Թուրքիայի դեմ Միացյալ Նահանգների կողմից սահմանված պատժամիջոցների հիմնական նպատակն է թույլ չտալ ռուսաստանյան ազդեցության ընդլայնումը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
Այս շաբաթ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հեռախոսազրույց է ունեցել թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի հետ և քննարկել ռուսաստանյան S-400 (C-400) հրթիռային համալիրների ձեռքբերմանն ի պատասխան Անկարայի դեմ սահմանված պատժամիջոցները։
Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Քեյլ Բրաունի խոսքով՝ Փոմփեոն Չավուշօղլուին հասկացրել է, որ «S-400 համակարգի գնումը Թուրքիայի կողմից սպառնում է ամերիկյան զինծառայողների և զինտեխնիկայի անվտանգությանը, ինչպես նաև ապահովում թուրքական զինված ուժերի և պաշտպանական արդյունաբերության հասանելիությունը Ռուսաստանի համար»։
Պետքարտուղարն ընդգծել է, որ պատժամիջոցների նպատակը սպառազինության վաճառքից Ռուսաստանի եկամուտներ ստանալուն և այլ երկրների վրա Մոսկվայի ազդեցության ընդլայնմանը խանգարելն է։
Վաշինգտոնը դաշնակից Անկարայի դեմ ռուսաստանյան հակահրթիռային համակարգեր ձեռք բերելու համար պատժամիջոցներ է սահմանել «Սահմանափակումների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի կիրառմամբ։ Ամերիկյան իշխանությունները թիրախավորել են Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչությունն ու դրա ղեկավարությունը։