Հին շեն գյուղն ապաշրջափակվել է

Արցախ, արխիվ

Բերդաձորի ենթաշրջանի Հին շեն գյուղն ապաշրջափակվել է` ադրբեջանցիները երեկ ուշ երեկոյան բացել են գյուղ տանող ճանապարհը: Հին շենի բնակիչները շրջափակման մեջ էին 3 օր շարունակ. եռօրյա լռություն պահպանեցին նաև պաշտոնական բոլոր կառույցները` իրավիճակի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չէր տրվում:

Այսօր արդեն ապաշրջափակմանն անդրադառնում է Արցախի նախագահը. «Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից»:

Մեծ շենից Հին շեն տանող ճանապարհին ադրբեջանական կողմը հենակետ էր տեղադրել ու փակել ելումուտը, մինչև այդ նրանք ամրացել էին Շուշիի Բերդաձորի տարածքի բնակավայրերի բարձունքներում. «Ճանապարհը կտրած, գյուղի տակը աջ ու ձախ իրենք էին: {Հիմա} Չեն հեռացել, բայց կհեռանան, իրենց ասելով` էտ խաղաղապահների, կհեռանան»: Հին շենցի Վիտալի Միրզոյանն ասաց` տարածքում ռուս խաղաղապահներ կան, նրանք են հուսադրել, որ ադրբեջանցիները կհեռանան նաև Հին շենի մերձակայքից. «Եթե մնան, անիմաստ է արդեն էստեղ մնալը: Հլը հույս ունենք, որ օրենքով մերն է դա, կհեռանան: Իրենք հոգեբանորեն են էլի ուզում ազդեն, բարձունքն իրենց ձեռքին է, բայց ասում է` ժամանակի հարց է, մոտ օրերս լուծվելու է»:

Բերդաձորի այս բնակավայրերը հայկական են հարյուրամյակներով, և եռակողմ հայտարարությամբ էլ ադրբեջանցիների մուտքն այստեղ նախատեսված չէր:

Վարչապետ Փաշինյանն այսօր «Ազատությանը» տված հարցազրույցում ասել է՝ կա պայմանավորվածություն, որ Լաչինի միջանցքում հայկական և ադրբեջանական զորքեր չեն լինելու, միայն խաղաղապահներ. «Բնականաբար, խաղաղապահների պատասխանատվության գոտում է դա, և մարդիկ պետք է շարունակեն ապրել այդտեղ»:

Հին շենն ավելի քան 160 բնակիչ ունի, գյուղի շրջափակման օրերին այստեղ 60 հոգի էր փակված մնացել, այդ թվում` կանայք, երեխաներ: Գյուղում մի քանի օր առաջ արցախցիներից մեկը սիրողական նկարահանում էր արել՝ կադրերում առատ ձյան մեջ վառարանի փայտ կտրատող դպրոցահասակ տղաներ են:
4 երեխաների հետ շրջափակման մեջ մնացած կինը, ինչպե՞ս եք դիմանում հարցին, պատասխանում է՝ ինչպես զինվորները: Հին շենից հեռանալու մտադրություն չունեն, միայն թե ասում են՝ ադրբեջանցիները մերձակա բարձունքներից թող դուրս գան:

«Ամեն մի շարժն իրենց հսկողության տակ է, արդեն դժվար է», - ասում է համայնքի բնակիչ Վիտալի Միրզոյանը:

Բերդաձորի տարածքներ մտնելուն զուգահեռ ադրբեջանական կողմը մարտական գործողություններ էր վերսկսել Հադրութի՝ հայկական կողմին մնացած վերջին երկու գյուղերում. Խծաբերդի, Հին թաղերի հատվածում տասնյակ հայեր են գերեվարվել։ Իրավիճակն ըստ վարչապետի` ճգնաժամային է՝ այնտեղ այժմ ռուս խաղաղապահներ են, հայկական ուժեր, ադրբեջանական ու թուրքական ստորաբաժանումներ: Բոլորովին այլ իրավիճակ էր նախատեսում եռակողմ հայտարարությունը. «Այդ հատվածը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և պետք է գտնվի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո»:

Խծաբերդ-Հին թաղերը, Դիզափայտ լեռը Հադրութի շրջանի մեջքն են, ասում է Հադրութի վարչակազմի ղեկավարը. «Հետագայի համար շատ նպաստավոր դիրք է իրենից ներկայացնում, տարածք է ներկայացնում և որպես բարձունք: Եվ Դիզափայտը և ընդհանրապես Հադրութի շրջանի ամենաբարձր տարածքներն են», - ասում է Կամո Պետրոսյանը:

44-օրյա պատերազմն ավարտվեց եռակողմ հայտարարությամբ, որի հենց առաջին կետով է ամրագրվել՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ադրբեջանական կողմը, սակայն, առայժմ կանգ չի առնում: