Շաբաթներ շարունակ անհետ կորած զինծառայողների հարազատներին պետական որևէ կառույցից որևէ լուր չեն հայտնում. որտե՞ղ են այս մարդկանց զավակները, որոնողական աշխատանքներն ինչո՞ւ ինտենսիվ չեն ընթանում։
«Իմ քրոջ որդին՝ Մխիթարյան Սարգիսը 2 տարի 3 ամիս ծառայեց, տարան գլուխը կերան․․․ Մեկը ասում ա՝ անհետ ա կորել, մեկը ասում ա՝ չկա։ Խեղճ քուրս չի կարում տեղերից հելնի, որ գա բողոքի։ Ամուսինն ա ընգած Ղարաբաղի քուչեքը․․․ գալիս ա ստեղ, ասում են՝ գնա Ստեփանակերտ, գնում ա Ստեփանակերտ՝ գնա Թութակներ, Թութակներից Մարտունի, Հադրութ․․․ ձեռ են առնում։ Հոկտեմբերի 27-ից մինչև հիմի էդ էրեխուց տեղյակ չենք», - հազիվ զսպելով արցունքները՝ ասում էր մի կին։
Մեկ այլ կին ավելի քան 2 ամիս է որդուց լուր չունի։ Դիմել է բոլոր պատկան մարմիններին, պատասխան չկա. - «Ամեն օրը դուռը բացվում ա, ասում ենք էսօր կգա, վաղը կգա։ Քյորփա էրեխեքին թողել, գնացել ա․․․ բա կարելի ա էսպես։ Ո՞ւմ դիմենք, ո՞ւր գնանք․․․ Սեպտեմբերի 22-ից գնացել ա, մինչև էսօր չկա։ Անհետ կորածների մեջ են գցել․․․ խի տե՞նց ա․․․ Էս իրեք ամիս ա քշում են Ուլնեցի, գնա ստեղ, գնա ընտեղ, փաստերով գնում ենք, ոչ մի օգնություն չկա։ Ինչքան կարելի ա․․․ գերեզման էլ չունենա՞ էդ էրեխեն։ Բոլորիս համար ա գնացել էդ էրեխեն, բոլորիս․․․ Ասում են՝հՀետաքննությունը գնում ա, կատարվում ա․․․ ո՞ւր ա։ Պատերազմը պրծավ, հրադադարը պրծավ, ամեն ինչը պրծավ․․․ բա ո՞ւր ա իմ էրեխեն, ո՞ւր ա », - լացակումած ճչում էր մեկ այլ կին։
Հայաստանից ոչ մի հստակ պատասխան չստանալով՝ անհետ կորած զինծառայողների հարազատներից ոմանք մեկնել են Արցախ, որպեսզի գոնե այնտեղից մի լուր ստանան։
Նրանց թվում է նաև Արսեն Ղուկասյանը, ով մեկ ամիս է, ինչ Արցախում է։ Փնտրում է եղբորն ու եղբորորդուն։ Ղուկասյանն ասաց, թե կառավարությունից միայն խոսքեր են լսում, սակայն մինչև օրս որևէ արդյունք չեն տեսել, պետական մակարդակով անտարբերություն է։ Ծնողներն ասել են՝ դեռ թաքնված ողջ տղաներ կան, այդ դեպքում, հարցնում է, ինչո՞ւ քայլեր չեք ձեռնարկում, օգնում նրանց. – «Ինչ-որ մի հատ սպեցօպերացիա պետք ա կազմակերպվեր, բայց փաստացի դուս եկավ, որ ոչ մի բան չեն արել։ Եթե արած ըլնեին, մեր մոտ կըլնեին արդեն էդ էրեխեքը, ոչ թե կըլներին արդեն սպանված կամ գերի վերցված։ Բա մենք էսքան վախտ գոռում-գոչում, ասում-խնդրում, աղաչում-պաղատում ենք՝ ախպեր, մի բան արեք էդ էրեխեքին հանեք։ Մենք ծնողներով ենք ընկել ենք Ղարաբաղում հետախույց ենք ման գալի, չգիտեմ ինչ ենք ման գալի․․․ Կան ըտենց մարդիկ, որ կարան մտնեն, դաժե հանեն․․․ Մենք ենք էտի անում։ Բայց մենք պըտի չանենք։ Պաշտպանության բանակը պըտի ունենար էդ մարդկանց տվյալները, հրավիրեր, ասեր՝ գիտեք ինչ կա, կարա՞ք մտնեք հանեք էրեխեքին»։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են՝ նոյեմբերի 13-ից ի վեր հայտնաբերվել է 892 զոհված զինծառայողի դի։ Մինչև օրս միայն մեկ ողջ զինվոր են գտել, որ վեց օր թաքնվել էր անտառում։
Առողջապահության նախարարությունից ստացված վերջին տվյալներով, նույնականացվել է ավելի քան 300 մարմին։