Հադրութի շրջանի Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերը հայկական վերահսկողությունից դուրս են հայտնվել Ռուսաստանի հրապարակած խաղաղապահների վերահսկողության նոր քարտեզում: Մեկ օր առաջ հրապարակած քարտեզում այս երկու գյուղերի հատվածը կապույտ գծով ներառված էր որպես ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի:
«Ի՞նչ է նշանակում, չեմ կարա ասեմ, բայց զգում եմ, որ դա լավ բան չի», - ասաց Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավար Կամո Պետրոսյանը:
Պետրոսյանը որևէ բացատրություն չունի՝ ինչ է փոխվել. մոտ 5 տասնյակ համայնք ունեցող Հադրութից միայն այս երկու գյուղերն էին մնացել հայկական վերահսկողության ներքո, շաբաթ օրը ադրբեջանական հատուկ ջոկատայինները մտել-դիրքավորվել էին էին Հին Թաղերում ու Խծաբերդի մատույցներում։ Հայկական կողմն ունի վիրավորներ, և ըստ նախնական տեղեկության, 10 հոգի է գերեվարվել: Վարչապետ Փաշինյանն այս ամենը ադրբեջանական սադրանք էր որակել, որն ուղղված էր ռուս խաղաղապահների ներկայության արժեզրկմանը: Ռուսական ուժերը, սակայն, մինչև շաբաթ օրը այս գյուղերում չէին տեղակայվել և այժմ էլ պաշտոնական քարտեզում է հաստատվում, որ չեն էլ տեղակայվելու: Հադրութի վարչակազմի ղեկավարն ասում է՝ միայն հայկական ուժերով այս երկու գյուղերն այժմ պահել հնարավոր չէ:
«Ոչ մի դեպքում ի վիճակի չենք, լրիվությամբ պիտի ամբողջ օրը թերակղզու նման պահես, որը անհնարին է: Ոչ տեխնիկա կարաս այնտեղ տանես, ոչ էլ կարաս մեծ զորքի դեմ դիմադրես, ընդհանրապես չես կարա», - նշեց Կամո Պետրոսյանը:
Այս պահին Խծաբերդում ռուս խաղաղապահներն են, Հին Թաղերում` ադրբեջանցիները, տեղեկացրեց Պետրոսյանը։ Ի՞նչ է փոխվել՝ արդյոք հայկական կողմին մնացած այս երկու գյուղե՞րն էլ հանձնվում են Ադրբեջանին, պաշտոնական Արցախից որևէ մեկնաբանություն ստանալ չի հաջողվում: Նախագահի մամուլի խոսնակը, Պաշտպանության բանակի լրատվականը զանգերին չեն պատասխանում:
Հին Թաղերի համայնքապետ Էդիկ Այվազյանը զարմացած է՝ 44 օր հայկական ուժերն ու կամավորները այս գյուղերն անառիկ են պահել. «Էդ ո՞նց դառավ, որ էդքան պահեցինք, հիմա էլ եկան, ասում են՝ մերն է, դուրս եկեք»:
Եվ ռազմավարական նշանակություն ունեցող Դիզափայտ լեռը՝ իր ուխտավայրով` 4-րդ դարի Կատարո վանքով: Դիզափայտի բարձունքը գրավելու Ադրբեջանի բոլոր փորձերը արդյունք չեն տվել ոչ 90-ականներին, ոչ էլ այս վերջին պատերազմում։ Համայնքապետ Այվազյանն ասում է՝ այսօր հայերը բարձունքն էլ, Կատարոն էլ թողնում են առայժմ անհասկանալի պայմանավորվածությունների հետևանքով:
«Պատերազմի ընթացքում ստրատեգորեն ցանկացած բարձունք էլ երկու կողմի համար էլ մեծ նշանակություն ունի, մանավանդ էդ Դիզափայտից օդով մինչև Արաքսը՝ Իրանի սահմանը, օդով, որ միանգամից վերցնես, սկի 25-30 կմ էլ չկա: Դա ռուսի ձեռքը լինի, ռուսին ա ձեռ տալի, թուրքի ձեռքն էլ լինի, թուրքին ա ձեռ տալի: Ամբողջ տարածքը երևում ա», - ասաց Հին Թաղեր համայնքի ղեկավարը:
Երկու գյուղում ապրում էր 200 հոգի, պատերազմի ժամանակ նրանք տները լքել էին՝ առանց որևէ գույքի՝ վերադարձի հույսով:
Արդեն երեք օր է՝ արտառոց իրավիճակ է Մեծ Շեն և Հին Շեն գյուղերում
Արդեն երրորդ օրն է՝ արտառոց իրավիճակ է նաև Բերդաձորի ենթաշրջանի Հին Շեն ու Մեծ Շեն գյուղերում: Ադրբեջանական զինուժը մտել է հարյուրամյակներով հայկական ու ըստ եռակողմ հայտարարության էլ հայերին մնացած այս գյուղերի տարածքներ, փակել Մեծ Շենից դեպի Հին Շեն տանող ճանապարհը։ երեք օր է՝ Հին Շենը շրջափակման մեջ է։ Այնտեղ տասնյակ մարդիկ են ապրում, կանայք, երեխաներ:
Մեծ Շենի համայնքապետն ասում է ռուս խաղաղապահների են հրավիրել, եկել են փոքր կազմով. «Ռուսները ոչ մի բան. բանակցում են, ռուսներին էլ ասում են՝ մեր վերադասը հրամայել է, եկել ենք ստեղ, կհրամայեն հելնելու, կհելնենք, չէ, չէ»:
Երեկ Արցախի օմբուդսմենն էր փորձել տեղում հասկանալ իրավիճակը, ապա ֆեյսբուքյան գրառմամբ արձանագրել՝ Ադրբեջանը քաղաքական բարձր մակարդակի պայմանավորվածություններն է խախտում և կենսական սպառնալիք ստեղծում Հին Շենի բնակչության՝ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար։ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը, ըստ Մեծ Շենի համայնքապետի, միակ պաշտոնյան է, որ գնացել է իրենց մոտ. «Իրանք սաղ հեռախոսով իմանում են, բայց ոչ մեկ չի գալիս»:
Ինչո՞ւ է ադրբեջանական զինուժը փակել հայկական ճանապարհն ու ամրացել հայկական գյուղերի բարձունքներում, այս պայմաններում հնարավոր չէ՞ գոնե տարհանել շրջափակման մեջ հայտնված կանանց, երեխաներին՝ խաղաղ բնակիչներին. երրորդ օրն է այս հարցերին պատասխանող չի գտնվում։