Ավելին՝ կարծում է, որ առաջիկա ամիսներին անիրատեսական է Մինսկի խմբի ձևաչափում սպասել որևէ առարկայական գործընթաց. – «Այստեղ, կարծում եմ, առանցքային հանգամանք լինելու է հետևյալը․ որքանով ԱՄՆ նոր վարչակազմը նախաձեռնող և նախանձախնդիր կլինի այդ ձևաչափի աշխուժացման հարցում, և ինչպիսի դիրքորոշում կունենա Ռուսաստանը։ Որովհետև Ռուսաստանը երկակի խաղ է փորձում խաղալ Մինսկի խմբի համանախագահության և ռուս-թուրքական ոչ-ֆորմալ ֆորմատի միջև»։
Ղարաբաղում վերջին միջադեպերի առնչությամբ, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ, երեկ ուշ երեկոյան տարածած հայտարարությամբ համանախագահները կողմերին կոչ են արել հավելյալ միջոցներ ձեռնարկել իրավիճակը կայունացնելու համար, Հայաստանին ու Ադրբեջանին հորդորել են հնարավորինս արագ իրականացնել բոլոր գերիների և ձերբակալվածների փոխանակումը, զոհվածների աճյունների անհատականացումը և վերադարձը։
Ալիևի ու Փաշինյանի հետ հանդիպած միջնորդները նաև պատրաստակամություն են հայտնել կողմերի միջև հետագա քննարկումների համար կոնկրետ առաջարկներ ներկայացնել Երևանում և Բաքվում հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների առնչությամբ։
Քաղաքական մեկնաբանը այս հայտարարությունը արձանագրային է համարում. Երևանում Փաշինյանը խոսել է ղարաբաղյան խնդիրը ամբողջական լուծելու համար բանակցությունների վերականգնման անհրաժեշտությունից, Բաքվում Ալիևը քամահրական տոնով հայտարարել է, թե ինքը միջնորդներին չի հրավիրել, ղարաբաղյան հարցն էլ պատերազմով լուծված է։
«Իրականությունը բոլորովին այլ է և չի խոսում այդ համանախագահության ձևաչափի տեսանելի և արագ վերականգնման օգտին, քան այդ հայտարարությունը, որը ներկայացնում են համանախագահները», - նշեց Բադալյանը։
Միջնորդների երեկվա նույն հայտարարությանը հղում անելով, թե առաջարկներ են պատրաստելու՝ իշխանական «Իմ քայլի» պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը կարծիք հայտնեց, թե իրավիճակը բարդ է, բայց Մինսկի խումբը չի կարող չշարունակել գործունեությունը։
Ըստ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Հայրապետյանի, Ադրբեջանին չի հաջողվի միակողմանի կասեցնել Մինսկի խմբի գործընթացը․ - «Հստակ է Թուրքիայի և Ադրբեջանի միտումը դուրս բերել բոլոր այն խաղացողներին տարածաշրջանից, որոնք չեն հանդիսանում մեծ հաշվով տարածաշրջանի մաս։ Խոսքը կոնկրետ Մինսկի խմբի ձևաչափում Ամերիկայի և Ֆրանսիայի մասին է։ Բնականաբար, սա, կարծում եմ, չի բխում ոչ մեկի շահերից։ Չի բխում նաև համանախագահող մյուս երկրի՝ Ռուսաստանի շահերից։ Սա այն տեղն էր, որտեղ երեք երկրները գտնում էին համընկնման կետեր։ Եվ դատելով Ռուսաստանից եկող ազդակներից, Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարություններից՝ ես կարծում եմ, որ Մինսկի խմբի պահպանումը բխում է բոլոր կողմերի շահերից։ Բնականաբար, դա նաև հայկական կողմի կարևոր առաջնահերթությունն է»։
Նախատեսված էր, բայց հայկական կողմի նախաձեռնությամբ չեղարկվեց Մինսկի խմբի ամերիկացի ու ֆրանսիացի համանախագահների ու Արցախի նախագահի հանդիպումը։ Հարությունյանի մամուլի խոսնակը «Արմենպրես»-ին ասել էր, թե պատճառը «ոչ լիարժեք ձևաչափն է, հաշվի առնելով այն, որ ռուս համանախագահը տարածաշրջանային այցին չի մասնակցում»։
Պողոսյանից հնարավոր չէ հավելյալ մեկնաբանություն ստանալ։ Նա մեր բազմաթիվ հեռախոսազանգերին չի պատասխանում, իսկ Արցախի նախագահի աշխատակազմից հայտարարում են, թե այդ հարցով Պողոսյանին դիմենք։
«Սպուստիկ-Արմենիա»-ի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը այցին չէր մասնակցում կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով։
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը տարօրինակ է համարում այդպիսի պատճառաբանությամբ հանդիպման չեղարկումը, երբ եռակողմ հայտարարությունից հետո հենց Ֆրանսիան ու Միացյալ Նահանգներն են բարձրաձայնում հայկական կողմի համար կարևոր՝ Արցախի կարգավիճակի, տեղահանվածների վերադարձի հարցերը։
Նա դժվարացավ ասել, թե արդյոք Արայիկ Հարուոթյունյանի հանդիպումը չեղարկվել է ռուսական կողմի ուղիղ ազդեցությամբ․ – «Եթե չենք կարող ասել՝ կա՞, թե՞ ոչ ուղիղ ազդեցություն, ապա առնվազն իրավիճակից բխող ազդեցություն այս որոշումը անշուշտ ունի։ Երևի Արցախում այսօր ավելի մեծ իշխանություն ունի ռուսական առաքելության ղեկավար, գերենալ Մուրադովը, քան, օրինակ, Արցախի նախագահը։ Սա, իհարկե, ծանր պարտությունից եկող օբյեկտիվ իրողություն է, բայց, ցավալիորեն, սա է փաստը։ Եվ այս առումով Արցախի իշխանությունից երևի թե այս պահին իրատեսական չէ սպասել ինքնուրույն և համարձակ քաղաքականություն»։
Տաթևիկ Հայրապետյանը ձեռնպահ մնաց գնահատականներ տալ Մինսկի խմբի ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ հանդիպումը չեղարկած Արայիկ Հարությունյանի որոշմանը․ - «Չէի ցանկանա, նաև իրավիճակը հաշվի առնելով, որևէ ավելորդ գնահատական հնչեցնել։ Բայց հույս կհայտնեմ, որ հետագայում հանդիպումները կլինեն, որովհետև Ստեփանակերտը պետք է ներգրավված լինի գործընթացում»։