Մատչելիության հղումներ

Ադրբեջանական ԶՈւ-ն երկու օր է հարձակողական գործողություններ է ձեռնարկում Արցախի հարավում. ՊՆ


Ադրբեջանական զինված ուժերը երկու օր է հարձակողական գործողություններ են ձեռնարկում Արցախի հարավում տեղակայված հայկական զինված ուժերի դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ՝ խախտելով նոյեմբերի 9-ի եռակողմ զինադադարի դրույթները, տեղեկանում ենք Հայաստանի ու Արցախի պաշտպանական գերատեսչությունների տարածած հաղորդագրություններից:

«Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները ձեռնարկում են համարժեք միջոցառումներ հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար», - նշված է Հայաստանի պաշտպանության նախարարության քիչ առաջ տարածած հաղորդագրությունում:

Հայտարարությամբ է հանդես է եկել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով. «Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքին: Վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է»։

Վարչապետի խոսնակը նաև նշել է. «Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։

Առավոտյան հաղորդագրությամբ էր հանդես եկել Արցախի պաշտպանության բանակը. «Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությունն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, իրականությանը չի համապատասխանում: Իրականությունն այն է, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»:

Փաստորեն, երկու օր է, Արցախի հարավում մարտական գործողություններ են, և օրվա ընթացքում «Ազատությունը» փորձեց լրացուցիչ տեղեկություններ ստանալ, սակայն Արցախի պաշտպանության բանակի լրատվական ծառայություն մեր հեռախոսազանգերը մնացին անպատասխան։

Ռուսաստանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությունը հաստատում է, որ հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել Հադրութի շրջանում, սակայն նշված է, որ այն տեղի է ունեցել երեկ՝ դեկտեմբերի 11-ին։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության երեկվա հաղորդագրության համաձայն, Հադրութի շրջանում հայկական ուժերի կրակոցից վիրավորվել է ադրբեջանցի մեկ զինվոր, իսկ որ օրերս էլ հայկական կողմից հարձակման էին ենթարկվել Azercell ընկերության աշխատակիցները, որոնք բջջային կապի սարքավորումներ էին տեղադրում։

Արցախի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանի հետ խոսել էինք մինչև Հայաստանի պաշտպանության նախարարության երեկոյան տարածած հաղորդագրությունը, նա սադրանք էր որակել ադրբեջանական կողմի գործողությունները։

«Եղել է պարզապես պրովոկացիա, և այդ պրովոկացիան կանխվել է: Այդ հատվածում, ըստ երևույթի չեն եղել խաղաղապահներ, բայց իրենք տեղեկացված են, և ես ավելի քան համոզված եմ, որ ապագայում նման պրովոկացիաները կլինեն հազվադեպ, թեպետ չի կարելի լրիվությամբ նրանց անտեսել և մտածել, որ չեն լինելու: Այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ հանգիստ է իրավիճակը և հետաքննությունն ընթանում է», - ասաց Բաբայանը:

Երևանում՝ վերլուծաբանների փոխանցմամբ, տեղի ունեցածը պարզորոշ ցույց է տալիս, որ Ռուսաստանի նախագահ Պուտինի հեղինակած զինադադարը և ռուսական խաղաղապահ առաքելությունը չեն կարողանում ամբողջովին կատարել ստանձնած պարտավորությունները, և Արցախի հայ բնակչության անվտանգությունը կարող են լիարժեք ապահովել միայն հայկական զինված ուժերը։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի խոսքով, տեղի ունեցածը Կրեմլի առաջին լուրջ ձախողումն է հետպատերազմյան Արցախում, սակայն էլ ավելի կարևոր է, որ հայտնի չէ՝ որքան կշարունակվեն վերսկսված մարտերն Արցախում։

Մեհրաբյանն ընդգծեց, որ Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում նշված հատվածը՝ Հին Թաղլար, Խծաբերդ, այն հատվածն է, ուր ռուս խաղաղապահներ չկան։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հրապարակած քարտեզում նույնպես այդ հատվածը դուրս է մնացել խաղաղապահների վերահսկողության գոտուց, և այժմ, փաստորեն, ադրբեջանական զինված ուժերը հարձակվում են հենց այդ ուղղությամբ։

ՌԴ ՊՆ կայքում հրապարակած քարտեզը՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին
ՌԴ ՊՆ կայքում հրապարակած քարտեզը՝ Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման մասին

«Այստեղ խնդիրն այն է, թե իսկ ինչո՞ւ այնտեղ չկան ռուս խաղաղապահներ, այստեղ ես կարծում եմ, որ կա համակարգման աշխատանքների մեծ բաց: Այդ հատվածում, այո, փաստորեն ռուսական խաղաղապահների բացակայությունն է հնարավորություն տվել ադրբեջանցիներին այդտեղ ինչ-որ մարտական գործողություններ իրագործել: Դա միանշանակ է», - նշեց քաղաքագետը:

Ե՛վ նոյեմբերի 9-ին ստորագրված Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հայտնի հայտարարությունում, և՛ դրանից առաջ ու հետո հնչած ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ նախագահ Պուտինի հայտարարություններում բազմիցս նշվել է, որ Մոսկվան պատրաստակամ է ապահովել զինադադարը և անվտանգությունը Լեռնային Ղարաբաղում։

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանն այսօր «Ազատության» հետ զրույցում ուշադրություն հրավիրեց, որ ադրբեջանական կողմի հարձակումը հաջորդել է դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած զորահանդեսին Ալիևի ու Էրդողանի հայտնի հայտարարություններին։

«Ալիևի ելույթն էլ ավելի ագրեսիվ էր, հիշեցրեց, որ Երևանը, Գեղարքունիքը և Սյունիքն իրենց հողներն են: Դա պարզ է՝ չէր կարող արձագանք չստանալ Ադրբեջանի բանակում: Երկրորդը՝ գիտեք, որ գրեթե բոլոր վիճելի հարցերը կապված Ղարաբաղում այդ շփման գծի ճշտման հետ՝ ադրբեջանցիների և հայերի միջև, գրեթե բոլոր հարցերը ռուսական կողմը լուծում է ի օգուտ ադրբեջանցիների, իրանք, պարզ է՝ ոգևորվում են դրանից էլ», - նշեց Գրիգորյանը:

XS
SM
MD
LG