեռ չեն հրապարակվել։