Ադրբեջանից Հայաստան վերադարձած 14 քաղաքացիական անձինք քաղաքացիական բժշկական հաստատություններում կենթարկվեն բժշկական զննության, կարվեն հետազոտություններ, անհրաժեշտության դեպքում նաև կկատարվեն բժշկական միջամտություններ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Նրանք, ըստ նախարարության, որոշ ժամանակ կգտնվեն բժիշկների հսկողության տակ:
Պահպանելով Ադրբեջանից վերադարձածների անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, նախարարությունը խնդրում է զերծ մնալ լրացուցիչ հարցադրումներից և օգտվել տրամադրվող տեղեկատվությունից:
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի ունեցավ գերիների փոխանակման գործընթաց. Ադրբեջանից Հայաստան տեղափոխվեցին պաշտոնապես հաստատված այն 44 հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից։ Հայաստանը երեկ Ադրբեջանին է փոխանցել 12, Ադրբեջանը Հայաստանին՝ 44 գերու կամ ազատազրկված անձի։
Անհետ կորած և հնարավոր գերեվարված մյուս անձանց հայտնաբերման ու նրանց վերադարձի կազմակերպման գործընթացը շարունակվում է։