Մատչելիության հղումներ

Արցախի նախագահը պատրաստ է հրաժարական տալ, երբ երկիրը «պատրաստ կլինի հաղթահարել ընտրությունների ծանր դժվարությունները»


Մեր քաղաքացիների անվտանգության ապահովումը պետության գլխավոր առաջնահերթությունն է, քանի որ առանց անվտանգ միջավայրի հնարավոր չէ մնացած ոլորտներում հաջողություններ ու զարգացում արձանագրել, իր ուղերձում շեշտում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

«Մի կողմից ունենք պատերազմի հետևանքով շուրջ երկուսուկես անգամ երկարած շփման գիծ ադրբեջանական կողմի հետ, կոնկրետ հատվածներում անմիջական մոտեցում մեր որոշ բնակավայրերի և խիստ սահմանափակված՝ Մայր Հայաստանի հետ հաղորդակցության միջոցներ, մյուս կողմից ունենք սուղ մարդկային ու տեխնիկական միջոցներ և սահմանափակ ժամանակ նոր առաջնագիծն ամրացնելու համար, իսկ երրորդ կողմից ունենք ողջ հայ ժողովրդի ու Հայաստանի Հանրապետության շարունակական աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի ներկայությամբ պայմանավորված անվտանգության երաշխիքները:

Այժմ Արցախի իշխանությունները կատարում են հնարավոր ամեն ինչ մեր լիազորությունների ու կարողությունների սահմաններում առկա անվտանգային մարտահրավերների չեզոքացման ու անորոշությունների հստակեցման ուղղությամբ, որոնց մի մասը կախված է նաև ամենաբարձր մակարդակի միջազգային բանակցությունների արդյունքներից: Այնուամենայնիվ, անկախ առկա օբյեկտիվ դժվարություններից՝ մեկ բան ակնհայտ է մեզ համար, այն է՝ Պաշտպանության բանակը, ողջ հայության աջակցությամբ, շարունակելու է իր գործառույթներն ու ջանքերը Արցախի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ուղղությամբ, որոնք լրացվում են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի երաշխիքներով», - նշում է Հարությունյանը:

Նրա խոսքով` ադրբեջանական կողմը շարունակում է իր մշտական սադրիչ վարքագիծը, որի օրինակներից են վերջին օրերի նրանց գործողությունները Խծաբերդի ու Բերդաձորի հատվածներում: «Պաշտպանության բանակի զինծառայողների և ռուս խաղաղապահների կողմից կանխվել են ադրբեջանական զինծառայողների տարբեր սադրանքներ, իսկ երեկ երեկոյան նրանց դուրս են մղել Շուշիի Հին շեն գյուղի մերձակայքից: Այս օրերին Բերդաձորի ուղղությամբ ոչ մի անձ չի տուժել, իսկ հակառակորդին թույլ չի տրվել մուտք գործել որևէ բնակավայր: Ցավոք, Խծաբերդի ուղղությամբ մեր մի քանի տասնյակ զինծառայողներ գերի են ընկել ադրբեջանական կողմին, և այժմ Պաշտպանության նախարարությունը պարզում է բոլոր հանգամանքները: Ես անձամբ հետևողական եմ լինելու, որ այս միջադեպի մեղավորները ենթարկվեն իրավական պատասխանատվության: Նրանց արագ ու անվտանգ վերադարձը Հայրենիք պետք է լինի բոլորիս առաջիկա ջանքերի կիզակետում, և արդեն իսկ քայլեր ենք ձեռնարկում այդ ուղղությամբ», - հայտարարել է Արցախի նախագահը:

Վերջինս նաև նկատում է, որ հաշվի առնելով Ռուսաստանի ստանձնած խաղաղապահ մանդատն Արցախում՝ ակնհայտ է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների ու ձևավորված շփման գծի խախտումները հստակ անհարգալից վերաբերմունք է Ռուսաստանի և՛ միջնորդական ջանքերի, և՛ խաղաղապահ մանդատի նկատմամբ: «Ուստի, Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին աշխատում ենք ռուսական կողմի հետ, որպեսզի համատեղ կանխենք ադրբեջանական սադրանքները, իսկ Պաշտպանության բանակը, իհարկե, զուգահեռաբար կատարում է իր պարտականությունները եղած հնարավորությունների սահմաններում», - ընդգծում է Հարությունյանը:

Արտաքին քաղաքականություն

Արցախի նախագահը հերթով անդրադարձել է տարբեր ոլորտներում սպասվելիք անելիքներին: Այսպես, նշել է, որ արտաքին քաղաքականության գլխավոր ուղղությունն Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումն է նաև քաղաքական գործիքակազմով` պետք է Արցախի ու Հայաստանի արտաքին քաղաքական ամբողջ ներուժը խելացի ու հետևողական կերպով սպասարկի այդ առաջնահերթ նպատակի իրագործմանը՝ ապահովելով կայուն, տևական ու արժանապատիվ անվտանգ միջավայր սեփական հայրենիքում ապրելու համար: Երկրորդ ուղղությունը Արցախի միջազգային կարգավիճակին առնչվող հարցերի հստակեցումն է, որը ենթադրում է Արցախի անկախության միջազգային ճանաչում. «Աշխարհի համար քննարկումից դուրս է այն ճշմարտությունը, որ Ադրբեջանն է դիմել ուժի կիրառման, որի ընթացքում համակարգված ու դիտավորյալ կերպով կատարել է մարդկության դեմ ուղղված և բազմաթիվ պատերազմական հանցագործություններ՝ Թուրքիայի ու վարձկանների ակտիվ մասնակցությամբ: Ընդ որում՝ այժմ ոչ մի տեսանելի հիմք չկա պնդելու, որ միջազգային հանրությունը ցանկություն ունի պատժելու Ադրբեջանին՝ ուժի ապօրինի կիրառման և մարդկության դեմ հանցագործության համար»: Երրորդ ուղղությունը Արցախի տարածքային ամբողջականության վերականգնումն է, որն, ինչպես ասում է Հարությունյանը, ունի և՛ անվտանգային, և՛ հումանիտար նշանակություն մեր ժողովրդի համար:

Չորրորդ ուղղությունը մարդասիրական հարցերի կարգավորումն է, որը ներառում է թե՛ գերիներին ու անհետ կորածներին առնչվող խնդիրների լուծում, թե՛ տեղահանված անձանց իրենց բնակավայրեր վերադարձի ապահովում, թե՛ հոգևոր-մշակութային ժառանգության պատշաճ պաշտպանություն:

Հումանիտար և սոցիալական ոլորտ

«Մենք պետք է առաջին հերթին կարճ ժամանակահատվածում լուծենք մեր անօթևան քաղաքացիների կացարանների ու նվազագույն սոցիալական պայմանների ապահովման խնդիրները: Դրան զուգահեռ ու հատկապես դրանից հետո խնդիր ենք ունենալու բարենպաստ պայմաններ երաշխավորելու մեր բոլոր քաղաքացիների կյանքի որակի բարձրացման ու Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համար», - իր ուղերձում ընդգծում է նա` հավելելով, որ նախատեսում են մեկնարկել մի շարք ծրագրեր, այդ թվում` համատեղ կատարել առավելագույնը բոլոր գերիներին տուն վերադարձնելու ուղղությամբ, ինչպես նաև ակտիվորեն շարունակել զոհվածների մարմինների ու անհետ կորածների որոնողական աշխատանքները, երեք տարում բոլոր անօթևաններին ապահովել բնակարանային պայմաններով, առաջիկա երեք տարում քաղաքացիների փոխարեն վճարել իրենց հիփոթեքային վարկերի գումարներն ու դրանց տոկոսները և այլն»:

Ներքին քաղաքականություն

Արայիկ Հարությունյանի համոզմամբ` պատերազմական ու հետպատերազմյան ժամանակաշրջանում ցանկացած պետության անհրաժեշտ է ներքին կայունություն ու միասնական աշխատանք, այլապես ճգնաժամերը կարող են երկար տևել ու խորանալ: Նա նշում է` իր համար, բնականաբար, ընկալելի են Արցախի և Հայաստանի իշխանություններից պատերազմի արդյունքների ու առկա իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ պահանջելուն միտված գործողությունները, քանի որ յուրաքանչյուր իշխանություն պետք է պատասխանատու լինի իր լիազորությունների կատարման ու չկատարման համար և հաշվետու՝ ժողովրդի առջև, և ինքն էլ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում պատասխանատվություն է կրում այս իրավիճակի համար:

«Սակայն որևէ մեկին պատասխանատվության ենթարկելիս հարկ է տարանջատել թացը չորից, օբյեկտիվ պատճառները՝ սուբյեկտիվ մեղքերից, ցանկությունները՝ հնարավորություններից: Օրինակ, եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը Արցախի Հանրապետության ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության ու անվտանգության երաշխավորն է, արդյո՞ք ունեցել եմ ներքին ու արտաքին բավարար հնարավորություններ ու լծակներ այս լայնածավալ պատերազմում լիովին երաշխավորել նշված չորս արժեքները և արդյո՞ք ինձնից կախված առավելագույնը չեմ կատարել այդ ուղղությամբ: Կամ եթե Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն է, ապա ու՞մ համար է գաղտնիք, թե իրականում Պաշտպանության բանակն ինչպես ու որտեղից է կառավարվում, և թե որքանով է Արցախի Հանրապետության նախագահն ընդգրկված այդ գործընթացներում: Սահմանադրական լիազորությունների ու իրական կյանքում գործառութային խիստ սահմանափակումների միջև մեծ տարբերության պայմաններում ես, իմ կարծիքով, կատարել եմ հնարավոր ամեն ինչ նպաստ բերելու Հայրենիքի պաշտպանության կարևորագույն գործին՝ անկախ իմ պաշտոնական ու ոչ պաշտոնական լիազորություններից ու հնարավորություններից», - հայտարարում է Արցախի ղեկավարը` շարունակելով.

«Այս 44-օրյա պատերազմում կան երեք հիմնական հարցեր ու դրանցից բխող քննադատություններ: Առաջինն այն է, թե արդյոք ճիշտ էր պատերազմը կանգնեցնել նոյեմբերի իննին այդ պայմաններով, և այդ հարցին անկեղծորեն պատասխանել եմ քանիցս, որ այդ պահին այլընտրանքն ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներն էր, ընդհուպ՝ լրիվ հայրենազրկումը: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք հնարավոր չէր ավելի շուտ դադարեցնել պատերազմը հարաբերականորեն ավելի լավ պայմաններով ու ավելի քիչ կորուստներով, իսկ երրորդը, թե արդյոք հնարավոր չէր նախօրոք այնպես անել, որ հայկական զինված ուժերը ավելի լավ պատրաստված լինեին պատերազմին: Վերջին երկու հարցերի պատասխաններն էլ դրական են, սակայն մանրամասներին կանդրադառնամ մեկ այլ առիթով»:

Արայիկ Հարությունյանը նաև ասում է, որ պատերազմից հետո պատրաստ է եղել վայր դնել նախագահի իր լիազորությունները, սակայն մի քանի հիմնական պատճառով չի գնացել այդ քայլին.

• Նախ՝ արդյո՞ք հետպատերազմյան հումանիտար աղետի առերեսված ու բազմաթիվ զրկանքների մեջ խրված Արցախը, արագ համախմբվելու և ժողովրդի առկա կարիքներով զբաղվելու փոխարեն, պետք է անցներ քաղաքական լարվածության ու կառավարման անկայունության մի երկարատև փուլ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է. առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար.

• Երկրորդ՝ արդյո՞ք արտաքին ու անվտանգային լրջագույն մարտահրավերների պայմաններում որևէ մեկը համոզված է, որ պատշաճ կամ նույնիսկ նվազագույն չափով երաշխավորված միջավայր ունենք արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և կայացնելու համար.

• Երրորդ՝ պետք չէ մոռանալ նաև սահմանադրական կարգավորումների մասին, որոնք այնպես են կառուցված, որ այս փուլում նախագահական ու խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են առաջացնել սահմանադրական ճգնաժամ՝ խորացնելով ընդհանուր պետական ճգնաժամը.

• Չորրորդ և վերջապես՝ ես պատասխանատվությունից խուսափող մարդ չեմ, հակառակը՝ այս ծանր շրջանում ստանձնում եմ լրիվ պատասխանատվություն մեր Հայրենիքն ու ժողովրդին հետպատերազմյան ճգնաժամից հանելու հարցում: Իսկ ինչ վերաբերում է պատերազմի ընթացքում իմ և այլ պաշտոնատար անձանց գործողություններին ու վարքին, ապա ողջունում եմ հասարակական տարբեր կազմակերպությունների կողմից իրավապահ մարմիններ ներկայացված հաղորդումը հնարավոր պետական դավաճանության ու այլ ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ: Ես պատրաստ եմ ամբողջությամբ աջակցել իրավապահ մարմիններին արդյունավետ քննություն անցկացնելու այդ գործի մասով, պատրաստ եմ նաև անձամբ պարզաբանումներ ներկայացնելու: Իսկ ինչ վերաբերում է հետաքննության արդյունքներին ու դրանցից բխող գործողություններին, ապա ոչ միայն պատրաստ եմ կրել իմ բաժին պատասխանատվությունը, այլ նաև պարտավոր եմ իմ լիազորությունների շրջանակներում հնարավորինս կատարել կոնկրետ հարցերում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու և վերհանված խնդիրները լուծելու ուղղությամբ:

Արցախի նախագահը հայտնում է, որ սկսել է քաղաքական խորհրդակցություններ խորհրդարանական ու արտախորհրդարանական բոլոր հետաքրքրված ուժերի և հասարակական տարբեր խմբերի հետ, որպեսզի համատեղեն ջանքերը ճգնաժամը հաղթահարելու հարցում: «Որոշել եմ հրաժարվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալ կուսակցությունից, որպեսզի Հանրապետության նախագահի պաշտոնում ես կարողանամ գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ, որպես մի գործիչ, որը պետք է ընդունվի որպես հատկապես ճգնաժամային իրավիճակներում համախմբող անձ, - ասված է ուղերձում, - պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»:

Կադրային փոփոխություններ են սպասվում

Արցախում նաև կատարվելու են կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում, իսկ պաշտպանությանն ու անվտանգությանն առնչվող՝ նախագահի բոլոր հրամանագրերն ու կառավարության որոշումներն ընդունվելու են բացառապես Անվտանգության խորհրդի դրական եզրակացությամբ:

XS
SM
MD
LG