Անկարան և Մոսկվան համակարծիք են՝ ռուսական արտադրության C-400 հակահրթիռային համակարգերի ձեռքբերման պատճառով Թուրքիայի դեմ սահմանված ամերիկյան պատժամիջոցները ոչնչով արդարացված չեն։
ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի ներկայացուցիչների դեմ պատժամիջոցների սահմանելու որոշումից մի քանի ժամ անց թե՛ Թուրքիայի և թե՛ Ռուսաստանի իշխանությունները հանդես եկան Վաշինգտոնին ուղղված կոշտ քննադատությամբ։
Թուրքիայի ԱԳՆ-ն անգամ չբացառեց, որ Անկարան կարող է քննարկել ամերիկացիների դեմ պատասխան պատժամիջոցներ կիրառելու հարցը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ Անկարայում հնչեցրած ելույթում նշում էր, թե թուրքական կողմը Վաշինգտոնից միանգամայն այլ ակնկալիքներ ուներ։
«ՆԱՏՕ-ում մեր դաշնակից ԱՄՆ-ից մեր ակնկալիքը ոչ թե պատժամիջոցներն են, այլ աջակցությունը՝ նախևառաջ տարածաշրջանն ապակայունացնող ահաբեկչական կառույցների դեմ պայքարում», - հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչության դեմ սահմանված պատժամիջոցների մասին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարեց երկուշաբթի երեկոյան։ Ամերիկյան կառավարության որոշման համաձայն, թուրքական սպառազինության արտադրությամբ և արտահանմամբ զբաղվող այս գերատեսչության ղեկավար Իսմայիլ Դեմիրի և նրա երեք ենթակաների մուտքը Միացյալ Նահանգների տարածք այսուհետ արգելվում է։ ԱՄՆ տարածքում գտնվող նրանց ունեցվածքը և ֆինանսական միջոցները, հայտնաբերման դեպքում, սառեցվելու են։ Բացի այդ, արգելվում է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությանը Միացյալ Նահանգներ արտահանում իրականացնելու լիցենզիա տրամադրել։
«Մեր այս քայլը հստակ ազդակ է առ այն, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի որևէ լուրջ գործարք, որ կնքվել է Ռուսաստանի ռազմարդյունաբերական կամ հետախուզական կառույցների հետ», - պատժամիջոցների մասին որոշման հրապարակումից հետո հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն։
Ամերիկյան իշխանությունների պնդմամբ՝ պաշտոնական Անկարան մտածված կերպով է նման գործարքի գնացել՝ ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունից C-400 համակարգեր ձեռք բերելով։ ՆԱՏՕ-ի անդամ պետության կողմից ռուսական նորագույն համակարգերի ձեռքբերումը, ըստ Մայք Փոմփեոյի, կարող է վտանգել թե՛ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաները և թե՛ ամերիկացի զինվորականների կյանքը։
Պաշտոնական Մոսկվան, սակայն, այս բոլոր բացատրությունները անհամոզիչ է որակում՝ պնդելով, որ Վաշինգտոնը շարունակում է ոտնահարել միջազգային իրավունքի նորմերը։
«[Պատժամիջոցների սահմանումը] անակնկալ չէ: Այդ մասին ամերիկացինեը խոսում էին ավելի քան մեկ տարի։ Դա միջագզային իրավունքի նորմերի հանդեպ ամբարտավան վերաբերմունքի ևս մեկ դրսևորում է։ Այս քայլը ոչ լեգիտիմ, միակողմանի, կամայական և ստիպողական քայլերի կիրառման ևս մեկ դրսևորում է՝ քայլեր, որոնք Միացյալ Նահանգները աջ ու ձախ կիրառում է երկար տարիներ, տասնամյակներ շարունակ», - Բոսնիա կատարած այցի շրջանակներում երկուշաբթի երեկոյան ասել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ի դեպ, ԱՄՆ կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին որոշումը կոշտ հակազդեցության արժանացավ նաև Թեհրանի կողմից, որի հարաբերությունները Թուրքիայի հետ սրվել էին բառացիորեն մի քանի օր առաջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած ելույթների պատճառով։ Չնայած առկա հակասություններին, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը պատժամիջոցների մասին որոշման հրապարակումից մի քանի ժամ անց խստորեն քննադատեց դրանք՝ Twitter-ի իր էջում գրելով. - «Հերթական անգամ իր ողջ ծավալով դրսևորվում է ԱՄՆ հակվածությունը պատժամիջոցներին և միջազգային իրավունքի նորմերի հանդեպ այդ երկրի ցուցաբերած անհարգալից վերաբերմունքը։ Մենք խստորեն դատապարտում ենք ԱՄՆ կողմից Թուրքիայի դեմ սահմանված պատժամիջոցները», - գրել է Իրանի արտգործնախարարը։
Ամերիկյան կողմի այս քայլը որպես երկակի չափանիշների կիրառում է բնութագրել Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ պնդելով, որ Թուրքիան ամիսներ շարունակ ցանկանում էր այս խնդիրը լուծել երկխոսության միջոցով։
Ինչ վերաբերում է բուն Թուրքիայից հնչող արձագանքներին, ապա թե՛ իշխանամետ և թե՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը այս հարցում միակարծիք են՝ Վաշինգտոնը չի կարող Անկարային ստիպել հրաժարվել այս կամ այն երկրի հետ ռազմատեխնիկական համագործակցություն ծավալելու մտադրությունից։ Թուրքիայի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդա-հանրապետականի խոսնակ Ունալ Չևիքյոզը կոչ է արել օր առաջ Ռուսաստանից ձեռք բերված C-400 համակարգերը ընդգրկել թուրքական ՀՕՊ ուժերի կազմում։
«Պատժամիջոցների սահմանմանն ի պատասխան հարկավոր է շուտափույթ կերպով ակտիվացնել հակահրթիռային այդ համակարգերը, որոնց համար թուրքական պետությունը 2,5 միլիարդ դոլար է վճարել», - Twitter-ում գրել է ընդդիմադիր պատգամավորը։
Հիշեցնենք, որ C-400 համակարգերի ձեռքբերման մասին պայմանագիրը Անկարան և Մոսկվան ստորագրեցին ավելի քան երեք տարի առաջ՝ 2017 թվականին։ Ռուսական հակահրթիռային համակարգերի առաքումը Թուրքիա մեկնարկեց դրանից երկու տարի անց՝ 2019-ի ամռանը։ Թուրքիա մատակարված C-400-ները, սակայն, դեռևս մարտական հերթապահություն չեն իրականացնում՝ գտնվելով փորձարկումների փուլում։